Նորություններ

Եկամուտների հայտարարագրերի վերջնաժամկետները կերկարաձգվեն

📢 Կարևոր նորություն՝ եկամուտների հայտարարագրերի ժամկետների վերաբերյալ
Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան

Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը նպատակ ունի երկարաձգել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետները՝ արձագանքելով քաղաքացիների հնչեցրած մտահոգություններին։

🔹 Ի՞նչ է փոխվում.
➡️ 2024 թ․ եկամուտների համար հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը կլինի մինչև 2025 թ․ նոյեմբերի 1-ը։
➡️ 2025 թ․ եկամուտների համար՝ 2026 թ․ մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը։
➡️ Իսկ 2026 թվականից սկսած, հայտարագրման ժամանակահատվածը կսահմանվի մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։

📌 Նախագիծը նախատեսվում է ընդունել արտահերթ նիստով և արագացված ընթացակարգով արդեն այս ամսվա ընթացքում։

Սա լուրջ քայլ է՝ ուղղված գործընթացը քաղաքացիների համար առավել հասանելի ու հարմար դարձնելուն։ Մանրամասները կներկայացվեն նիստի ժամանակ։

Նորություններ

ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը

💻Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը՝ https://self-portal.taxservice.am/, որը հասանելի է վեբ տարբերակով։ Համակարգով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։

«Ես եմ» ազգային նույնականացման հարթակում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։

ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն:

«Ես եմ» hարթակում անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Ավելին՝ https://src.am/am/getNews/431

Accountant.am
Նորություններ

2023թ-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների ցանկ

ՊԵԿ կողմից հրապարակվել է 2023 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների ցանկը >>>

Նորություններ

Վիճակագրական հաշվետվություններ ներկայացնելու նոր կարգ

Հարգելի՛ վիճակագրական տեղեկություններ ներկայացնող (ռեսպոնդենտ)՝

Սույնով ՀՀ վիճակագրական կոմիտեն (Արմստատ) տեղեկացնում է Ձեզ առ այն, որ 2024թ.-ի փետրվարի 1-ից գործարկելու է Պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների հավաքման առցանց համակարգը (այսուհետ՝ ՀԱՄԱԿԱՐԳ) և դադարեցնելու է հաշվետվությունների՝ էլեկտրոնային փոստի միջոցով հավաքման  գործընթացը:

          Նշվածով պայմանավորված, Արմստատը, 2024թ.-ի փետրվարի  1-ից հետո 2024 թ.-ի հաշվետու և 2023թ.-ի տարեկան ժամանակաշրջաններին վերաբերող բոլոր պաշտոնական վիճակագրական հաշվետվությունները հավաքելու է ՀԱՄԱԿԱՐԳ -ի միջոցով՝ պահպանելով համապատասխան հաշվետվությունների ներկայացման ժամկետները:

Շնորհակալություն համագործակցության համար:

Accountant.am
Նորություններ

Առցանց անմաքս առևտրի շեմի փոփոխության վերաբերյալ հայտարարություն

Պետական եկամուտների կոմիտեն 2022թ․ մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ: Որոշմամբ սահմանվել է, որ այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։ Նշված որոշումը հրապարակվել է ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թվականի մարտի 31-ին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200 000 դրամ և (կամ) 30 կգ, հետևաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 31-ից, կգործի «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ 200 000 դրամի և (կամ) 30 կգ-ի շեմը։ Ավելին՝ այս հղումով...
Accountant.am
Նորություններ

2022-ի հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը: Ըստ հիմնավորման, սահմանափակումներ են դրվել նաև կանխիկ միջոցների ծախսային և եկամտային մասերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում՝ այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ: Մասնավորապես, նախագծով սահմանվել է, որ ՀՀ տարածքում անձանց միջև 2022 թ. հունվարի 1-ից ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը և այլ գործարքները իրականացվելու են անկանխիկ ձևով՝ աստիճանակարգված ձևով: Ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երևան քաղաքի և մարզերի միջև ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Այդ պատճառով անկանխիկ վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են ըստ վայրերի և սահմանվել են (Երևան, մարզկենտրոններ, այլ քաղաքային վայրեր) անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ: Մանրամասն
Accountant.am
ՆորություններՏեսանյութեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել շահաբաժիններից եկամտահարկի գումարները փոխհատուցելու նպատակով

Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով անձինք հարկային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը` 1️⃣եկամտային հարկի փոխհատուցման համար սահմանված ձևի դիմում, 2️⃣անձը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես, ՀՀ քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտը), իսկ օտարերկրյա քաղաքացիների և (կամ) քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ օտարերկրյա քաղաքացու անձնագիրը և (կամ) ՀՀ-ում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, 3️⃣հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձին վճարված շահաբաժինների և դրանցից պահված եկամտային հարկի վերաբերյալ տեղեկանք, 4️⃣հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք, 5️⃣կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումները հաստատող փաստաթուղթ, 6️⃣բաժնեհավաք (փայահավաք) կապիտալում կատարված փոփոխությունների վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարված գրառումը հավաստող գրանցամատյանի համապատասխան քաղվածք:
Accountant.am
Նորություններ

ՊԵԿ տեղեկացնում է

📢Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ: 📎Հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշման N3 հավելվածի դրույթները, մինչև ծրագրային համակարգի խնդրի ամբողջական կարգավորումը, հարկ վճարողներին առաջարկվում է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքում՝ ՀՀ տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, տեղափոխումը) պարտադիր կարգով իրականացնել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված) այլ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերով։ 📎Նշված փաստաթղթերը պետք է պարունակեն Օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան հաշվարկային փաստաթղթերում ներառվող տվյալները, բացառությամբ՝ հաշվարկային փաստաթղթի սերիայի և համարի: 📎Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ծրագրային համակարգի խնդիրների վերացման վերաբերյալ հարկային մարմինը կտարածի լրացուցիչ հաղորդագրություն: 📎Հարկ է նկատի ունենալ, որ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումը վերացնելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողը նախկինում դուրս չգրված և թղթային կրիչի վրա լրացված ուղեկցող փաստաթղթի փոխարեն էլեկտրոնային եղանակով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, որտեղ «Լրացուցիչ տվյալներ» դաշտում նշում է նախկինում դուրսգրման փորձի կատարման ժամանակը (րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարեթիվը), այնուհետև էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում և դուրս է գրում: 📎Հարկային մարմինը հորդորում է խստագույնս առաջնորդվել վերը նշվածով` բացառելով չփաստաթղթավորման դեպքերը և իրացման շրջանառությունների թերհայտարարագրումը:
Նորություններ

G7-ը «պատմական համաձայնության է» եկել եւ «հարկային հեղափոխություն» կատարել

«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն երկարամյա քննարկումներից հետո համաձայնության են եկել այսպես կոչված թվային հարկի՝ թվային տնտեսության ոլորտում անդրսահմանային ընկերությունների շահութահարկի ներդրման շուրջ: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, այս մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը՝ G7-ի իր գործընկերների հետ Լոնդոնում կայացած հանդիպումից հետո: ««Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները պատմական համաձայնության են եկել գլոբալ հարկային համակարգը բարեփոխելու համար՝ համաշխարհային թվային դարաշրջանին համապատասխանեցնելու նպատակով»,- ասել է Սունակը: Նորամուծության նպատակն է` վերջ տալ այն իրավիճակին, երբ ՏՏ խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են Apple-ը, Google-ը, Amazon-ը կամ Facebook-ը, հարկ են վճարում միայն իրենց գրանցման վայրում, բայց ոչ այն երկրներում, որտեղ նրանք եկամուտ են ստանում: Դա հանգեցնում էր նրան, որ շատ ընկերություններ իրենց կենտրոնական գրասենյակները գրանցում էին ավելի ցածր հարկեր ունեցող երկրներում: Բացի այդ, ենթադրվում է, որ խոշոր կորպորացիաների համար շահութահարկի միասնական դրույքաչափը պետք է կազմի առնվազն 15 տոկոս: Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ձեռք բերված համաձայնությունն անվանել է «հարկային հեղափոխություն»: «Սա շատ լավ նորություն է հարկային ասպարեզում արդարության եւ համերաշխության համար եւ վատ լուր է աշխարհի հարկային օազիսների համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ կորպորացիաներն այլեւս չեն կարողանա խուսափել իրենց հարկային պարտավորություններից: Զարգացած երկրների միջեւ համաձայնագիրն այժմ պետք է ընդունեն այլ պետություններ, օրինակ՝ G20-ը, որի հանդիպումը տեղի կունենա հուլիսին Վենետիկում: Աղբյուր՝ Banks.am
Նորություններ

Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել ՀՀ հարկային օրենսգրքում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի ներկայացմամբ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումը, որով սահմանվում է ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, դրանց վճարման ամսաթվի, ինչպես նաեւ եկամուտներից հաշվարկված եւ պահված շահութահարկի վերաբերյալ հարկային գործակալների կողմից անհատական տեղեկությունների ներկայացում հարկային մարմին: Նշվեց, որ ներկայում հարկային գործակալները մինչեւ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում միայն նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, դրանցից հաշվարկված, պահված եւ պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ: «Նախաձեռնության հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկիրը պետք է օգոստոսի 1-ից տեղեկություններ փոխանակի ԱՊՀ անդամ պետությունների հետ»,-ընդգծեց Մանուկյանը: Առաջարկվում է օրենքը տարածել 2020-ի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Նախաձեռնությունը ստացավ դրական եզրակացություն: Աղբյուր՝ Parliament.am