Շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմին վերադառնալու վերապահումներն ու ՀԴՄ կտրոն չտրամադրելու մոտիվացիան

Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը և օրենքին հետադարձ ուժ տալ։ Սակայն դրանից կարող են օգտվել միայն այն հարկ վճարողները, որոնք մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել գործող շեմը։ Սա ստիպում է մի շարք տնտեսվարողների հրաժարվել ՀԴՄ կտրոն տրամադրել՝ թաքցնելով իրական շրջանառությունը։

Կրկին 115 մլն դրամի շեմ՝ ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն

Հայաստանում գործող հարկային օրենսդրությամբ այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող են համարվում տնտեսավորող այն սուբյեկտները, որոնց

տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58.35 միլիոն դրամը։ Այն գերազանցելու դեպքում հարկ վճարողները մեխանիկորեն դառնում են ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) վճարող, որի պարագայում հարկային բեռն էականորեն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի համակարգի հարկային բեռն է: Մինչ այս տարվա սկզիբը շրջանառության հարկի առավելագույն շեմ էր սահմանված 115 մլն դրամը։ Ըստ Ֆինանսների նախարարության՝ այս համակարգում գործող սուբյեկտների թիվը 62-23 հազար է։ Նույն նախարարության հարկային փոփոխությունների նախագծով առաջարկվում է կրկին վերադառնալ 115 մլն դրամի շեմին։ Հարկային փոփոխությունների փաթեթում սա այն քիչ առաջարկներից էր, որը միանշանակ դրական ընդունվեց, սակայն դրա վերաբերյալ ևս կան վերապահումներ, որոնք վերաբերում են օրենքի հետադարձ ուժին։

Օրենքը հետադարձ ուժ կունենա միայն 58.35 միլիոն դրամը չգերազանցողների համար

Նշված նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի շեմը վերականգնել հետադարձ ուժով։ Այսինքն՝ 2019 թվականի հունվարի մեկից ուժի մեջ մտցնելու պայմանով, սակայն՝ միայն այն հարկ վճարողների համար, որոնք մինչև օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը։ Այլ խոսքով՝ նրանք, ովքեր այդ շեմը գերազանցած կլինեն, չնայած այն հանգամանքի, որ նոր շեմը կլինի 115 մլն դրամը, չեն համարվելու շրջանառության հարկ վճարողներ։ Այս մասին ապրիլի 1-ին հայտարարեց նաև Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստի ժամանակ։

«Իհարկե, մի վերապահում ենք կատարել նախագծում։ Եթե օրենքը ուժի մեջ մտնելու պահին հարկ վճարողը դեռևս չի հատել 58.35 մլն դրամի շեմը, ապա նրա համար շրջանառության հարկի շեմը դառնում է 115 մլն դրամ, հետևաբար՝ նա շրջանառության հարկի համակարգում գործելու ավելի երկար ժամանակ ունի։ Բայց բոլոր նրանք, ովքեր օրենքը ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ գերազանցել են 58.35 մլն դրամի գործող շեմը և ըստ այդմ՝ դարձել են ԱԱՀ վճարողներ, նրանց չենք վերականգնում շրջանառության հարկ վճարողի կարգավիճակում, որովհետև եթե նրանք դարձել են ԱԱՀ վճարողներ, արդեն իսկ հաշվառումը վարել են որպես այդպիսին, իրենց հետ գործարքի մեջ մտած գործընկերներին՝ հաճախորդներին, դուրս են գրել հարկային հաշիվ տեսակի հաշվարկային փաստաթուղթ, նրանց հնարավորություն են տվել կատարելու ավելացված արժեք հարկի գծով հաշվանցումներ։ Հետևաբար, շրջանառության հարկի շեմ վերադարձնելով՝ մենք խնդիրներ կստեղծենք դիմացի գործընկերի համար (հաճախորդների), որոնք որևէ մեղք չունեն, որ գործարք են կատարել այդ անձանց հետ։ Բացի այդ, մենք ինքներս էլ խնդիր կունենանք, որովհետև հարկային համակարգի տրամաբանությունը այնպիսին է, որ հարկման համակարգերը ներքևից դեպի վերև են»,- պարզաբանեց Արման Պողոսյանը։

Հստակեցվեց, որ եթե օրինակ, այս փոփոխությունները ուժի մեջ են մտնում այս տարվա հունիսի մեկից, այդ օրվա դրությամբ 50 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողը մնում է շրջանառության հարկի համակարգում, իսկ, օրինակ, 60 մլն դրամ շրջանառությունը ունեցողը դուրս է գալիս այդ համակարգից և դառնում ԱԱՀ վճարող։ «Նա արդեն դարձել է ԱԱՀ վճարող այն պահին, երբ գերազանցել է 58.35 մլն դրամի շեմը»,- հավելեց Ֆինանսների փոխնախարարը։

Ֆինանսների փոխնախարար. «Առաջարկվող փոփոխությամբ՝ վերականգնվում է հարկման հավասարության և արդարության սկզբունքը»

Արման Պողոսյանի տեղեկություններով՝ այս տարվա առաջին եռամսյակում դեռևս ոչ մի շրջանառության հարկ վճարող չի հատել 58.35 մլն դրամի շեմը։

115 մլն դրամին վերադառնալու ձգձգումը՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու մոտիվացիա

Դեռևս 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբերից հայտարարվեց, որ շրջանառության հարկի շեմը վերականգնվելու է մինչև 115 մլն դրամ։ Չնայած դրան՝ այս համակարգում գործող տնտեսվարողների համար այժմ անորոշ է, թե երբ օրենքի տեսք կստանա այս առաջարկը։ Հաշվի առնելով այս անորոշությունը և այն հանգամանքը, որ 58.35 միլիոն դրամի շեմը գերազանցողները դուրս են գալու շրջանառության հարկի համակարգից՝ տնտեսվարողների մի մասը ներկայում ամեն ինչ անում է իրական շրջանառությունը թաքցնելու համար, որպեսզի օրենքի ուժի մեջ մտնելու պահին գերազանցած չլինի 58.35 միլիոն դրամը։ Այլ խոսքով՝ հնարավորինս քիչ է ՀԴՄ կտրոն տպում։ Այսինքն՝ մի կողմից պետությունը անընդհատ հորդորում է պարտադիր ՀԴՄ կտրոն տրամադրել, մյուս կողմից՝ շրջանառության հարկի մասին այս անորոշությամբ մոտիվացիա է ստեղծում այդ կտրոնը չտրամադրելու։

Նիստին հնչեցված հարցին՝ հնարավո՞ր է շրջանառության հարկի վերաբերյալ փոփոխությունն առանձնացնել ընդհանուր հարկային փոփոխությունների նախագծի փաթեթից և օրենքն ընդունել, որպեսզի տնտեսվարողները չտուժեն ձգձգումների պատճառով, ֆինանսների փոխնախարարը պատասխանեց. «Մենք մտածել ենք այդ մասին։ Հույս ունենք, որ օրենքը հնարավորինս շուտ կընդունվի, սակայն երբեք ավելորդ շտապողականության կոչ չենք անում»։

Երեք համակարգ՝ հինգի փոխարեն

Հայաստանում ներկայիս հարկային օրենսդրության համաձայն գործում է հարկման 5 համակարգ։ Առաջինը՝ ինքնազբաղված անձանց հարկման համակարգը, որի տարեկան առավելագույն շրջանառության շեմը 9 մլն դրամն է, երկրորդը՝ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգը՝ մինչև 18 մլն դրամ շեմով, շրջանառության համակարգը՝ մինչև 58.35 մլն դրամ շեմով, որին հաջորդում է ավելացված արժեքի հարկի համակարգը։ Եվ վերջինը՝ հինգերորդը, արտոնագրային հարկման համակարգն է, որի շրջանակներում գործունեության որոշ տեսակ­­­ներով զբաղվող հարկ վճարողներն, առանց շրջանառության սահմանափակման, վճա­­­րում են արտոնագրային հարկ՝ հաստատուն գումար։

Ըստ Ֆինանսների նախարարության՝ համակարգերի այս բազմազանությունը անխուսափելիորեն հան­­­գեց­նում է մի շարք բացասական երևույթ­ների, որոնցից են, մասնավորապես՝ հարկային օրենսդրության բարդությունը, օրենսդրական երկիմաստությունները, տարընկալումները, անորոշություններն ու հակա­­­սությունները հարկային վարչարարության հետ կապված դժվարությունները, հետևաբար նաև՝ հարկային վարչարարության արդ­­յու­­նավետության ցածր մակարդակը։

Նախարարությունն առաջարկում է վերացնել արտոնա­գրա­յին հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտա­նե­կան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխա­րեն ներդնել մեկ միասնական՝ միկրո­ձեռ­­նար­կատիրության հարկ­ման համակարգ՝ սահ­մանելով, որ հարկման այս համակար­գից կարող են օգտվել ինչպես իրավա­բա­նա­կան անձինք և անհատ ձեռնարկատերերը, այն­պես էլ անհատ ձեռնարկատեր չհան­դի­սա­ցող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրաց­ման շրջանառության տարե­կան մեծու­թյունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:

Աղբյուր` Hetq.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները