Մայրության նպաստ

մայրության նպաստ

Ու՞մ է վճարվում մայրության նպաստ

Ովքե՞ր իրավունք ունեն ստանալ մայրության նպաստ ։ Մայրության նպաստի իրավունք ունեն գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, ինչպես նաև չաշխատող անձինք, որոնց համար, սակայն, մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, իսկ վարձու աշխատողների, ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մայրության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձից (եկամտից):

Մայրության նպաստ – հաշվարկման կարգը

Նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որում նշված է լինում հղիության և ծննդաբերության սկիզբն ու ավարտը: Վարձու աշխատողը թերթիկը ներկայացնում է գործատուին, իսկ

ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը թերթիկը և հարկային մարմնի կողմից տրված եկամուտների մասին տեղեկանքը ներկայացնում է սոցիալական ապահովության տարածքային կենտրոն, որի կողմից էլ կատարվում է մայրության նպաստի հաշվարկը:

Գործատուի կողմից մայրության նպաստի ճիշտ հաշվարկման համար անհրաժեշտ է ունենալ եկամուտների մասին ճշգրիտ տեղեկատվություն, որի համար վարձու աշխատողը հարկային մարմնից կարող է ստանալ ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք և ներկայացնել գործատուին: Քաղվածքում կարող է ներկայացված լինել նաև այլ գործատուների կողմից վճարված եկամուտը, որը նույնպես պետք է ներառվի մայրության նպաստի հաշվարկում:

Ուշադիր եղեք հաշվարկման կարգին

Հաշվարկում կատարած սխալների, եկամտային հարկում նշված եկամուտների հետ անհամապատասխանության կամ թերի եկամուտներով հաշվարկման դեպքում մայրության նպաստի վճարումը կարող է մերժվել:

Մայրության նպաստի հաշվարկման համար միջին ամսական աշխատավարձը ստանալու համար անհրաժեշտ է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների ընթացքում գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը՝ աշխատավարձ, հավելավճարներ, հավելումներ, պարգևավճարներ, նպաստներ, արձակուրդային վճարներ և այլն, բաժանել տասներկուսի: Ստացված գումարը պետք է բաժանել 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկել հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով: Իսկ բարդ ծննդաբերության դեպքում ներկայացվում է երկրորդ անաշխատունակության թերթիկը, և նույն սկզբունքով հաշվարկվում է նաև թերթիկում նշված օրերի համար մայրության նպաստը՝ հաշվարկի համար հիմք ընդունելով արդեն հաշվարկված միջին օրական աշխատավարձը: Մայրության նպաստից պահվում է եկամտային հարկ, իսկ սոցիալական վճարի պարտավորություն չի առաջանում: Վճարման ենթակա մայրության նպաստը գործատուն վճարում է առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Նույն վարձու աշխատողի համար հաջորդ մայրության նպաստը հաշվարկելու դեպքում հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Գործատուն հաշվարկում, վճարում է մայրության նպաստը, իսկ պետությունը փոխհատուցում է այդ գումարը նպաստի վճարման եկամտային հարկի հաշվին, իսկ եկամտային հարկը չբավականացնելու դեպքում մնացած գումարը փոխանցվում է գործատուի հաշվեհամարին՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և դիմումը ներկայացնելուց հետո:

Չմոռանաք

Ձևակերպել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ և ներկայացնել գրանցման հայտ, որպեսզի մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը հաշվարկվի և վճարվի երեխայի խնամքի նպաստ։

Օրինակ № 1

Վարձու աշխատողը աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակով՝ շաբաթական մինչև 20 ժամ տևողությամբ, նրա վճարման ենթակա ամսական աշխատավարձը կազմում է 37 500 դրամ, և նա չունի այլ գործատուի կողմից վճարված եկամուտ հաշվառման ենթակա տասներկու ամիսների ընթացքում: Աշխատել է յոթ ամիս, և նրա միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

52 000 * 7 = 364 000 / 12 = 30 333 դրամ

Հետևաբար՝ մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

46 875 / 30.4 * 140 = 215 872, որից պահվում է 20 % եկամտային հարկ՝ 43 174 դրամ:

Վճարման ենթակա մայրության նպաստը կազմում է 172 697 դրամ:

Օրինակ № 2

Վարձու աշխատողի աշխատավարձը կազմում է 150 000 դրամ: Կազմակերպությունում աշխատել է տասը ամիս, որոնց ընթացքում նրա համար հաշվարկվել է արձակուրդային վճար՝ 71 429 դրամ, մեկ անգամ ստացել է պարգևավճար պայմանագրային աշխատավարձի չափով: Հաշվառման ենթակա տասներկու ամիսների ընթացքում ստացել է եկամուտ այլ գործատուի կողմից՝ երկու ամիս ամսական 120 000 դրամի չափով:

150 000 * 9 + 75 000 (արձակուրդի ամսվա աշխատավարձը) + 71 429 + 150 000 + 120 000 * 2 = 1 886 429 / 12 = 157 202 / 30.4 * 140 =723 958, որից պահվում է 20 % եկամտային հարկ՝ 144 792 դրամ:

Վճարման ենթակա մայրության նպաստը կազմում է 579 167 դրամ:

Օրինակ № 3

Վարձու աշխատողը միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատակից է, և նրա ամսական աշխատավարձը կազմում է 100 000 դրամ:

Մայրության նպաստի հաշվարկման համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը, այն է՝ 46 875 դրամը:

46 875 / 30.4 * 140 = 215 872, որից պահվում է 5 000 դրամ եկամտային հարկ: Վճարման ենթակա մայրության նպաստը կազմում է 210 872 դրամ:

Օրինակ № 4

Չաշխատող անձը դիմել է սոցիալական ապահովության տարածքային կենտրոն՝ մայրության նպաստ ստանալու նպատակով:

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում: Չաշխատող անձին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափի հիսուն տոկոսը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) և բազմապատկվում 140-ով:

46 875 / 30.4 * 140 = 215 872, որից պահվում է 20 % եկամտային հարկ՝ 43 174 դրամ:

Վճարման ենթակա մայրության նպաստը կազմում է 172 697 դրամ:

Կիսվել՝
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները

[…] սահմանված կարգով տեղը աշխատող աշխատակիցը պետք է մայրության նպաստ ստանա 140 օրվա համար, որի ժամկետն է ապրիլի վերջ, և ֆիզում […]