Հղիության և ծննդաբերության նպաստ

Ռաֆիկ.

Հարկվու՞մ է արդյոք հղիության և ծննդաբերության նպաստը եկամտահարկով։ Խնդրում եմ տալ միայն հիմնավորված պատասխաններ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Հարգելի կոլեգա, ոչ, չի հարկվում եկամտահարկով:

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 7. Եկամուտ չհամարվող տարրերը
Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող պետական նպաստները, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության նպաստների.

Հ Ր Ա Հ Ա Ն Գ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
9. Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում և համախառն եկամտի մեջ չեն ներառվում.
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող նպաստները (բացառությամբ` հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի և արձակման նպաստների), մասնավորապես` պետական նպաստները (ընտանեկան նպաստ, երեխայի խնամքի նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստ), գործազրկության նպաստը, հղիության ու ծննդաբերության նպաստը, թաղման նպաստը.

Ռաֆիկ

Հարգելի Արսեն,
հղիության և ծննդաբերության նպաստը հարկվում է եկամտահարկով հետևյալ պատճառաբանությամբ.

Եկամտահարկի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ա) կետի համաձայն
բոլոր տեսակի նպաստները, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության նպաստների, սույն օրենքի իմաստով չեն համարվում եկամուտներ։
Այսինքն, ժամանակավոր անաշխատունակության նպաստները, այդ թվում նաև հղիության և ծննդաբերության նպաստը համարվում են եկամուտ։
Նույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված են համախառն եկամտից նվազեցվող եկամուտների ցանկը, որտեղ ժամանակավոր անաշխատունակության նպաստները, կամ էլ հղիության և ծննդաբերության նպաստը առանձին տողով, չեն ներառված։
Հետևաբար, Եկամտահարկի մասին ՀՀ օրենքի համաձայն անաշխատունակության նպաստները, այդ թվում նաև հղիության և ծննդաբերության նպաստը, համարվում են եկամուտ և հարկվում են եկամտահարկով։
Դուք միանգամայն ճիշտ եք նշել, որ հրահանգի համաձայն հղիության և ծննդաբերության նպաստը հարկման նպատակով եկամուտ չի համարվում, և, հետևաբար, հրահանգի համաձայն եկամտահարկով չի հարկվում։

Առկա է հակասություն 2 իրավական ակտերի դրույթների միջև։

Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24 հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտը՝ տվյալ դեպքում օրենքը։

Հետևաբար, հղիության և ծննդաբերության նպաստը հարկվում է եկամտահարկով։

Սամվել

Հարգելի Ռաֆիկ,
1. Նույն Եկամտահարկի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում բ) կետով “Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում փոխհատուցման վճարները” նվազեցվում են հարկվող եկամուտը որոշելիս:
2. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի հոդված 3-ում “Ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջոցով մասնակիորեն կամ ամբողջությամբ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՒՄ Է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:”

Հետևաբար, հղիության և ծննդաբերության նպաստը չի հարկվում եկամտահարկով։

Արսեն

Հարգելի Ռաֆիկ, շատ հաճելի է բանիմաց կոլեգայի հետ շփվելը:
Փորձեմ հուշել Ձեզ, որ հարկային հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն Իրավական ակտերի մասին օրենքով` նաև Հարկերի մասին օրենքով, որում մասնավորապես նշվում է.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 2
Եթե Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաև հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից (տեղական հարկերի դեպքում` նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից) կիրառվում են հարկ վճարողի օգտին:

Դուք կարող եք առաջնորդվել Հարկերի մասին օրենքի 2 հոդվածով
և չհարկել այդ գումարը, ու ոչ մի իրավական խնդիր ել չի առաջանա
Հարգանքներով Արսեն

M

Հարգելի կոլեգաներ, հղիության և ծննդաբերության նպաստը ՉԻ ՀԱՐԿՎՈՒՄ ԵԿԱՄՏԱՀԱՐԿՈՎ:

Կարո

Հարգելի կոլեգաներ,
եկամտահարկի հրահանգի մեջ նշված է`
9. Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում և համախառն եկամտի մեջ չեն ներառվում.
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող նպաստները (բացառությամբ` հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի և արձակման նպաստների), մասնավորապես` պետական նպաստները (ընտանեկան նպաստ, երեխայի խնամքի նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստ), գործազրկության նպաստը, հղիության ու ծննդաբերության նպաստը, թաղման նպաստը:

Այսինքն, հրահանգում այդ նպաստները նույնպես եկամուտ են համարվում, քանի որ փակագծերի մեջ գրված է բացառությամբ, դրանք հարկվում են եկամտահարկով, և ոչ մի հակասություն ասյտեղ չկա:

Սամվել

Եվ ավելին, բացի հղիության և ծննդաբերության նպաստից, իմ կարծիքով, չի հարկվում եկամտահարկով նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստներից ոչ մեկը (ոչ հիվանդության, ոչ պրոթեզավորման, ոչ առողջարանային բուժման, ոչ էլ ընտանիքի անդամի նպաստները) :

Ռաֆիկ

Հարգելի Արսեն,
նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր տված հանգամանալից պատասխանների համար։
Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել Հարկերի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության գ) կետի վրա։

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են`
ա) հարկային օրենսդրությամբ, որը բաղկացած է սույն օրենքից և առանձին հարկատեսակների մասին օրենքներից.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով` հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և սահմաններում.
գ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության (այսուհետ` հարկային տեսչություն), ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում պետական կառավարման այլ մարմինների կողմից ընդունված ակտերով` հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում և սահմաններում:

Հարկային օրենսդրությամբ կամ ՀՀ կառավարության որևէ որոշմամբ հարկային տեսչությանը իրավասություն չի վերապահված սահմանելու եկամուտ համարվող կամ եկամուտ չհամարվող տարրերը։ Դրանք սահմանված են Եկամտահարկի մասին ՀՀ օրենքով։
Հետևաբար, հրահանգի դրույթը հղիության և ծննդաբերության նպաստը հարկման նպատակով եկամուտ չհամարելու մասին, ի սկզբանե ապօրինի է։

Ես, այնուամենայնիվ կհետևեմ Ձեր խորհրդին և հիմք կոնդունեմ Ձեր նշած պարբերությունը։

Հարգելի Սամվել
Ես համաձայն կլինեի Ձեր տված հիմնավորման հետ, եթե չլիներ “Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում” արտահայտությունը։ Եթե ընդունենք, որ հղիության և ծննդաբերության նպաստը փոխհատուցում է, ապա ՀՀ օրենսդրությամբ այդ փոխհատուցման համար (ինչպես օրինակ կառ. 13.02.02 թիվ120 որոշմամբ դիվանագետների համար սահմանված ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման առավելագույն չափերը) այդպիսի նորմաներ չեն սահմանվել։

Սամվել

Հարգելի Ռաֆիկ,
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի հոդված 22-ի 2-րդ կետում նշված է “չարաբաստիկ” ՀՆԳԱՊԱՏԻԿ բառը, որը հենց նորմա է:

Հոդված 22
2.Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:

Եթե նույնիսկ այս օրենքը վերանայեն, կարծում եմ, որ մենք անկախ ամեն ինչից միշտ էլ ունեցել ենք նորմա, քանի որ հենց օրենքում է ամրագրված նպաստի հաշվարկման բանաձևը:

Արտակ

Հարգելի Ռաֆիկ, քանի որ եկամտահարկի հրահանգը գերատեսչական նորմատիվ ակտ է, որը ընդունվել է ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ, ապա այն պարտադիր կիրառման ենթակա է հենց հարկային տեսչության կողմից:

Gayane

Հարգելի կոլեգաներ, ես գրություն եմ ուղարել ՊԵԿ այս հարցի պարզաբանման համար և ստացել եմ հետևյալ պատասխանը`

դեկտեմբերի 25-ին ստացված հարցի վերաբերյալ.
“Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին” հրահանգը և հրահանգի հավելված 1-ով սահմանված հաշվարկը համապատասխանեցվելու են 2010թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած “Եկամտահարկի մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի փոփոխված դրույթներին, որոնք գերակայում են մինչ այդ հրահանգով սահմանված դրույթների նկատմամբ: Այսինքն 2010թ. դեկտեմբերի 1-ից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերով հղիության և ծննդաբերության նպաստները` որպես ժամանակավոր անաշխատունակության նպաստ, հարկվում են եկամտահարկով և հաշվարկում արտացոլվում են նպաստի վճարման համապատասխան ամսվա սյունակում:

Ուղղակի հարկերի ընթացակարգերի բաժին
594646
28.12.2010