Մարի.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Տվյալ գործատուի մոտ մինչև երեք տարվա ստաժ ունենալու դեպքում աշխատողին Հոդված 113- 3-րդ հիմքով ազատելիս ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը, և արդյո՞ք աշխատողն իրավունք ունի դրանից զատ պահանջել նաև ազատման նպաստ: Խնդրում եմ պատասխանել հնարավորինս արագ: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Մարի,
վերջնահաշվարկ անելիս պետք է վճարել աշխատավարձ, կուտակված արձակուրդների փոխհատուցում:
Համաձայն ԱՕ 129 հոդվածի`
Արձակման նպաստը
1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում` 10 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում` 25 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում` 30 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում` 35 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում` 44 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով: