Հաշվապահական հաշվառումը ունի մոտ վեց հազար տարվա պատմություն:Հաշվառման ծագումը կապված է մարդու տնտեսական գործունեության հետ:Սկզբնական շրջանում հաշվառումը իրականացվել է հաշվետախտակների վրա` կետերի ու գծիկների միջոցով: Այս շրջանում տեղի էր ունենում միասեռ հաշվառում,որը վերարտադրում էր տնտեսական գործունեության փաստերը չափման այն միավորներով,որոնցով դրանք առաջանում էին:Այսպիսի հաշվառման օրինակ է ընտանի կենդանիների գլխաքանակի հաշվառումը:Իսկ հին եգիպտացիները իրենց հաշվառումը վարում էին պապիրուսի վրա` կարմիր ու սև ներկերով:Նրանց հաշվառման հիմնական եղանակը գույքագրումն էր,որը մ.թ.ա.3400-2980թթ կատարվում էր երկու տարին մեկ անգամ`երկրի` փարավոնին պատկանող ամբողջ շարժական ու անշարժ ունեցվածքը հաշվելու նպատակով:Այս իմաստով,
Հին Եգիպտոսը կարելի է համարել գույքագրման ծագման հայրենիքը:
Հետագայում հաշվառումը զարգանում է Հին Հռոմում:Այստեղ պետությունը հաշվառման միջոցով վերահսկում էր շինարարական ծախսերը:Հաշվառման արդյունքների հիման վրա կազմվում էին հաշվետվություններ և ուղարկվում Հռոմ,որտեղ գործում էր այդ հաշվետվությունները լսողների(քննողների)ինստիտուտ:Լսել`Audiere` բառից էլ առաջացել է “աուդիտոր” բառը:
Բաբելոնում աշխատանքների ղեկավարները նույնպես կազմում էին հաշվետվություններ, որոնք ստուգվում էին համաձայն կատարված աշխատանքների կարգագրերի: Հատկանշական է, որ հսկողությունը տարածվում էր արտադրանքի թողարկման համար ծախսվող հումքի և նյութերի վրա: Պահպանվել են հաշվետվություններ Բաբելոնում մանածագործական արհեստանոցների աշխատանքների վերաբերյալ:
Բաբելոնը առաջին պետությունն էր, որտեղ առաջացավ հատուկ օրենսդրություն: Համմուրաբիի օրենքները նախատեսում էին, որ առևտրականները պետք է վարեն ինքնուրույն հաշվառում, տաճարները` պետական հաշվետարություն, իսկ դրամի հանձնումը առանց ստացականի համարվում էր չեղյալ: Հետևաբար, հաշվառման օրենսդրական կարգավորումը նպատակ ուներ հսկողություն իրականացնել տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ` հարկերի` ժամանակին և ամբողջությամբ վճարելու համար:
Իսկ հրեաները իրականացնում էին ինքնուրույն հսկողություն սեփական գործառնությունների նկատմամբ: Աստվածաշնչում նշվում է Սողոմոն թագավորի` առևտրական հարաբերություններում գտնվող սուբյեկտների վերաբերյալ արտահայտությունը. հաշվարկի´ր և գնահատի´ր ինչ տալիս ես, իսկ ինչ ստանում ես` գրի´ առ:
Պարսկաստանի հսկայական ու բազմազգի կայսրությունում մշտապես գործող բանակը պայմանավորեց խիստ հսկողություն իրականացնող ապարատի պահանջմունքը: Այդ կայսրությունում հսկիչները վարում էին ոչ միայն թափանցիկ, այլ նաև գաղտնի հաշվառում: Հսկիչներին անվանում էին “թագավորի աչքերն ու ականջները”:
Չինաստանում մ.թ.ա. VII դարում ներդրվեց գլխավոր աուդիտորի պաշտոնը, որի հիմնական պարտականությունն էր պետական միջոցները տնօրինող այրերի նկատմամբ վերահսկողությունը:
Հին Հունաստանում հատուկ ուշադրություն էր դարձվում սեփականության պահպանման հսկողությանը: Հույները գողությունը դիտում էին որպես նյութական վնաս և ստեղծում էին այնպիսի պայմաններ, որ պետությանը շահավետ էր լինում արժեքների պակասորդը: Կարևորը այն էր, որ “հափշտակողը” վճարունակ լիներ, այդ պատճառով նյութական պատասխանատու անձինք նշանակվում էին հարուստ խավից: Ընդ որում, եթե պակասորդը դիտվում էր որպես գողություն, ապա փոխհատուցումը պետք է կատարվեր տասնապատիկի չափով:
Հաշվապահական հաշվառման պատմության մասին կարող եք կարդալ նաև այս հոդվածում…
Աղբյուր` accountant.am
Հետաքրքիր մոտեցում ունեին հին հույները:
Տեսնես՝ մի օր ե՞րբ իմ մոտ էլ հաշվապահությունը կսկսի ծնվել և զարգանալ: