Սաթեն.
Խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունն ապրանքներ է ներմուծում Հայաստան Չինաստանից: Ինվոյսում առանձին տողերով նշվում են ապրանքի արժեքը և տեղափոխման արժեքը: Տեղափոխումը կատարվում է DHL-ի կողմից: Մաքսային հայտարարագրում որպես ներմուծող նշվում է մեր կազմակերպության անվանումը:
– Արդյո՞ք իրականացվում է արտաքին տնտեսական գործունեություն
– Շահութահարկ պե՞տք է պահեմ ոչ ռեզիդենտից
Հարգելի Սաթեն, իմ կարծիքով “Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին” հրահանգի օրինակ 2-ը վերաբերում է Ձեր դեպքին:
Օրինակ 2. Ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կնքված պայմանագրի համաձայն ոչ ռեզիդենտը իրականացնում է ապրանքների անմիջական մատակարարում Աթենքից (Հունաստան) դեպի Երևան (Երևան): Բեռնային մաքսային հայտարարագրից հետևում է, որ այդ ապրանքները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն ռեզիդենտի կողմից: Պայմանագրի համաձայն ոչ ռեզիդենտի կողմից ռեզիդենտին ներկայացված հաշիվ-ապրանքագրի (invoice) հիման վրա ռեզիդենտը ոչ ռեզիդենտին վճարում է 10000 ԱՄՆ-ի դոլար, որից`
– 8000 ԱՄՆ-ի դոլար` ապրանքների դիմաց,
– 1300 ԱՄՆ-ի դոլար` ապրանքների տեղափոխման համար,
– 500 ԱՄՆ-ի դոլար` ապրանքների ապահովագրման համար,
– 200 ԱՄՆ-ի դոլար` մինչև Հայաստանի Հանրապետության տարածք ներկրումը մաքսային ձևակերպումների համար:
Տվյալ դեպքում այդ գործունեությունից ոչ ռեզիդենտի ստացած եկամուտները (10000 ԱՄՆ-ի դոլար) համարվում են արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներ և, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունում հարկման ենթակա չեն:
Սույն օրինակում` եթե ապրանքներ մատակարարող ոչ ռեզիդենտին վճարվում է միայն ապրանքների արժեքը և մինչև Հայաստանի Հանրապետության տարածք հատելը մաքսային ձևակերպումների համար փոխհատուցում, իսկ ապրանքների տեղափոխումը և ապահովագրումը իրականացվել է այլ ոչ ռեզիդենտի (ոչ ռեզիդենտների) կողմից, ապա որպես արտաքին տնտեսական գործունեություն համարվելու է միայն ապրանքներ մատակարարող ոչ ռեզիդենտի ստացված եկամուտը (8200 ԱՄՆ-ի դոլար):