Արամ.
Բարև ձեզ։ Ես պատրաստում եմ 3D մոդելներ և արտասահմանյան կայքերում վաճառում եմ դրանք։ Կայքերում վաճառքից հետո ես ստանում եմ վաճառված գնի 50 %-ը, իսկ մնացածը կայքը պահում է անում որպես “Tax”: Կասե՞ք՝ ինչպե՞ս անեմ, որ իմ եկամուտը գրանցվի, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:
Իսկ պայմանագիր ունե՞ք իրենց հետ կամ գոնե փոխադարձ հաշվարկների, պահումների հետ կապված թեկուզ էլեկտրոնային փաստաթուղթ ունե՞ք, որ այստեղ հիմնավորեք, որ դրսում հարկ են պահում, գումարած, թե այդ կայքը որ երկրում է գրանցված, սրանք կարևոր հարցեր են: Իսկ հարկատու գրանցվելու համար պետք է ունենալ ID քարտ, պետք է էլ. ստորագրությունը ակտիվացնել՝ վճարելով 3 000 դրամ, նաև ունենալ էլ. ստորագրության սարք ու ծրագրերը:
Ֆիզիկական անձը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար իր բնակության կամ հաշվառման վայրի հասցեն սպասարկող հարկային (տարածքային) տեսչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) ՀՎՀՀ-ի տրամադրման մասին` ֆիզիկական անձի կողմից հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:
Հանրային ծառայությունների համարանիշի համարը գրված է ID քարտի վրա, եթե չունեք, ապա հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը: Փաստաթղթերի ստացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողին տրամադրվում են ՀՎՀՀ-ն և հարկ վճարողի հաշվառման վկայականը: Էլեկտրոնային եղանակով հաշվառման կանգնելու դեպքում հարկ վճարողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հարկ վճարողի հաշվառման վկայականի էլեկտրոնային տարբերակը: Փաստաթղթերը հարկային մարմին կարող են ներկայացվել թղթային կրիչով կամ էլեկտրոնային եղանակով՝ տեղեկատվական համակարգի միջոցով: Էլեկտրոնային թվային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով հարկային հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե նոտարները, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, դիվանագիտական ներկայացուցչությունները և մշտական հաստատությունները տեղեկատվական համակարգում համացանցի միջոցով լրացնում են դիմումի համար անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթուղթը հաստատում են էլեկտրոնային ստորագրության միջոցով:
Կայքում ամեն ինչ ցույց է տալիս՝ և՛ հարկերը, և՛ վաճառքի քանակը։ Իսկ այդ կայքը ԱՄՆ-ում է։
Կայքից պետք է դուրս բերել այդ տվյալները, քանի որ այստեղ հարկային հաշվետվությունների ներկայացման համար կարևոր են: Իսկ մենք ԱՄՆ-ի կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագիր չունենք: