Tag: մաքսատուրք

Ներմուծում Իրանից

Նիկո․

Բարև Ձեզ, որ խնդրեմ կասե՞ք՝ եթե Իրանից ներմուծենք տոմատի մածուկ, ի՞նչ հարկեր ունենք վճարելու (տոկոսներով), և ԱԱՀ -ով աշխատելու դեպքում ինչպե՞ս է կատարվում դրա հետվերադարձը։

Ապրանքի ներմուծում Չինաստանից

Արգիշտի․

Բարև ձեզ։ Ուզում եմ իմանալ՝ Չինաստանից ապրանք պատվիրելու դեպքում ի՞նչ քանակության և ի՞նչ արժողության դեպքում ենք պարտավորվում մաքսազերծել ապրանքը։

Հաստոցի ներմուծման ձևակերպումներ

Նարե․

ԱԱՀ վճարող կազմակերպությունը 2021թ.-ի նոյեմբերին ՀՀ-ում ներմուծում է վարչական նպատակով օգտագործման համար նախատեսված հաստոց 1 500 դոլարով: Գնման օրը ՀՀ Կենտրոնական Բանկում սահմանված 1 դոլարի փոխարժեքը՝ 425 դրամ է:

Մաքսազերծման համար վճարվել է մաքսատուրք 60 000։ Այդ ընթացքում կազմակերպության տարածքում կատարվում էր վերանորոգում, և նոր հաստոցը 1 ամիս պահվել է այլ տեղում, որի համար վճարվել է 30,000 դրամ: Այնուհետև նոր հաստոցը տեղափոխվել է կազմակերպություն և տեղակայվել է 2021 թ.-ի դեկտեմբերի 31-ին, իսկ շահագործումը սկսվել է 2022 թ.-ի մայիսի 4-ին։ Տեղակայման համար ծախսվել է 82,000:

Պահանջվում է տալ համապատասխան ձևակերպումները և հաշվարկել, թե ինչ արժեքով պետք է արտցոլվի հաստոցը 2022 թ. ֆինանսական հաշվետվություններում:

Բեռնատար մեքենայի ներմուծում և արտահանում

Արմեն․

ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը բեռնատար մեքենա է ներմուծել Վրաստանից, որի համար ներմուծման ժամանակ գործում է արտոնություն, ներմուծման ԱԱՀ չի առաջանում, վճարվում է միայն մաքսատուրք 10 %: Հարցը հետևյալն է․ եթե կազմակերպությունը արտահանում է այդ բեռնատար մեքենան ՌԴ, ապա արդյո՞ք այդ դեպքում գործում է ԱԱՀ զրոյական դրույքաչափը, և առաջանում է միայն շահութահարկ ձեռքբերման գնի և վաճառքի գնի տարբերության մասով։ Առհասարակ, ի՞նչ նրբություններ կան այս հարցի հետ կապված։ Շնորհակալություն։

Ներմուծում երրորդ երկրից

Վաչե․

Բարև Ձեզ։ Ես ունեմ ԱՁ, գործում է շրջանառության հարկի դաշտում։ Հիմա ուզում եմ ապրանք ներմուծել Հայաստան 3-րդ երկրից ներքին սպառման համար։ ԱԱՀ վճարելու՞ եմ այդ դեպքում։ Ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ինչպե՞ս կարող եմ հաշվարկել մաքսատուրքը “Դեզոդորանտներ և հակաքրտինքային միջոցներ” ապրանքի համար։

ԱԱՀ հաշվարկի լրացման վերաբերյալ

Կատյա․

Բարև ձեզ։ ԱԱՀ-ի հաշավարկի մեջ հարկման բազան ավտոմատ կերպով լրացվում է մաքսային արժեքը։ Այդ թվին պե՞տք է գումարել նաև մաքսատուրքը (ԱԱՀ-ից ազատված է)։

Ի՞նչ հաշիվ դուրս գրել

Լիանա․

Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ներմուծել է էլեկտրական մեքենա, որի համար վճարել է միայն մաքսատուրք։ Ցանկանում է անցնել հարկման ընդհանուր համակարգի։ Ընդհանուր համակարգի անցնելուց հետո վաճառելու է մեքենան։ Այս դեպքում հաշիվ վավերագիր պետք է դուրս գրել, թե՞ հարկային հաշիվ։

Որքա՞ն կկազմի մաքսավճարը

Արթուր.

Համակարգիչ հավաքելու համար մասեր եմ ցանկանում ներմուծել, ընդհանուր գումարը amazon.com-ով գալիս է մոտ 750 000 դրամ։ Որքա՞ն մաքսավճար պետք է կատարեմ։

Արդյո՞ք կգոյանա մաքսավճար

Anjelika.

Բարև Ձեզ։ Amazon-ից ցանկանում եմ ականջակալներ պատվիրել, Globbing-ի միջոցով, կցանկանայի իմանալ՝ մաքսավճար կգոյանա՞ այդ դեպքում, թե՞ միայն առաքման գումարն է ենթակա վճարման:

Ներմուծում Չինաստանից

Սևակ․

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ Չինաստանից ներմուծված ապրանքների մաքսազերծման գների հետ։

Ինչպե՞ս են որոշում մաքսային արժեքը

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարող կազմակերպությունը Վրաստանից ավտոմեքենա է ձեռք բերել 4 000 ԱՄՆ դոլլարով, որը համարժեք է 1 584 000 ՀՀ դրամի։ Մաքսային արժեքը նշված է 1 800 000 ՀՀ դրամ։ Կասե՞ք՝ ինչի՞ց է տարբերությունը, և ավտոմեքենայի մաքսային արժեքը ինչպե՞ս են որոշում:

Տեխնիկայի գնում ԱՄՆ-ից

Անի․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն իր քարտային հաշվից կատարում է, օրինակ, տեխնիկայի գնում ԱՄՆ-ից, կարո՞ղ է ապրանքը ստանալ փոստից, ինչպես ֆիզ անձանց դեպքում է, թե՞ հատուկ կարգ կա, և ինչպե՞ս է մաքսազերծում կատարվում ու վճարվում ԱԱՀ:

Մաքսատուրքի դրույքաչափ

Հովհաննես.

Ցանկանում եմ իմանալ՝ (5092 1941 8097 1619 ապրանքային կոդով ապրանքներ) արդյո՞ք այս կոդով ապրանքի համար վճարվելու է մաքսատուրք: Եթե կարելի է՝ նշեք նաև մաքսատուրքերի դրույքաչափերը։

Արդյո՞ք վճարվելու է մաքսատուրք

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի հարց. անհատ ձեռնարկատերը, ով գործում է շրջանառության հարկի դաշտում, ցանկանում է Ճապոնիայից ներմուծել 2106909809 ապրանքային կոդով ապրանքներ: Ցանկանում եմ իմանալ՝ արդյո՞ք այս կոդով ապրանքի համար վճարվելու է մաքսատուրք: Եթե կարելի է՝ նշեք նաև մաքսատուրքերի դրույքաչափերը ո՞ր իրավական ակտով են սահմանված։

ԱՄՆ-ից նոթբուքի ներմուծում

Մանվել․

Բարև ձեզ։ ԱՄՆ-ից 250-400$ արժողությամբ նոթբուք ներկրելիս ի՞նչ չափի մաքսավճար կառաջանա։ Եթե հնարավոր է՝ կասե՞ք մոտավոր բանաձևը, որով կարող եմ ես հաշվել։ Նախօրոք շնորհակալություն։

Ծխախոտի մաքսազերծում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ ֆիզ. անձն անձնական օգտագործման համար պատվիրել է ծխախոտ (սիգարիլլաներ) 200 հատիկ: Պարզվել է, որ թույլատրելի չափաքանակն փոխվել է՝ առաջվա 200-ի փոխարեն դարձել է 50: Մաքսայինում զննելուց հետո պահել են: Ֆիզ. անձն նաև Ա/Ձ է: Ներմուծված ապրանքն այդ քանակով օրենքով չի համարվում անձնական օգտագործման: Հնարավո՞ր է խախտնան համար տուգանք վճարել և մաքսազերծել որպես Ա/Ձ՝ ակցիզային հարկ վճարելով:

Ներմուծման հայտարարագրի ճշգրտում

Նարեկ.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը 3-րդ երկրից ներմուծում է կատարել, որի ժամանական վճարել է ԱԱՀ և մաքսատուրք։ Մի քանի ամիս անց կատարվել է ներմուծման հայտարարագրի ճշգրտում, որից հետո նվազել է ԱԱՀ-ն և մքսատուրքը։ Կասե՞ք` ինչպե՞ս պետք է ճշգրտեմ ԱԱՀ-ի հաշվետվությունը:

Արտահանման ԱԱՀ

Յանա.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող կազմակերպություն ենք, արտահանման ժամանակ վճարել ենք լրացուցիչ ԱԱՀ (մաքսատուրքից առաջացած)։ Այդ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ո՞ր դաշտում պետք է արտացոլվի մեր կողմից վճարված ԱԱՀ-ն։ Կանխավ շնորհակալություն։

Հագուստի ներմուծում Չինաստանից

Սեդա.

Բարև ձեզ։ Ինձ մի հարց է հետաքրքրում։ Ես իրավաբանական անձ եմ, ունեմ ԱՁ, ցանկանում եմ Չինաստանից ներկրել հագուստ վաճառքի նպատակով։ Կասեք խնդրեմ՝ ինչպե՞ս է հաշվարկվում մաքսազերծման պրոցեսը, գիտեմ որ բերված ապրանքի 15%-ն է, բայց ինչպե՞ս են դա անում, ըստ քաշի, թե՞ այլ։ Նախապես շնորհակալ եմ։

Տերմինալների ներմուծում

Արամ․

Որպես իրավաբանական անձ, վճարային տերմինալներ ներմուծելու դեպքում, ինչպե՞ս է հաշվարկվում դրանց մաքսազերծումը։

Հեղուկ գազի ներմուծում

Օֆելյա․

Բարև ձեզ։ Ցանկանում եմ իմանալ՝ ՌԴ-ից հեղուկ գազի ներմուծման դեպքում ի՞նչ հարկ պետք է վճարել (Շահութահարկ, ԱԱՀ) և ինչպե՞ս է դա հաշվարկվում։ Նախապես շնորհակալություն։

Ներմուծում ԱՄՆ-ից

Բարև ձեզ։ ԱՄՆ-ից 900-950$ արժողությամբ նոթբուք ներկրելիս ի՞նչ չափի մաքսավճար կառաջանա։

Սուրճի ներմուծման դեպքում

Մանուկ.

Կանաչ սուրճի ներմուծումը հարկվու՞մ է ԱԱՀ-ով ու մաքսատուրքով։

Ներմուծում Չինաստանից

Վարդուհի.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել՝ Չինաստանից պատվիրված 3կգ բեռի համար ինչքա՞ն մաքսատուրք պետք է վճարվի։ Այն անձնական օգտագործման համար է։

Ներմուծում 3-րդ երկրից

Ալբերտ․

Ֆինանսատնտեսական ոլորտի, հարգելի մասնագետներ,
Ա/Ձ հանդիսացող ֆիզիկական անձը, որը հարկային ծառայությունում հաշվառված է որպես շրջանառության հարկ վճարող, ԵՏՄ երկիր չհանդիսացող՝ երրորդ երկրներից, ներ է մուծել ապրանք: Արդյո՞ք ապրանքը մաքսազերծելու համար վճարվում է ԱԱՀ և մաքսատուրք:
Եթե այո, ապա ո՞ր դեպքում կամ դեպքերում:

Առցանց անմաքս առևտրի շեմի փոփոխության վերաբերյալ հայտարարություն

Պետական եկամուտների կոմիտեն 2022թ․ մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ:

Որոշմամբ սահմանվել է, որ այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։

Նշված որոշումը հրապարակվել է ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թվականի մարտի 31-ին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200 000 դրամ և (կամ) 30 կգ, հետևաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 31-ից, կգործի «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ 200 000 դրամի և (կամ) 30 կգ-ի շեմը։

Ավելին՝ այս հղումով…

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արթուր.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ձևակերպման պահով։ Ուրեմն` Ավստրիայի կազմակերպության հետ ունենք պայմանգիր, որ հումքը ուղարկում են, մենք պատրաստի արդատրանքը հետ ենք ուղարկում իրենց, այսինքն` վերամշակում, հետ ենք ուղարկում: Բայց, երբ ապրանք ստացանք, մի քանի ապրանքներ ձևակերպվեց մաքսայինով որպես սովորական ներմուծում և առաջացավ ԱԱՀ և մաքսատուրք, որը մուծեցինք, հիմա էն որ որպես սովորական ներմուծում են արել մեր մոտ ո՞նց տանք հաշվապահական ձևակերպումները, որովհետև մենք չենք վճարել իրանց, որի դիմաց իրանք դա մեզ տվել են, ուղղակի այլ տարբերակ չկար, տենց են ձևակերպել։ Ու նաև դեռ մենք հետ չենք ուղարկել պատրաստի արտադրանքը։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Գոհար.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ձեռք է բերել է էքսկավատոր՝ լիզինգի պայմանագրով, տրանսպորտային միջոցը ներկրվել է դրսից, վճարվել մաքսատուրք, ԱԱՀ, վառելիքի ծախս, գործուղում: Խնդրում եմ օգնեք ձևակերպումների հարցում:

Ներմուծում 3-րդ երկրից

Ռոբերտ.

Բարև Ձեզ։ Ներմուծել եմ համակարգչի մաս` 3-րդ երկրից։ Ուզում եմ իմանալ` մաքսային ձևակերպումները կարո՞ղ եմ կատարել ինքս։

3-րդ երկրից ներմուծում

Արմեն.

Բարև Ձեզ։ 3-րդ երկրից ներմուծման դեպքում ԱԱՀ հաշվետվության մեջ ներմուծված ապրանքի գին գրում եմ ինվոյսայի՞ն արժեքը, թե՞ գումարում եմ նաև մաքսատուրքը:

Հայրենադարձ լինելու դեպքում

Артур.

При репатриации на Родину (в Армению) что можно привезти с собой без таможенных пошлин?

Ապրանքի հայտարարագրում

Բարև Ձեզ: Ես aliexpress կայքից պատվիրել եմ փոքրիկ ստերիլիզատոր անձնական օգտագործման համար։ Այժմ արևմտյան մաքսատանը՝ Կարգոյում, պահանջում են, որ հայտարարագրեմ ապրանքս, բրոքեր վարձեմ և այլն։ Հարցս՝ եթե այդ ապրանքը պատվիրել եմ անձնական օգտագործման համար, 1 հատ է և չկա ոչ մի խոսք առևտրային քանակի մասին, արդյո՞ք ես պարտավոր եմ ներկայացնել հայտարարագիր տվյալ ապրանքի համար և ծախսել ապրանքի գնին հավասար գումար բրոքեր վարձելու և մաքսազերծելու համար:

Ներմուծում Չինաստանից

Ռաֆայել.

Բարև ձեզ: Ես կահույք, մահճակալ եմ գնել Չինաստանից անձնական օգտագործման համար, որի գինը 750$ է: Խնդրում եմ կասե՞ք` որքա՞ն է կազմելու մաքսազերծումը, բեռնափոխադրման համար վճարել եմ 380$:

Ապրանքի ներմուծում ՌԴ-ից որպես ֆիզ. անձ

Ռոբերտ.

Հարգելի հաշվապահներ, ՌԴ-ից որպես ֆիզ. անձ որևէ ապրանք ներմուծելու դեպքում արդյոք այդ ապրանքի համար պետք է վճարել մաքսատուրք և ԱԱՀ: Շնորհակալություն:

Ներմուծում Չինաստանից և ՌԴ-ից

Անի.

Ողջույն բոլորին։ ԱՁ-ն ցանկանում է Չինաստանից, ՌԴ-ից պատվիրել ապրանքներ։ Ապրանքները հիմնականում շատ քիչ ծավալով են լինում, իսկ պատվերների ինտենսիվությունը շատ։ Օրենքում նշված է, որ ֆիզ. անձը կարող է ներմուծել մինչև 31 կգ, 200 եվրո արժեքով ապրանքներ: Այս իմաստով ԱՁ-ն նույնպես համարվում է ֆիզ. անձ, և արդյո՞ք օրենքը տարածվում է ԱՁ-ի վրա։ Ինչպես նաև տվյալ քանակից ավելիի դեպքում ԱՁ-ն պետք է մաքսազերծի՞ և վճարի՞ 15% մաքսավճար, թե՞ ինչպես սովորական ներմուծման դեպքում՝ 20% ԱԱՀ և մաքսատուրք։

Իրանից ներմուծված ցեմենտի մաքսազերծում

Գառնիկ.

Բարև ձեզ:

Խնդրում եմ, ասացեք՝ ի՞նչ մաքսատուրքեր և հարկատեսակներ են կիրառվում ցեմենտի մաքսազերծման ժամանակ՝ ներմուծված Իրանից: Մասնավորապես, պետ. տուրքի մասին։

Շնորհակալություն:

ԵՏՄ-ից ապրանքների ներմուծման դեպքում

Անի.

Բարև ձեզ: ԵՏՄ-ից ապրանք ենք ստանալու: Ցանկանում եմ իմանալ հերթական քայլերը, հաշվետվությունները, վճարումները:

Կանխավ շնորհակալ եմ:

ԱՁ-ն ներմուծում է սարքավորումներ

Կարեն․

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ։ Ես ներմուծում եմ սպեցիֆիկ սարքեր (ՌԴ-ից և Չինաստանից): Ցանկանում եմ բացել ԱՁ, քանզի մի քանի հատից ավել ներմուծելու դեպքում մաքսային և հարկային մարմինները պարտադրում են, որ ապրանքը պետք է գրանցվի ԱՁ-ով, և ֆիզիկական անձով չեն կարող տրամադրել։ Այսօր նման պահանջի հանդիպեցի ՌԴ-ից Գլոբբինգով ներմուծված ապրանքների համար։ Հարցերս հետևյալն են․

1) եթե ես գրանցեմ ԱՁ և ապրանքները ներմուծելուց գրանցվեն ԱՁ-ով ներմուծվող, ու վճարվի համապատասխան ներմուծման վճարները, ապա ես հետագայում մինչև ամսի 20-ը ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Եթե խոսքը միայն ներմուծման մասին է, և վաճառք դեռ չի իրականացվել։

2) եթե ես ԱՁ-ով միայն ներմուծումներ անեմ և հետագայում վաճառք չիրականացնեմ (պահեստամասեր են, որոնք օգտագորխվում են այլ բան ստանալու և վերանորոգելու համար), ապա ես խնդիրներ կունենա՞մ հարկային մարմինների հետ։

3) եթե ԱՁ եմ գրանցում և վաճառք եմ իրականացնում միայն փոխանցումով (աշխատում եմ միայն կազմակերպությունների հետ), ապա ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարեմ այդ գործունեության համար: Խոսքս պարտադիր ֆիքսված վճարների և շրջանառության հետ կապված հարկերի մասին է։ Կուզենայի իմանալ նաև` այդ դեպքում շրջանառության համար վճարված հարկերից ես կարո՞ղ եմ եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքի շրջանակում հետ ստանալ (եթե ունեմ այդ պայմանին բավարարող հիփոթեքային վարկ)։

Շնորհակալություն։

Չինաստանից հաստոցներ ներմուծելու համար

Հարություն․

Բարև ձեզ։ Արտադրություն սկսելու համար հաստոցներ եմ ցանկանում ներմուծել Չինաստանից։ ԱՁ նոր պետք է բացեմ։ Ինչպե՞ս իմանամ՝ հաստոցներին պետք է մաքսազերծում, թե՞ զրոյական են մաքսերը։ Հաստոցները տոպրակներ արտադրելու համար են նախատեսված։

Ո՞րն է խունկի մաքսային արժեքը

Վահե.

Բարև Ձեզ: Խունկի մաքսային արժեքը կարո՞ղ եք ասել:

3-րդ երկրից ներմուծում կատարելու վերաբերյալ

Ողջույն բոլորին։ Ցնականում եմ 3-րդ երկրից /Չինաստան/ ներմուծել կոշիկի վաքս, եթե չեմ սխալվում 3405 կոդ։ Կցանկանայի իմանալ մաքսազերծման և ընդհանրապես բոլոր վճարների մասին։ Եվ մի կարևոր հարց ևս, եթե շուկայում ներմուծվում է օրինակ՝ մոնոպոլ կազմակերպության կողմից, միայն տվյալ բրենդի ինդոնեզական արտադրանքը, խնդիր կլինի՞ նույնի հարավաֆրիկյանը բերելու մեջ։ Անչափ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար։

3-րդ երկրից ներմուծման վերաբերյալ

Կարեն.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ Չինաստանից ներմուծել էլ. տեխնիկա` powerbank-եր: Քանակը ըստ նախատեսվածի մեծ է անձնական օգտագործման ծավալներից։ Կխնդրեի հնարավորինս պարզ տեղեկություն տրամադրել ֆիզ./իրավաբանական անձով մաքսազերծման և դրույքաչափերի մասին։
Նախապես շնորհակալ եմ:

Ինչպե՞ս է իրականացվում ներմուծման ամբողջ գործընթացը

Անի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ուղարկեք օրենքի հղումներ՝ ներմուծումների ամբողջ գործընթացը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասկանալու համար՝ թե՛ ԵՏՄ և, թե՛ այլ երկրների ներմուծման և ԱԱՀ-ի մասով, որ օրենքից կարող եմ իմանալ, որ ապրանքներն են ազատվում ներմուծման ժամանակ:

Ի՞նչ փաստաթղտեր են անհրաժեշտ ՌԴ-ից մեքենա բերելու համար

Աննա.

Եթե ես գնել եմ մեքենա՝ Մոսկվայում, հայկական համարներով ռուսաստանի քաղաքացուց՝ ինչպե՞ս կարող եմ բերել Հայաստան, ի՞նչ փաստաթղտեր են անհրաժեշտ:

Ի՞նչ է անհրաժեշտ ՌԴ-ից կոսմետիկ միջոցներ և մատնահարդարման սարքավորումներ ներկրելու համար

Mariam.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ՌԴ-ից ՀՀ կոսմետիկ միջոցներ այդ թվում մատնահարդարման պարագաներ և սարքավորումներ ներկրելու և վաճառք իրականացնելու դեպքում՝ իմ քայլերի հերթականությունը։ Որպես ԱՁ ի՞նչ վճարումներ են լինելու սկսած մաքսատնից մինչև վաճառքի փուլը։
Շնորհակալ եմ:

Անձը ներմուծել է թույլատրելի սահմանից ավել անձնական օգտագործման ապրանքներ

Բարև, հարգելի հաշվապահներ։ Քաղաքացին ՌԴ-ից ՀՀ տեղափոխվելուց ներմուծել է թույլատրելի սահմանից ավել անձնական օգտագործման ապրանքներ։ Մաքսատնից ստացել է ապրանքը, բայց, քանի որ հայտարարագիր չի տվել տույժ, տուգանք ունի և պիտի հայտարարագիր ներկայացնի։ Հարց. դա արվում է էլեկտրոնային համակարգո՞վ ԵՏՄ դարան բաժնում: Դրանով վերջ, թե՞ հաշվետվություն էլ պիտի ներկայացնի:

Պե՞տք է վճարել ԱԱՀ հացահատիկի սերմերի ներմուծման դեպքում

Բարև Ձեզ: Իրավաբանական անձը Ռուսաստանից ցանկանում է ներմուծել հացահատիկի սերմեր, այս դեպքում ԱԱՀ պետք է վճարվի, թե՞ ոչ:

Կոսմետիկայի ներմուծում երրորդ երկրից

Մարինե Կիրակոսյան.

Բարև Ձեզ: Երրորդ պետությունից կոսմետիկա ներմուծելու դեպքում ինչպե՞ս է իրականացվում մաքսազերծումը, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ մաքսային և հարկային մարմիններ, ի՞նչ պարտադիր ինֆորմացիա դրանք պետք է պարունակեն ներմուծվող ապրանքի վերաբերյալ։ Վաճառողը MSDS / Material safety data sheet/Паспорт безопасности химической продукции/ չի կարող տալ, քանի որ ինքը չի հանդիսանում արտադրողը/։
Շնորհակալություն:

Գլոբբինգից կատարված պատվերի հետ կապված

Սյուզան․

Բարև Ձեզ։ Գլոբբինգից պատվեր կատարելու դեպքում, ո՞ր դեպքում է մաքսատան գումար վճարելու անհրաժեշտություն առաջանում։ Գլոբբինգի աշխատակցից տեղեկացա, որ 200 դոլարը գերազանցելու դեպքում է պետք վճարում կատարել, բայց նաև ինֆորմացիա ունեմ, որ նույն ապրանքից 1-ից ավել ներմուծելու դեպքում ևս պետք է վճարել։
Խնդրում եմ եթե կարող եք հստակ ինֆորմացիա տրամադրեք։
Նախապես շնորհակալ եմ։