
Արդյո՞ք կա փոխկապակցվածություն
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. Նույն հասցեում հաշվառված ծնող և զավակ ունեն գրանցված ԱՁ և ՍՊԸ: Ծնողը հանդիսանում է ՍՊԸ հիմնադիրներից մեկը և տնօրենն է նույն ՍՊԸ-ի, զավակն ունի ԱՁ, նրանք միմյանց միջև գործարքներ չեն կատարում։
Հարց․ արդյո՞ք համարվում են փոխկապակցված այս ԱՁ-ն և ՍՊՆ-ն, և արդյո՞ք երկուսն էլ պետք է աշխատեն ԱԱՀ-ի դաշտում։

ԱՁ գործելու է ՏՏ ոլորտում
Գուրգեն․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ բացել ԱՁ, մատուցելու եմ ՏՏ ծառայություններ արտերկրում գտնվող ֆիզանձանց և ընկերությունների համար: Դիմելու եմ ՏՏ հավաստագիր ստանալու համար, և հաստատվելու դեպքում կազատվեմ շահութահարկից, և քանի որ միայն արտերկրի համար եմ աշխատելու, ԱԱՀ-ն 0% կլինի:
Գործելու է կայք, որի միջոցով պատվիրելու են ծառայությունը և վճարելու են քարտով՝ ԱՄՆ դոլար արժույթով, որը նստելու է ԱՁ-ի դոլարային հաշվին և ավտոմատ փոխարկվի դրամի՝ բանկի տվյալ պահի փոխարժեքով և փոխանցվի դրամային հաշվին:
Մի քանի հարց ունեմ.
1. Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացնեմ ՊԵԿ
2. Արդյո՞ք պետք է հաշիվ դուրս գրեմ ամեն պատվերի համար: Եթե այո, ապա հաճախորդի ի՞նչ տվյալներ են հարկավոր դրա համար
3. Հաշվետվություններում ո՞ր փոխարժեքը պետք է հաշվի առնեմ՝ բանկի՞, թե՞ ԿԲ-ի
4. Կարո՞ղ եմ գումարը ստանալուց հետո միանգամից փոխանցել իմ անձնական հաշվին

Հաշվապահական խնդիր
Ալլա․
Բարի երեկո։ Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը։
Ձևակերպել արտադրանքի վաճառքի գործառնությունները՝ որոշելով իրացումից ստացված շահույթը կամ վնասը։
Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք։ Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000 դրամ՝ գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել է դրամարկղ։ Ապառիկ վաճառվել է 1 400 000 դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ։ Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 1 000 000 դրամ։ Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսերը․
- փաթեթավորման նյութեր՝ 52 000 դրամ
- աշխատավարձ պահեստում փաթեթավորող բանվորներին՝ 150 000 դրամ
- տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն
- գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60 000 դրամ՝ գումարած ԱԱՀ

Մեքենաների ներմուծում և արտահանում
Բագրատ․
Բարև բոլորին։ Ընկերությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և վաճառքով, նաև արտահանում է դեպի ՌԴ (վաճառում է ֆիզ անձի)։ Ներկա պահին կարո՞ղ է արդյոք ետ ստանալ ԱԱՀ-ն, և եթե ոչ՝ կներկայացնե՞ք այն հոդվածը, որով արգելվում է։

ՌԴ քաղաքացին որպես ԱՁ
Հեղինե․
Բարև ձեզ: ՌԴ քաղաքացին ՀՀ-ում գրանցել է ԱՁ և ձեռք բերել Հայաստանում կացության կարգավիճակ: Սոց․ վճարի մասով ի՞նչ պարտավորություն է առաջանում ԱՁ-ի մոտ, եթե աշխատում է ԱԱՀ-ով։ Կանխավ շնորհակալ եմ։

Ավտոպահեստամասերի առք ու վաճառք
Ժաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տալ․ ֆիզ․ անձը ցանկանում է զբաղվել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով, ի՞նչ գրանցի՝ ՍՊԸ, թե՞ ԱՁ, և ո՞ր հարկման տեսակը ընտրի՝ ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ։

Հիփոթեքով ձեռքբերված տարածքի մաշվածություն
Հերմինե․
Բարև Ձեզ։ Եթե ունեցել եք նման փորձ, խնդրում եմ կիսվեք․ Կազմակերպությունը հիփոթեքով տարածք է ցանկանում գնել։ Մաշվածքը հաշվարկվում է հենց ձեռքբերելու սկզբու՞մ, թե՞ վարկը փակելուց հետո, և բանկը ամեն ամիս է գրում հաշիվ (ԱԱՀ-ն հաշվանցելու համար), թե՞ միանգամից գործարքի սկզբում կամ ավարտին:

Վճարման ենթակա ԱԱՀ-ն որպես ծախս
Բարև Ձեզ։ Եթե հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվետվության արդյունքում առաջացել է պետբյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար, շահութահարկով տվյալ գումարը ճանաչվու՞մ է որպես ծախս, թե ոչ: Հոդված 121 8-րդ մաս 6-րդ կետ փոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկերը (բացառությամբ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքերի) և վճարները, իսկ հարկային օրենսգրքի ուղեցույցներ բաժնում մեկնաբանվում է հետևյալ կերպ «Այստեղ մասնավորապես ներառվում են անշարժ գույքի հարկը, փոխադրամիջոցների գույքահարկը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը»:

ԱԱՀ պարտավորություն
Նարեկ․
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Մի հարց ունեմ ավելացված արժեքի հարկի հետ կապված։ Եթե ընկերության գործադիր տնօրենը, ով իմ ընկերն է, ինձ գումար է տվել իր անձնական հաշիվներից կամ աշխատակցի հաշվից, որպեսզի իր ընկերության համար գնեմ անհրաժեշտ ապրանքներ, ես պարտավորություն կունենա՞մ վճարել ավելացված արժեքի հարկ կամ այլ տեսակի հարկային պարտավորություն: Եղել են դեպքեր, երբ ես իմ գումարով եմ վճարել, և նա վերադարձրել է իմ կատարած ծախսերը։ Կանխավ շնորհակալ եմ։

Շարժիչային յուղի ներմուծում
Արեն․
Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ներմուծում և վաճառում է մեքենայի շարժիչային յուղ: Ներմուծման ԱԱՀ որոշվում է ապրանքի արժեք + ակցիզային հարկ: Շրջ. հարկի հաշվետվության մեջ ապրանքի ձեռքբերման ծախս ակցիզային հարկը պետք է կրկնակի՞ ներառվի, այսինքն մեկը որպես ԱԱՀ հարկման բազա, մյուսը՝ վճարված ակցիզային հարկ, թե՞ ոչ: Հոդվածը կետը գիտեմ, խնդրում եմ արձագանքել հստակ պատասխանով՝ առանց օրենքի կետի կամ հոդվածի հղում կամ քոփի փեստ անելով: Կանխավ շնորհակալ եմ։

Պե՞տք է գրել ինքնահաշիվ
Նունե․
Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությանը ծառայություն է մատուցել Ռուսաստանում գրանցված և հարկեր մուծող կազմակերպությունը, ունեմ invoice։
1. Պե՞տք է գրել ինքնահաշիվ
2. Շահութահարկից նվազեցվու՞մ է այդ ծախսը

Հաշվապահական խնդիր
Խնդրում եմ օգնեք լուծել խնդիրը.
Կազմակերպությունը 1-ին եռամսյակի եկամուտները ծառայությունների գծով 1.500.000 դրամ առանց ԱԱՀ, վաճառքի գծով 1.800.000 դրամ ներառյալ ԱԱՀ, ընդհանուր ծախսեր 800.000։ 2-րդ եռամսյակում ծառայությունների գծով 800.000 առանց ԱԱՀ, վաճառքի գծով 700.000 առանց ԱԱՀ, ծախսեր 1.300.000։ 3-րդ եռամսյակում ծառայությունների գծով 2.400.000 ներառյալ ԱԱՀ, վաճառքի գծով 3.600.000 ներառյալ ԱԱՀ, ծախսեր 2.300.000։ 4-րդ եռամսյակում ծառայությունների գծով 800.000 ներառյակ ԱԱՀ, վաճառքի գծով 1.500.000 առանց ԱԱՀ, ծախսեր 900.000։ Ստանալ շահույթ, շահութահարկ, զուտ շահույթ և տալ ձևակերպումներ։

Անշարժ գույքի վաճառք
Գրիգոր․
Բարև Ձեզ, հարցս շատ շտապ է, խնդրում եմ արձագանքեք փորձառու հաշվապահներ:
Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը իր անշարժ գույքը, որի կադաստարյին արժեքը 70 մլն դրամ է, վաճառել է 40 մլն դրամով, դուրս է գրել ապրանքների արտադրանքի առաքման հաշիվ վավերագիր 40 մլն դրամով, սակայն շրջանառության հարկի հաշվարկում ցույց է տրվել 70 մլնի 80%-ի չափով՝ 56 մլն դրամ, իսկ հարկը հաշվարկել է 10%-ի չափով՝ 5,6 մլն դրամ, տարվա ընթացքում ունի նաև ապրանքների վաճառք 20 մլն դրամի չափով:
Հիմա հարկային տեսչությունից ստացել ենք ծանուցագիր, որ այդ գործարքը, ի նկատի ունեմ անշարժ գույքի օտարումը, համարվում է ԱԱՀ-ով հարկվող գործարք, և պարտավոր էինք դուրս գրել հարկային հաշիվ 70 մլնի 80%-ի չափով՝ 56 մլն դրամի չափով և վճարել 20 % ԱԱՀ: Խնդրում եմ ասացեք՝ շրջանառության հարկով վաճառքը սխա՞լ է եղել արդյոք, օրենքում կետ չեմ գտնում: Նշեմ, որ տարվա սկզբից աշխատում ենք շրջանառության հարկով: Նախապես շնորհակալ եմ:

Ի՞նչ հարկեր են առաջանում
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն իրեն պատկանող ավտոմեքենան վաճառել է ֆիզ անձին։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի ՍՊԸ-ն։

Մարդատար մեքենայի ներմուծում
Լիլիթ․
Բարև Ձեզ: Ընկերությունը հունվար ամսին ներմուծել է թեթև մարդատար մեքենա, որի invoice+տրանսպորտը (ինքնարժեք) էականորեն փոքր է մաքսային արժեքից: ԱԱՀ-ն (մաքսային արժեք+20%) միացրել ենք ինքնարժեքին և մուտքագրել ՀՄ: Հոկտեմբերին մեքենան վաճառվել է: Ինչպե՞ս ձևակերպենք և առանձնացնենք ԱԱՀ-ն։

Հաստոցի ներմուծման ձևակերպումներ
Նարե․
ԱԱՀ վճարող կազմակերպությունը 2021թ.-ի նոյեմբերին ՀՀ-ում ներմուծում է վարչական նպատակով օգտագործման համար նախատեսված հաստոց 1 500 դոլարով: Գնման օրը ՀՀ Կենտրոնական Բանկում սահմանված 1 դոլարի փոխարժեքը՝ 425 դրամ է:
Մաքսազերծման համար վճարվել է մաքսատուրք 60 000։ Այդ ընթացքում կազմակերպության տարածքում կատարվում էր վերանորոգում, և նոր հաստոցը 1 ամիս պահվել է այլ տեղում, որի համար վճարվել է 30,000 դրամ: Այնուհետև նոր հաստոցը տեղափոխվել է կազմակերպություն և տեղակայվել է 2021 թ.-ի դեկտեմբերի 31-ին, իսկ շահագործումը սկսվել է 2022 թ.-ի մայիսի 4-ին։ Տեղակայման համար ծախսվել է 82,000:
Պահանջվում է տալ համապատասխան ձևակերպումները և հաշվարկել, թե ինչ արժեքով պետք է արտցոլվի հաստոցը 2022 թ. ֆինանսական հաշվետվություններում:

Արդյո՞ք կլինի տուգանք
Անահիտ․
Բարև ձեզ։ Օգոստոսի 30-ին ԱՁ ենք գրանցել պետռեգիստրում, էլ ոչինչ չի արվել։ Շրջհարկի դիմում չենք տվել, բացի այն, որ ԱԱՀ պիտի աշխատենք, վարչական է՞լ կգա, որ թեկուզ զրոյական, բայց ԱԱՀ հաշվետվություն չենք ներկայացրել օգոստոս ամսվա համար։

Բեռնատար մեքենայի ներմուծում և արտահանում
Արմեն․
ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը բեռնատար մեքենա է ներմուծել Վրաստանից, որի համար ներմուծման ժամանակ գործում է արտոնություն, ներմուծման ԱԱՀ չի առաջանում, վճարվում է միայն մաքսատուրք 10 %: Հարցը հետևյալն է․ եթե կազմակերպությունը արտահանում է այդ բեռնատար մեքենան ՌԴ, ապա արդյո՞ք այդ դեպքում գործում է ԱԱՀ զրոյական դրույքաչափը, և առաջանում է միայն շահութահարկ ձեռքբերման գնի և վաճառքի գնի տարբերության մասով։ Առհասարակ, ի՞նչ նրբություններ կան այս հարցի հետ կապված։ Շնորհակալություն։

Ներմուծում երրորդ երկրից
Վաչե․
Բարև Ձեզ։ Ես ունեմ ԱՁ, գործում է շրջանառության հարկի դաշտում։ Հիմա ուզում եմ ապրանք ներմուծել Հայաստան 3-րդ երկրից ներքին սպառման համար։ ԱԱՀ վճարելու՞ եմ այդ դեպքում։ Ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ինչպե՞ս կարող եմ հաշվարկել մաքսատուրքը "Դեզոդորանտներ և հակաքրտինքային միջոցներ" ապրանքի համար։

ԱՁ անալիտիկ հաշվառում
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն եթե հաշվառում չի վարում, որքա՞ն տուգանք է առաջանում։
Վերջին մեկնաբանություններ