Tag: G7

G7-ը «պատմական համաձայնության է» եկել եւ «հարկային հեղափոխություն» կատարել

«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն երկարամյա քննարկումներից հետո համաձայնության են եկել այսպես կոչված թվային հարկի՝ թվային տնտեսության ոլորտում անդրսահմանային ընկերությունների շահութահարկի ներդրման շուրջ:

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, այս մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը՝ G7-ի իր գործընկերների հետ Լոնդոնում կայացած հանդիպումից հետո:

««Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները պատմական համաձայնության են եկել գլոբալ հարկային համակարգը բարեփոխելու համար՝ համաշխարհային թվային դարաշրջանին համապատասխանեցնելու նպատակով»,- ասել է Սունակը:

Նորամուծության նպատակն է` վերջ տալ այն իրավիճակին, երբ ՏՏ խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են Apple-ը, Google-ը, Amazon-ը կամ Facebook-ը, հարկ են վճարում միայն իրենց գրանցման վայրում, բայց ոչ այն երկրներում, որտեղ նրանք եկամուտ են ստանում: Դա հանգեցնում էր նրան, որ շատ ընկերություններ իրենց կենտրոնական գրասենյակները գրանցում էին ավելի ցածր հարկեր ունեցող երկրներում:

Բացի այդ, ենթադրվում է, որ խոշոր կորպորացիաների համար շահութահարկի միասնական դրույքաչափը պետք է կազմի առնվազն 15 տոկոս:

Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ձեռք բերված համաձայնությունն անվանել է «հարկային հեղափոխություն»: «Սա շատ լավ նորություն է հարկային ասպարեզում արդարության եւ համերաշխության համար եւ վատ լուր է աշխարհի հարկային օազիսների համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ կորպորացիաներն այլեւս չեն կարողանա խուսափել իրենց հարկային պարտավորություններից:

Զարգացած երկրների միջեւ համաձայնագիրն այժմ պետք է ընդունեն այլ պետություններ, օրինակ՝ G20-ը, որի հանդիպումը տեղի կունենա հուլիսին Վենետիկում:

Աղբյուր՝ Banks.am