
Փոխառության տոկոսից առաջացող հարկային պարտավորություններ
Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս այսպիսին է․ եթե ֆիզ․ անձը կազմակերպությանը տոկոսով փոխառություն է տալիս, տոկոսների մասով ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում, և ո՞վ պետք է վճարի՝ ֆիզ․ անձը, թե՞ կազմակերպությունը որպես հարկային գործակալ։

Ավտոմեքենաների խոտանում և պահեստամասերի վաճառք
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքը ունեմ հետևյալ գործունեության համար․
Քաղաքացին փաստաթղթով գնում է վնասված ավտոմեքենա, խոտանում և իր անունով բացված ԱՁ-ով վաճառում որպես ավտոպահեստամասեր։
Հարց 1․ գործունեությունը ԱՁ-ի համար կարո՞ղ է համարվել արտադրություն, քանի որ կատարում է որոշակի գործողություններ՝ քանդում, մասերի լվացում, թարմացում և այլն, և աշխատել միկրոյի դաշտում։
Հարց 2․ Կհաշվարկվի 20 % եկամտային հարկ․ ա) 2024թ․ և առաջ ձեռք բերված՝ վնասված և խոտանված ավտոներից առաջացած ավտոպահեստամասերի վաճառքի նկատմամբ բ) 2025թ․ ձեռք բերված՝ վնասված և խոտանված ավտոներից առաջացած ավտոպահեստամասերի վաճառքի նկատմամբ

Գյուղմթերքի ձեռքբերում գյուղացուց
Ռոզա․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։
Հարցս հետևյալն է՝ Ա/Ձ, որը 2025թ-ից աշխատում է շրջհարկի դաշտում և բանջարեղենի խանութ է, գյուղացուց ձեռք է բերել բանջարանա-բոստանային գյուղմթերք, ունի երկկողմանի գնման ակտ և համայնքապետարանի տեղեկանքը, որ իրոք տվյալ գյուղացին ունի հող և աճեցնում է գյուղմթերք: Արդյո՞ք գ/ա կդիտվի որպես ծախս:

165 ձևի ներկայացում ֆիզ. անձից գործիք գնելու դեպքում
Քրիստինե․
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից գնել է գործիք (զոդման ապարատ) և տվյալ ամսվա մեջ եկամտային հարկի հաշվետվության մեջ ներկայացվել է այդ գումարը, հիմա հարց․ կազմակերպությունը տվյալ մարդու անունով պե՞տք է ներկայացնի 165 ձևը մինչև մարտի 1-ը, թե՞ ոչ։

Եկամտային հարկ նախորդ ձեռքբերումների մասով
Գրիգոր․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը նախորդ տարիներին ունի ձեռքբերումներ միակողմանի գնման ակտով (առհաշիվ մինչև 300 000 դրամ փոխանցվել է գործադիր տնօրենի հաշվարկային հաշվին, ով էլ ձեռք բերված ապրանքները ներկայացրել է միակողմանի գնման ակտով՝ այսինքն ձևակերպել է շուկայից) և 01․01․2025թ, դրությամբ ունենք մնացորդներ ինչպես միակողմանի գնման ակտով ձեռքներումներից, այնպես է հարկային հաշվով դուրս գրված ձեռքբերումներից։
Հարցս հետևյալն է՝ գույքագրման արդյունքները պե՞տք է արդյոք մինչև փետրվարի 1-ը ներկայացնել ՊԵԿ, եթե այո՝ ինչպես, և նախորդ տարիների ձեռքբերումների մասով այս տարի 20% եկամտային հարկ վճարելու՞ ենք արդյոք։ Իմ կարծիքով չպետք է վճարենք, սակայն արդեն մի քանի հաշվապահներից լսել եմ, որ այդ նախորդ մնացորդները եթե ձեռք են բերված միակողմանի գնման ակտով, այս տարի վճարելու ենք 20 % եկամտային հարկը։ Ես հարկային փոփոխություններում այդ մասին չկարողացա գտնել որևէ բան։ Խնդրում եմ, եթե այդպես է, օրենքի հղում ուղարկեք։ Շնորհակալություն։

Մսի ձեռքբերում ֆիզ․ անձից
Մարիամ․
Բարև ձեզ, կխնդրեյի մի քանի հարցի պատասխաններ պարզաբանել․
1 ԱՁ–ն աշխատում է շրջ․ հարկով, վաճառում է միս։ Միսը ձեռք է բերվում ֆիզ․ անձանցից, որոնք տվյալ չեն տրամադրում երկկողմանի գնման ակտեր կազմելու համար, այս դեպքում վաճառողը հարկվելու՞ է 20%, գյուղ․ մթերքը ազատվա՞ծ չէ այս մասով։
2. Տարածքի վարձակալությունը նվազեցվու՞մ է, եթե կա պայմանագիր և հարկային հաշիվ, և ՀԴՄ սպասարման, POS տերմինալների սպասարկման վճարը։
Շնորհակալություն։

Արծաթյա զարդերի արտադրություն
Լիլիթ․
- Արծաթյա զարդերի արտադրությունը միկրոձեռնարկատիրության համակարգում կարո՞ղ է աշխատել, եթե տոնավաճառում է։
- Արդյո՞ք հումքի ձեռքբերման փաստաթուղթ չունենալու 20% եկամտային հարկի վճարելը վերաբերվում է նաև միկրոձեռնարկատիրության համակարգում գտնվողին։

Արդյո՞ք ծաղիկը համարվում է գյուղատնտեսական արտադրանք
Մերի․
Բարև Ձեզ։ Ծաղկի սրահը եթե շուկայից է գնում ծաղիկը, պետք է միակողմանի գնման ակտ կազմի, իսկ հարկվելու՞ է 20 տոկոս, թե՞ գյուղատնտեսական արտադրանք է համարվում։

Արդյո՞ք գույքագրման անհրաժեշտություն կա
Արման․
Հարգելի գործընկերներ, շրջանառության հարկ վճարողները 2025թ․ հունվարի 1-ից որպես հարկային գործակալ պետք է վճարեն 20% եկամտային հարկ առանց փաստաթղթերի` շուկայից ձեռքբերումների համար։ Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս են հիմնավորվելու այն, որ տվյալ ձեռքբերումը կատարվել է մինչև 2025թ․ հունվարի 1-ը։ Երևի անհրաժեշտ է գույքագրում իրականացնե՞լ։ Իսկ անհրաժեշտություն կա՞ ինչ-որ տվյալներ ներկայացնել ՊԵԿ։ Շնորհակալություն նախապես։

Ի՞նչ փաստաթուղթ է դուրս գրվելու գնման ակտի փոխարեն
Գրիգոր․
Բարև Ձեզ։ 2025թ․ հունվար 01-ից հետո գնման ակտով (միակողմանի) ձեռքբերումները շրջ. հարկ վճարողների համար, համաձայն ՀՕ-ի 150 հոդվածի 13-րդ մասի, հարկվում է 20 տոկոսով։ Հարցս այսպիսին է՝ նախկին թղթային գնման ակտի փոխարեն ի՞նչ էլեկտրոնային փաստաթուղթ ենք գրում, որտեղ երևում է ձեռք բերված ապրանքների ցանկը, ձեռք բերման գինը, գումարը։

Եկամտային հարկի պարտավորություն ապրանքային մնացորդի նկատմամբ
Ռոման․
Բարև ձեզ։ Եթե շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ապրանքները ձեռք է բերել առանց փաստաթղթի և տարեվերջին ունի ապրանքային մնացորդ, այդ դեպքում կարո՞ղ է արդյոք մնացորդի նկատմամբ կիրառվել եկամտային հարկ։
Շնորհակալություն։

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ չունի ձեռքբերման փաստաթղթեր
Մելինե․
Օնլայն առևտրով զբաղվող ԱՁ-ն, որը շրջանառության հարկով է հարկվում, 2024 թվականին 7 մլն դրամի էլեկտրոնիկա է ձեռք բերել Չինաստանից առանց հաշիվ ֆակտուրաների կամ այլ թղթերի, այնուհետև վաճառել Հայաստանում՝ դուրս գրելով հաշիվ վավերագիր ֆիզ անձին։ Եռամսյակային հաշվետվության ժամանակ ներկայացրել եմ վաճառքի այդ գումարը և վճարել համապատասխան հարկերը։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք խնդիրներ կունենամ, եթե չունեմ ձեռքբերումը փաստող թղթեր, և ինչպե՞ս այսուհետ դա կազմակերպեմ։

Մեղուների ու մեղվապահական պարագաների ձեռքբերում
Հասմիկ․
Բարի օր, խնդրում եմ ուղղորդել։ Գյուղացուց ձեռքբերված մեղուներն ու մեղվապահական պարագաներն ի՞նչ են համարվում։ 2025 թվականին տվյալ ապրանքները ձեռքբերելիս կազմակերպությունը ԳԱ-ի դեպքում վճարելու՞ է 10 կամ 20%։ Շնորհակալ եմ։

Ինչպե՞ս ձևակերպել գնումը
Նանար․
Բարև ձեզ։
Շրջանառության հարկով հարկվող արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն ձեռք է բերել ապրանք առանց ՀԴՄ կտրոնի ու հաշիվ վավերագրի։ Ինչպե՞ս պետք է ձևակերպվի գնումը։ Շնորհակալություն։

Ֆիզ. անձը սարքավորում է վաճառում ՍՊԸ-ին
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, Ֆիզ․ անձը սարքավորում է վաճառում ՍՊԸ-ին։ Ի՞նչ թղթաբանություն է պետք անել, ի՞նչ հարկեր են առաջանում, ինչպե՞ս պետք է կատարի ֆիզ․ անձը հարկի վճարումը, եթե չի կարող հաշիվ գրել որպես ֆիզ անձ, իսկ ՍՊԸ-ն ցանկանում է փոխանցում անել (գումարը մեծ է 300,000դր-ից)։

Wildberries հարթակում վաճառողի հարկեր 2025թ․
Անահիտ․
Հարգելի հաշվապահներ, հունվարի 1-ից շրջհարկի դրույքաչափը 10 տոկոս դառնալու հետ կապված է հարցս։ Վայլդբերիզ հարթակում վաճառող եմ, ապրանքն էլ Չինաստանից գնում եմ, ուղարկում ռուսական պահեստ։ Ոնց հասկանում եմ՝ մի հատ էլ գնման գնից 20 տոկոս եկամտային հարկ պիտի վճարե՞մ։ Իսկ հետո էդ գնման գին + 20 տոկոս եկամտային հարկ ինձ համար նվազեցվող ծախս կդիտարկվի՞։ Գնման ակտին ամենաշատը կարող եմ կցել ֆիզիկական անձով ձեռքբերման էլեկտրոնային գնում ու բանկային քարտի քաղվածք, որը հաստատի իմ գնումը։

Եկամտային հարկի պարտավորություն ֆիզ. անձից ձեռքբերում ունենալու դեպքում
Ռուզաննա․
Հարգելի հաշվապահներ, համաձայն 392-ն որոշման 2025թ-ի հունվարի 1-ից հարկային գործակալները ֆիզ․ անձանցից ապրանքների ձեռքբերման դեպքում արդեն պետք է էլեկտրոնային եղանակով դուրս գրեն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթեր: Իսկ համաձայն 150 հոդվածի 13-րդ կետի հարկային գործակալների կողմից եկամտային հարկի 20% չի վճարվում, եթե առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված` վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր:
Հարց․ 2025թ-ի հունվարի 1-ից էլեկտրոնային եղանակով դուրս գրված փաստաթղթի առկայության դեպքում հարկային գործակալը արդյո՞ք կունենա որևէ պարտավորություն եկամտային հարկի գծով:

Եկամտային հարկ 20 % շրջանառության հարկ վճարող հարկային գործակալների համար
Հայկ․
Բարև Ձեզ։ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողները եթե հաշվարկային փաստաթղթով կամ ՀԴՄ-ով ձեռքբերում չեն կատարում, պե՞տք է 20 տոկոս եկամտային հարկ վճարեն։ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողները պե՞տք է պահեն պահեստի մնացորդ։ Կխնդրեի օրենքի հղումը ուղարկեք։

Հարկեր չհիմնավորված ձեռքբերումների մասով
Դավիթ․
Բարև Ձեզ, ԱՁ աշխատում է առևտրով Երևան քաղաքում, հետևաբար շրջհարկով։ Որ խնդրեմ կասե՞ք՝ չհիմնավորված փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների համար ի՞նչ հարկեր են վճարվելու։

Եկամտային հարկ 2025 թ-ին շուկայից ձեռքբերումների դեպքում
Գագիկ․
Հարգելի հաշվապահներ, առք ու վաճառքով զբաղվող շրջանառության հարկ վճարողները շուկայից ձեռք բերված ապրանքների համար եկամտային հարկ հաշվարկելու՞ են արդյոք 2025թ-ին:
Վերջին մեկնաբանություններ