Tag: շահութահարկ

Արդյո՞ք ընկերությունը պետք է ներկայացնի շահութահարկի հաշվարկ

Gohar.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել.
1. արդյո՞ք շրջանառության հարկ վճարող ՍՊ ընկերությունը պետք է ներկայացնի ամսական ՀԴՄ տեղեկություն, թե՞ վերջինիս եռամսյակի թիվը արտացոլվում է շրջանառության հարկի հաշվետվության մեջ
2. միայն արտոնագրային վճար վճարող ՍՊ ընկերությունը արդյո՞ք պետք է ներկայացնի շահութահարկի հաշվարկ
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել նվազագույն շահութահարկի գումարը ըստ եռամսյակների

Armine.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ինչպե՞ս հաշվարկեմ նվազագույն շահութահարկի գումարը ըստ եռամսյակների: Եթե նախորդ տարում փաստացի շահութահարկի գումարը կազմել է 318 019 դրամ: 2012թ-ի 4-րդ եռամսյակի շահութահարկի հաշվարկման մեծությունը 2 630 621 դրամ է, 2013թ-ի 1-ին եռամսյակի համար 3 065 465, 2-րդ եռամսյակինը՝ 3 059 024, 3-րդ եռամսյակը 3 234 436 դրամ է:

Շահութահարկի հաշվարկի հետ կապված

Արմինե.

Հարգելի գործընկերներ, շահութահարկի հաշվարկի հետ կապված խնդիրներ ունեմ, խնդրում եմ ինձ օգնեք: Արդյո՞ք այս տարի էլեկտրոնային կայքում հաշվարկը պետք է լրացնել 110-րդը, և ինչպե՞ս հաշվեմ նվազագույն շահութահարկն ըստ ամիսների: Օրենքի 47-րդ հոդվածում` (Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18.75 տոկոսի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ) չեմ հասկանում և/կամ-ի պահը: Արդյո՞ք պետք է նախորդ տարվա շահութահարկի գումարին գումարեմ 4 եռամսյակների շահութահարկի մեծությունը, այնուհետև հաշվեմ ստացվածի 18.75 տոկոսը:

ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա, այնուհետև վաճառել է այն

Հ.Ա.

Հարգելի հաշվապահներ,
ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա 10 մլն դրամով (ներառյալ ԱԱՀ-ն), ԱԱՀ-ն միացրել է արժեքին ու ամորտիզացրել, այնուհետև վաճառել է նշված ավտոմեքենան 7 մլն դրամով, մնացորդային արժեքը եղել է 8 մլն դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ տվյալ դեպքում, և շահութահարկի ու ԱԱՀ-ի տեսանկյունից ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք ԱՁ վճարելու է եկամտային հարկ

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն, որը աշխատում է արտոնագրային վճարով, բացի տարեկան 60 000 եկամտային հարկից, վճարու՞մ է նաև 24.4% կամ 26% եկամտային հարկ:

Համաձայն ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ Հոդված 2-ի`
“Արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար ավելացված արժեքի հարկին, իսկ իրավաբանական անձի համար շահութահարկին և (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է:”

Այստեղ հստակ նշվում է, որ իրավաբանական անձի համար շահութահարկին և ԱԱՀ-ին փոխարինող վճար է, իսկ Ա/Ձ-ի մասով նշվում է, որ փոխարինում է ԱԱՀ-ին:

Արդյո՞ք վճարման աղբյուրի մոտ պետք է պահվի ոչ ռեզիդենտի շահութահարկ

235

Նաիրա.

ՀՀ կազմակերպությունը հանդես է գալիս որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը եկամուտներ վճարելիս: Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը խորհրդատվական ծառայություններ մատուցելու պայմանագրի շրջանակներում վճարվում է կանխավճար: Արդյո՞ք կանխավճարը դիտվում է որպես եկամուտ, և աղբյուրի մոտ պե՞տք է պահվի ոչ ռեզիդենտի շահութահարկը, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Շահութահարկի պարզեցված հաշվարկի վերաբերյալ

iveta.

Բարև Ձեզ: Շահութահարկի պարզեցված հաշվարկ (2013թ. համար) փոփոխություններ են տեղի ունեցել, էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում չեմ կարողանում գտնել համապատասխան լրացման հաշվետվության ձևը, 2012թ. համար դա 88. Շահութահարկի պարզեցված հաշվարկ (2012), բայց 2013 համար չկա, և հնարավո՞ր է հաշվետվությունը ներկայացնել թղթային տարբերակով:

Շահութահարկի հաշվետվության ներկայացման պարբերականություն

Ռուբիկ.

Խնդրում եմ պատասխանեք` ՍՊԸ-ն շահութահարկի հաշվետվությունը ի՞նչ ժամանակահատվածը մեկ պետք է ներկայացնի հարկային մարմին: Շնորհակալություն:

Շահութահարկի հաշվարկ

Վարդգես.

Հարգելի ընկերներ, կարիք ունեմ շահութահարկի պարզ և հստակ բացատրության: Բացատրեք ինձ` ի՞նչ է իրենից ներկայացնում շահութահարկը, և եթե կա որևէ բանաձև այն հաշվելու, խնդրում եմ ասեք:

Օրինակ` ընկերությունը տարեկան ունի 20․000․000 դրամի եկամուտ: Որքա՞ն կկազմի այդ գումարի շահութահարկը:

Կանխավ շնորհակալություն:

Նվազագույն շահութահարկի գումարների հաշվարկ ըստ եռամսյակների

Lyudmila.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե շահութահարկի մասին օրենքի 47.1 հոդվածը ուժը կորցրել է, այսինքն հոդվածը գոյություն չունի, այդ դեպքում ինչպե՞ս հաշվել հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները ըստ եռամսյակների:

Ընկերությունը արտոնագրային վճար վճարող է

Կարեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արտոնագրային վճար վճարող ՍՊ ընկերությունը պե՞տք է ներկայացնի ամսական ՀԴՄ տեղեկություն և տարեկան շահութահարկի հաշվետվություն, թե՞ շրջանառության հարկի հաշվարկ: Ինչու՞: Շնորհակալություն:

Կազմակերպությունը իրացրել է ապրանք ձեռքբերման արժեքից պակաս արժեքով

230
Գոհար.

Կազմակերպությունը իրացրել է ապրանք ձեռքբերման արժեքից պակաս արժեքով, ԱԱՀ-ի հաշվետվության մեջ արտացոլվել է վերահաշվարկված ԱԱՀ-ի գումարը ԱԱՀ-ի մասին օրենքի 26 հոդվածի 4 կետին համաձայն: Հարց. վերահաշվարկված և նվազեցված ԱԱՀ-ի գումարը շահութահարկի առումով ծախս համարվու՞մ է, թե՞ ոչ, և որտե՞ղ կարելի է կարդալ այդ մասին:

Արդյո՞ք հիմնադրամը ունի շահութահարկի պարտավորություն

Մելանյա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Բարեգործական հիմնադրամը տարվա կտրվածքով ունեցել է ընդամենը 2,5 մլն դրամի մուտք նվիրատվության ձևով և 2 մլն դրամի ծախսեր հիմնադրամի գործունեության նպատակներին համապատասխան, ընդ որում ծախսերի մեջ չեն ներառվում աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարներ:Արդյո՞ք հիմնադրամը պետք է վճարի շահութահարկ և ի՞նչ տոկոսադրույքով: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ստացել է սուբսիդիա

207

Artur.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

1. Կազմակերպությունը ստացել է սուբսիդիա ինչ որ ապրանք էժան մատակարարելու համար կառավարության ծրագրի շրջանակներում, օրինակ 200 դրամանոց ապրանքը վաճառի 150-ով, իսկ 50 դրամը տրամադրվել է սուբսիդիա, հաշիվ-ապրանքագիրը գրվել է 150-ով, 50 դրամը բնականաբար համարվում է եկամուտ: Արդյո՞ք այն արտացոլվեու է ԱԱՀ-հաշվարկում, եթե այո, ապա որ տողում և ինչի՞ հիման վրա, իսկ եթե ոչ, ապա շահութահարկի հաշվարկի ո՞ր տողում

2. Ստացել է նաև դրամաշնորհ այդ ապրանքը առաքելու համար ևս 50 դրամ, արդյո՞ք այն արտացոլվեու է ԱԱՀ-հաշվարկում, եթե այո, ապա ո՞ր տողում և ինչի՞ հիման վրա, իսկ եթե ոչ, ապա շահութահարկի հաշվարկի ո՞ր տողում: Կազմակերպությունը առաքումը իրականացրել է բեռնափոխադրող կազմակերպության միջոցով: Խնդրում եմ, եթե հնարավոր է, տալ մանրամասն պատասխան:

Շահութահարկի կանխավճարի հետ կապված

emi.

Նախորդ տարի շահութահարկի կանխավճարներ չեմ վճարել, հարկը 500 հազարից պակաս էր, 2013 -ի հարկը 550 հազար է: 2014-ին ինչքա՞ն և ե՞րբ պետք է կատարեմ առաջին կանխավճարը:

Շնորհակալություն:

Շահութահարկի եռամսյակային կանխավճար

Ալեքսանդր.

Ո՞ր հաշվին պետք է վճարել շահութահարկի եռամսյակային կանխավճարը` 18.75 տոկոս:

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել կոմունալ վճարները

225

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Եթե կազմակերպությունը ֆիզ. անձից տարածք է վարձակալել, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել էլ. էներգիայի ու մնացած կոմունալ վարձերը և նվազեցնել շահութահարկից:

Շահութահարկի կանխավճարների մասին

208

Լյուդմիլա.

Հարգելի մասնագետներ, օգնեք ինձ 2013թ-ի առաջին եռամսյակից մինչև երրորդ եռամսյակ շրջանառության հարկով եմ աշխատել, իսկ չորրորդ եռամսյակում արդեն շահութահարկով: Հարցս հետևյալն է` 2014թ-ի շահութահարկի կանխավճարը հաշվելուց պետք է վերցնեմ շրջանառության հարկի գումարի 40% + 2013-ի չորրորդ եռամսյակի շահութահարկի գումարը և երկուսի հանրագումարի 18.75% հաշվե՞մ: Օրինակի համար շրջ. հարկի 40% – ը 100 000, շահութահարկի չորրորդ եռամսյակի գումարը 300 000

100 000 + 300 000 = 400 000
400 000 * 18.75% = 75 000 (2014 շահութահարկի կանխավճար)

Ժամկետանց դեբիտորական պարտքի վերաբերյալ

207

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության դեբիտորական պարտքը (2 169 240 դրամ) կետանց դառնալուց հետո 91 – րդ օրը ստեղծել եմ պահուստաֆոնդ 25% – ի չափով, 181-րդ օրը՝ 50 % – ի չափով և 271-րդ օրը՝ 75 % – ի չափով: Իսկ հետագայում ի՞նչ պետք է անել. եթե հաշվետու տարում լրանում է նաև 366-րդ օրը, ապա կարո՞ղ եմ դեբիտորական պարտքը 100 % – ով հատկացնել պահուստաֆոնդին և տարվա վերջում հարկվող շահույթը որոշելիս նվազեցնել որպես այլ նվազեցում: Խնդրում եմ օգնել հնարավորության դեպքում: Շնորհակալություն:

Շահութահարկի կանխավճարների հաշվարկ

Լյուդմիլա.

Ողջույն, խնդրում եմ արագ արձագանքեք հարցիս: 2013թ-ի շահութահարկի գումարը փոքր է 2012թ-ի շահութահարկի գումարից: 2014թ-ի համար կանխավճարները ինչպե՞ս եմ հաշվելու:

Շահութահարկի մասին օրենքի հոդված 47.1

Աննա.

Բարև ձեզ: Ես շատ եմ խնդրում` կարո՞ղ եք պարզաբանել 47,1 հոդվածը:
Նվազագույն շահութահարկը հաշվարկվում է նախորդ ամuվա ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպեu նաև արժեթղթերի եւ ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների uտացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոuը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ:

Օրինակ` 2013թ շրջանառությունը կազմել է 80մլն դրամ: Բժշկական կենտրոնը (ՍՊԸ) 2014թ. հունվարին ստացել է եկամուտ ծառայությունից 5մլն. դրամ, ապա պե՞տք է վճարեմ նվազագույն շահութահարկ 50 000 դրամ, և այդ 50% ես ինչպես հաշվարկեմ: Շնորհակալություն:

Ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափ

Իզաբելա.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է: Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հիմնական միջոցի տեղադրման ծառայություն է մատուցել ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը, ապա ՀՀ ռեզիդենտը քանի՞ տոկոս շահութահարկ պետք է հաշվարկի` 10՞, թե՞ 20:

Պարտադիր կուտակայինի վերաբերյալ

Լյուդմիլա.

Հարգելիներս, բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս` տնօրենը ցանկանում է աշխատողների պարտադիր կուտակայինի 5% -ը ընկերության հաշվին տրամադրել, ինչպե՞ս պետք է անել` ուղղակի աշխատավարձը բարձրացնել 5%-ով, թե՞ այլ տարբերակ կա: Շահութահարկի մասով դա ծա՞խս է: Ու ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ ընդհանրապես, եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք:

Արդյո՞ք անհրաժեշտ է շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնել

Gayane.

Կազմակերպությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է: Չի աշխատում ԱԱՀ-ով կամ պարզեցված հարկով:

Ասացեք խնդրեմ` տարեկան հաշվետվություն ներկայացնելիս պե՞տք է արդյոք ներկայացնենք շահութահարկի պարզեցված հաշվարկ, թե՞ ոչ:

Նախապես շնորհակալ եմ:

Ի՞նչ տարեկան հաշվետվություններ են ներկայացնելու շրջանառության հարկ վճարողները

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` շրջանառության հարկ վճարող կազմակերպությունները (բացառապես շրջանառության հարկ վճարող) ինչպիսի՞ տարեկան հաշվետվություններ են ներկայացնելու հարկային մարմին: Հարցս վերաբերում է հատկապես շահութահարկի տարեկան հաշվարկին: Նախապես շնորհակալություն:

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Լիանա.

Հարգելի կոլեգաներ, սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ պատասխանեք: Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված այսպիսի մի հարց է առաջացել. հաշվետու տարվա համախառն եկամուտը /0103/ տողում լրացվում է <>, գումարը գրվում է ներառյա՞լ ԱԱՀ-ն, թե՞ ծառայությունների արժեքների հանրագումարը:

Կազմակերպությունը չի վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. այս տարվա մինչև հունիսի 15-ը և մինչև սեպտեմբերի 15-ը վճարվել է 2-րդ և 3-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկը: Հոկտեմբերին պարզվել է, որ չենք վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը, որն ուզում ենք հիմա վճարել: Կարո՞ղ եք ասել` տույժ էլ պետք է վճարեմ, եթե այո, ապա ի՞նչ ժամկետի համար: Ցանկանում եմ հղում անել նաև շահութահարկի մասին Կարգի 9.4 կետը և կխնդրեի ձեր մեկնաբանությունները:

Ընդ որում` նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են միայն ռեզիդենտի մոտ իրականացված շահութահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում:

Խորհրդի անդամի գործուղում արտերկիր

Լիլիթ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի իր խորհրդի անդամին (որը չի հանդիսանում աշխատակից) գործուղել արտերկիր և նրան վճարել օրապահիկ: Եթե այո, վերջինիս վճարված օրապահիկը արդյո՞ք համարվում է հարկվող եկամուտ, իսկ գործուղման ծախսերը շահութահարկով նվազեցվո՞ղ են:

Ամորտիզացիոն ժամկետների նվազեցում

Գուրգեն.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.

Ընկերությունն իր հիմնական միջոցների համար սահմանել է ամորտիզացիոն ավելի երկար ժամկետ, քան սահմանված նվազագույն ժամկետը “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքում: Ներկայումս ընկերությունը ցանկանում է փոփոխել ամորտիզացիոն ժամկետը և սահմանել այն “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքում նշված ժամկետի չափով, այսինքն նվազեցնել: Արդյո՞ք հնարավոր է դա անել, և խնդրում եմ նշել իրավական հիմքերը:

Կանխավ շնորհակալ եմ:

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է խորհրդատվական ծառայություն

Արմինե.

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է խորհրդատվական ծառայություն որոշակի զուտ գումարի դիմաց: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի համախառը/պայմանագրային գումարը, որպեսզի վճարվեն ԱԱՀ և շահութահարկը: Ո՞րն է ճիշտ մոտեցումը ստորև ներկայացվածից.

1. Զուտ գամարին ավելանում է այդ գումարի 20 տոկոսը որպես ԱԱՀ և այդ երկու գումարների 20 տոկոտոսը որպես շահութահարկ

2. Համախառն գումարից հանվում է 16.67 տոկոսը որպես ԱԱՀ և նույն համախառն գումարի 20 տեկոսը որպես շահութահարկ:

Արդյո՞ք առաջանում է շահութահարկի պարտավորություն

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Այն խորհդատվական ծառայություն է ստացել օտարերկրա ոչ ռեզիդենտ կազմակերպությունից: ԱԱՀ մասով կարծես խնդիր չկա, սակայն արդյո՞ք այս դեպքում առաջանում է շահութահարկի 20 տոկոս պարտավորություն կազմակերպության մոտ որպես հարկային գործակալ: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք կազմակերպությունը վճարելու է նվազագույն շահութահարկ

Հակոբ.

ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: Տարեվերջին տալիս է տարեկան շահութահարկ, տարվա ընթացքում 1 տոկոս կանխավճար շրջանառությունից վճարելու՞ է, թե՞ ոչ:

Արտոնագրային վճար վճարողը շահութահարկի կանխավճար պե՞տք է վճարի

Anka.

Հարգելի հաշվապահներ, արտոնագրային վճար վճարողը շահութահարկի կանխավճար պե՞տք է վճարի, թե՞ ոչ: Հարկայինի թեժ գծով ասել են, որ պետք է վճարի:

Արդյո՞ք հասնում է վարչական տուգանք

Հակոբ.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք.
1. վարսավիրական կազմակերպությունը սպը է, 2012թ.աշխատել է արտոնագրային վճարով, 2012թ տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ չի ներկայացվել, նման դեպքում վարչական իրավախախտման տուգանք հասնու՞մ է, թե՞ ոչ

2. հաստատագրված վճարողը տարեվերջին տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնելու՞ է, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Շահութահարկի վճարումը ուշացնելու դեպքում

Մերի.

Բարև ձեզ, շահութահարկի վճարումը ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար քանի՞ տոկոս տույժ է սահմանված:

Արդյո՞ք կարելի է ճշգրտված հաշվարկ ներկայացնել

Vaxinak.

Հարգելի հաշվապահներ, հարկայինում կամերալ ստուգումների-ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շահութահարկի հաշվարկում կան որոշակ սխալներ: Այդ սխալը կախված է նաև նախորդ տարվա 1-ին եռամսյակի ԱԱՀ հաշվարկից: Կարո՞ղ եմ ժամանակաշրջանի նշված ԱԱՀ հաշվարկում ճշգրտում տալ, թե՞ արդեն ուշ է: Իմ իմանալով` ճշգրտում չենք կարող տալ միայն ստուգումների ժամանակ կամ հետո: Էլի նշեմ, որ դա ընդամենը կամերալ ուսումնասիրություն է:

Չհիմնավորված ծախսերի արտացոլում

Վարդուհի.

Բարև Ձեզ: Ես լրացրել եմ շահութահարկի պարզեցված հաշվարկ, որում համախառն եկամտից նվազեցվող ուղղակի ծախսերում ցույց չեմ տվել վառելիքի ձեռք բերման գումարը, քանի որ այն ձեռք եմ բերել գնման ակտով, և ոչ մի ուրիշ հիմնավոր փաստաթուղթ չի կցվել դրամարկղի ելքի օրդերին: Եվ քանի որ միայն գնման ակտով կատարված ծախսը համարվում է չհիմնավորված ծախս, ապա շահութահարկի հաշվարկում այն որպես ծախս չի ճանաչվում: Հարցս հետևյալն է. հաշվեկշռուվ ո՞ր տողում ցույց տամ չհիմնավորված ծախսերը:

Շահութահարկի հաշվարկի լրացման վերաբերյալ

Ani.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ լրացնել շահութահարկի հաշվարկի 4-րդ աղյուսակը, եթե ես մատուցում եմ համակարգչային ծառայություն: Կանխավ շնորհակալ եմ:

Համախառն եկամտից նվազեցվող կորուստների չափեր

Արմեն.

Հարգելի կոլեգաներ, որո՞նք են “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում նշված` համախառն եկամտից նվազեցվող կորուստների չափերը: Խնդրում եմ գրել համապատասխան որոշման համարը:

ՀԿ-ների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվություններ

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել, թե ՀԿ-ները պե՞տք է ՊԵԿ ուղարկեն “Շահութահարկի պարզեցված հաշվարկ” 2012թ. համար կամ մի ինչ-որ ուրիշ հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Վառելիքի ծախսի նորմաներ

Հարություն.

Հարգելի գործընկերներ, համաձայն “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 16` համախառն եկամտից չեն նվազեցվում ձեռքբերված վառելիքի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափերը գերազանցող ծախսերը: Արդյո՞ք արդեն կա կառավարության համապատասխան որոշումը:

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Արա Ա.

Հարգելի կոլեգաներ, շահութահարկի հաշվարկը լրացնելիս այսպիսի մի հարց է առաջացել. կազմակերպությունը հաշվետու տարում (2012) վնասով է աշխատել (-100 միավոր), սակայն տարվա ընթացքում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է 2011-ին պակաս ցույց տրված եկամուտ (110 միավոր): Երբ այդ պակաս ցույց տրված գումարը տեղադրում ենք “հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս (ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները)” տողում, 2012-ին օգուտ է ստացվում (10 միավոր), սակայն.

“Հաշվետու տարվա շահութահարկի գումարը” (0600) տողը (10 * 20 % = 2 միավոր) պակաս է “- այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարը (0600Ա) տողից (110 * 20 % = 22 միավոր), ինչը տրամաբանական չէ, և էլեկտրոնային հաշվետվությունների ծրագիրը չի էլ ընդունում:

Հարց 1. Որտե՞ղ է արտացոլվելու ստուգմամբ հայտնաբերված 110 միավոր եկամուտը և դրան համապատասխան` 22 միավոր շահութահարկը

Հարց 2. Արդյո՞ք այդ 22 միավոր 2011 տարվա շահութահարկը պետք է մասնակցի 2013թ. կանխավճարների հաշվարկին:

Արդյո՞ք նպաստի գումարը նվազեցվում է շահութահարկի հաշվարկի ժամանակ

helen.

Հարգելիներս, հարցս հետևյալն է, խնդրում եմ արագ արձագանքել. ֆիզ արձակուրդի գումարը շահութահարկում ծախս չեմ կարող չէ՞ համարել և նվազեցնել:

Կազմակերպությունը ապահովագրական փոխհատուցում է ստացել

Kristina.

Բարև Ձեզ:

1. Եթե ԱՊՊԱ-ից ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի համար փոխատուցվել է 100 000 դրամ, ապա դա դիտվու՞մ է որպես եկամուտ ՍՊԸ-ի համար (Շահույթահարկի պարզեցված հաշվարկի մեջ 0103 տողում լրացնե՞մ այդ 100 000-ը):

2. Այդ 100 000-ը ՍՊԸ-ն փոխանցել է ավտոտեխսպասարկման կազմակերպությանը վերանորոգման համար (փաստաթղթերով հիմնավորվել է), ապա այդ ծախսը ցույց տամ Շահութահարկի պարզեցված հաշվարկի մեջ 0201 տողում, թե՞ 0202 տողում:

Գիշերավարձի նվազագույն և առավելագույն չափեր

Սոնա Հայրապետյան.

Խնդրում եմ, անհապաղ պատասխանեք: Առանց հիմնավորող փաստաթղթի գիշերավարձի նվազագույն և առավելագույն չափն ինչքա՞ն է: Այսինքն՝ որքա՞նը կարելի է ծախս ճանաչել շահութահարկի հաշվարկի ժամանակ:

Կանխավ շնորհակալություն:

Նվազագույն շահութահարկի վերաբերյալ

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. կազմակերպությունը 2013-ից դառնում է շրջանառության հարկ վճարող, այդ դեպքում նա հունվարին պարտավո՞ր է վճարել 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկը: Եվ ընդհանրապես, եթե տարվա շահութահարկը փոքր է եղել նվազագույն շահութահարկի հանրագումարից, ի՞նչ են արվելու ավել վճարված նվազագույն շահութահարկի գումարները: Կանխավ շնորհակալ եմ:

Շահութահարկի հաշվարկի հետ կապված

Աննա.

Բարև ձեզ: Եթե կարող եք, շտապ օգնեք Շահութահարկի հաշվարկի հետ կապված: 2012թ. նվազագույն շահութահարկի գումարը կազմել է 200.000 դրամ, հաշվետու տարվա շահութահարկի գումարը 150.000 դրամ, կատարել եմ կանխավճարներ 900.000 դրամ (300.000*3), 4-րդ եռ. կանխավճար չեմ կատարել: Այդ դեպքում Ակտիվների և Պարտավորությունների աղյուսակում պե՞տք է նշել կրեդիտորական պարտքեր բյուջեներին 300.000 դրամ կամ դեբիտորական պարտքեր բյուջեներին 700.000 դրամ (900.000-200.000):

Շնորհակալություն:

Հարկատուն զբաղվում է գյուղատնտեսությամբ

H.

Հարգելի հաշվապահներ, եթե հարկատուն զբաղվում է գյուղատնտեսությամբ և նրա համախառն եկամտի մեջ 15%-ը այլ գործունեությունից ստացված եկամուտ է, այդ դեպքում շահութահարկ վճարո՞ղ է համարվում այդ 15%-ի չափով:

Շահութահարկի կանխավճարների վերաբերյալ

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ըստ 2011 թվականի շահութահարկի հաշվարկի ես կատարել եմ կանխավճարներ` եռամսյակային գումարը 400.000դրամ (արդեն վճարել եմ 1.200.000դրամ), հաշվետու տարում 2012 թվականին հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարը կազմել է 204.000դրամ, հարկվող շահույթը = 0:

1. 2013թ. այդ 1.200.000 դրամը երևալու է որպես գերավճա՞ր, որովհետև 2012թ.շահույթ չունեմ
2. 2013թ. համար կանխավճարի գումարը ինչքա՞ն է կազմում 0 դրամ շահույթի դեպքում

Շնորհակալություն:

ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների վերաբերյալ

Աստղ Վ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապաներ: Խնդրում եմ պատասխանել ԱԱՀ վճարող համարվողներին վերաբերող իմ երկու հարցին.

1. ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունները ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանում նվազագույն շահութահարկը ինչպե՞ս են հաշվարկում

2. ԱԱՀ վճարող համարվող հարկատուների հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է… ինչո՞վ: