
Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրի նոտարական վավերացում
Արսեն.
Հարգելի հաշվապահներ,
ապրիլի 25-ին պետք է ֆիզ. անձից վարձակալեմ բնակարան: Բնակարանը շահագործվելու է որպես հյուրատուն: Վարձակալության պայմանագիրը կնքվեոլու է ֆիզ. անձի և ԱՁ-ի միջև:
Խնդրում եմ պատասխանել, թե արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրի նոտարական վավերացում:
Կանխավ շնորհակալություն:

Վարձակալության պայմանագիրը ճանաչվել է առոչինչ
Armen.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունը գտնվում է ստուգման մեջ (2011թ.): Բացահայտվել է, որ վարձակալության պայմանագիրը նոտարով հաստատված չէ, և ես իրավունք չունեի հաշվանցել ԱԱՀ-ն, քանի որ փաստաթուղթը առոչինչ է: Մենք անհապաղ կնքեցինք պայմանագիրը նոտարով, որում նշվեց, որ պայմանագրի դրույթները գործում են 01.01.2011-ից (դա թույլատրվում է համաձայն քաղ. օրենսգրքի 441 հոդվածի): Արդյո՞ք մենք ազատվում ենք դրանով տույժերից, թե՞ ոչ: Մի կարևոր նշում ևս` կարող է պայմանագիրը ճանաչվել առոչինչ, բայց չէ՞ որ իրականում մենք վճարում ենք հաշիվ ֆակտուրայի հիման վրա, ոչ թե պայմանագրի, այս դեպքում հաշիվ ֆակտուրան է՞լ է դառնում առոչինչ: Նախօրոք անչափ շնորհակալություն:

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման
Հարություն.
Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը ցանկանում է վարձակալությամբ տարածք վերցնել ֆիզ. անձից: Լսել ենք, որ 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը այլևս ենթակա չեն նոտարական վավերացման: Արդյո՞ք դա ճիշտ է, և ո՞ր իրավական ակտով է տեղի ունեցել այդ փոփոխությունը:

Արդյո՞ք անհրաժեշտ է նոտարական վավերացում
Աննա.
Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի նոտարական վավերացում անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Միայն երկու կողմերի` վարձակալի և վարձատուի ստորագրությունը բավարա՞ր է վարձակալության գումարը ծախս ճանաչելու համար:

Կոմունալ վճարները ծախս դիտելու համար
Մարիա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն անհատույց վարձակալել է տարածք գուրծունեությունը ծավալելու համար: Արդյո՞ք պարտադիր պետք է այդ տարածքի հետ կապված կոմունալ վճարները` հեռախոսը, էլեկտրաէներգիան և այլն ծախս դիտելու համար անվանափոխել ՍՊԸ-ի անունով, թե՞ վարձակալման պայմանագիրը նոտարական հաստատումով բավարար է:
Շնորհակալ եմ:

Լիազորագիր առանց նոտարական վավերացման
ANITA.
Բարև Ձեզ: Ցանկանում էի տեղեկանալ` արդյոք ֆիզ. անձը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի իր փոխարեն բանկային գործարքներ կատարելու համար: Նախապես շնորհակալ եմ:

Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս
Սրբուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս, ինձ տարածքի վարձակալության պայմանագրի ձև է անհրաժեշտ: Պայմանագիրը պետք է նոտարով վավերացնեմ և կադաստրում վարձակալության վկայական վերցնեմ, նոտար և կադաստր ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ, ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Եկամտահարկի գումարը 10 տոկոս է չէ՞ կազմում, եկամտահարկի գումարը վճարում և եռամսյակային հաշվետվությամբ ներկայացնում եմ ես, թե՞ կազմակերպությունը: Շատ շնորհակալություն srbuhy շնիկ mail.ru

Պայմանագրի փոփոխում
Ata.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ և հետևաբար խնդրում եմ օգնեք ինձ: Եթե հիմնադիրն ու տնօրենն է փոխվում (երկուսն էլ նույն մարդն է), ֆիզ. անձից տարածք է վարձակալել, իհարկե վարձակալության պայմանագրով, որը նոտարով կնքված է, այդ դեպքում պարտադի՞ր է, որպեսզի փոխվի պայմանագիրը, և տարբերություն կա՞ անհատույց օգտագործման է, թե վարձակալած: Եվ եթե պայմանագրի ժամկետը լրացել է, ինչպե՞ս պետք է վարվել: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից
Կարինե.
Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա նոտարական վավերացում և կադաստրային գրանցում, պայմանագրի մեջ նշված կոմունալ ծախսերը կատարում է վարձակալը: Բայց վարձակալը որպես բաժանորդ գրանցված չէ, այս դեպքում ես կարո՞ղ եմ կոմունալ ծախսերը դիտել որպես կազմակերպության ֆինանսական ծախսեր` բնականաբար շահութահարկից չնվազեցվող:

Ընկերության գործունեության հասցեի հետ կապված
Սոնա.
Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և իմ առաջին գործն եմ վերցրել և շատ եմ զգում Ձեր օգնության կարիքը: Ընկերությունը նորաբաց ՍՊԸ է, որը դեռ չունի գործունեության հասցե: Տնօրենը ցանկանում է վարձակալել տարածք: Ուղղակի գործունեության բնույթը այնպիսին է, որ տարածքը իրականում այդքան էլ պետք չի գալու (ինտերնետ առևտուր): Իսկ հիմա հարցերս.
1. Հնարավո՞ր է որպես գործունեության հասցե ձևակերպել տնօրենի բարեկամներից մեկի բնակարանը, որում մարդիկ են ապրում:
2. Օֆիսային տարածքներ տրամադրող շենքերից մեկում, երբ տարածք էինք նայում, ասեցին, որ վարձակալության պայմանագիրը կարող է տվյալ դեպքում նոտարով չհաստատվել, այլ ներքին պայմանագիր կնքել: Դա հնարավո՞ր է: Թե՞ ամեն դեպքում վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով:
3. Եթե վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով, ի՞նչ քայլեր են պետք դրա համար և ի՞նչ ծախսեր կան:
Շատ շնորհակալություն:

Կնքվել են փոխառության պայմանագրեր
Արթուր Կաղզվանցյան.
Կխնդրեի խորհրդատվություն հետևյալ հարցի վերաբարյալ` կնքվել են երկու փոխառության պայմանագրեր դրամ տրամադրելու վերաբերյալ, որոնցից առաջին պայմանագրի վաղեմության ժամկետը լրացել է: Փոխառուն հրաժարվում է վերադարձնել նոտարով կնքված երկու պայմանագրերով նախատեսված գումարները: Վեճի լուծումը հանձնվել է դատարանի քննությանը: Հարցս հետևյալն է` եթե դատարանի որոշմամբ կիրառվի վաղեմության ժամկետը, և առաջին պայմանագիրը համարվի անվավեր, այսինքն փոխառուն ազատվի առաջին պայմանագրով նախատեսված գումարը վճարելու պարտավորությունից, ապա ի՞նչ հնարավոր միջոցների է կարելի դիմել: Արդյո՞ք հնարավոր է փոխառուին ենթարկել քրեական պատասխանատվության խարդախության համար, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178/179 հոդվածների: Հուսով ենք, որ հայցը երկրորդ պայմանագրի մասով դատարանի կողմից կբավարարվի, քանի որ չունի վաղեմության ժամկետի խնդիր:
Կանխավ շնորհակալություն:

2 ՍՊԸ կնքել են տարածքի վարձակալության պայմանագիր
Մկրտիչ.
Հարգելի կոլեգաներ, ունեմ հետևյալ հարց` 2 ՍՊԸ կնքել են տարածքի (անշարժ գույքի) վարձակալության պայմանագիր, որը վավերացվել է նոտարի մոտ և գրանցվել կադաստրում մեկ տարի ժամկետով: Հարկայինի տեսուչի այցի ժամանակ նա ասաց, որ այժմ ինչ որ փոփոխություն է եղել, և երկու ՍՊԸ իրար հետ կարող են պայմանագիր կնքել առանց նոտարի: Հիմա այդ պայմանագրի ժամկետը ավարտվել է, կարո՞ղ ենք արդյոք այն երկարացնել առանց նոտարի և կադաստրի մարմինների: Կամ հիմնվել քաղաքացիական օրենսգրքի 624 հոդվածի հիման վրա:

Տարածքի սեփականության վկայական
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն դարբնոցի արտադրական տարածքի և գրասենյակի համար ֆիզ. անձից շինություն է վերցրել` ամսավճարով իհարկե: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ֆիզ. անձը այդ շինության համար սեփականության վկայական դեռ չունի: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվել: Չէ՞ որ տարածքի վարձակալության համար չենք կարող նոտարով պայմանագիրը հաստատել: Ինչպե՞ս վարվել, որ ամեն ինչ օրինական լինի և հնարավոր լինի այդ վարձավճարը ծախս ճանաչել:

Վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում
Գուրգեն.
Հարգելի մասնագետներ,
կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և համաձայն պայմանագրի վարձակալական հիմունքներով զբաղեցնում է ՊՈԱԿ տարածքի մի մասը: Տվյալ ՊՈԱԿ-ը, կադաստրային մարմինների հետ որոշակի խնդիրներից ելնելով, չի կարող կազմակերպությանը տրամադրել սեփականության իրավունքի վկայական, և հետևաբար վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում:
Ինչպե՞ս կվերաբերվեն հարկային մարմինները վերը նշված պայմանագրին, ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հաշիվներին և սույնով պայմանավորված կազմակերպության ծախսերին:
Շնորհակալություն:

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման
Anush.
ՍՊԸ-ն ձևակեպել է ոչ բնակելի տարածքի անհատույց ստացման պայմանագիր ֆիզ. անձի հետ: Արդյո՞ք այդ պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, թե՞ այդ պայմանագիրը բավարար է, որպեսզի գործունեության ծավալման վայր հանդիսանա այդ տարածքը (իրավաբանական հասցեն այլ քաղաքում է):
Շնորհակալ եմ:

Պայմանագրի փոփոխություն
Հայկուշ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ -ն կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ նոտարով: Որոշ ժամանակ անց նրանք կարող՞ են առանց նոտարի պայմանագրի վարձավճարի կետի վերաբերյալ փոփոխություն անել գրավոր, երկու կողմի ստորագրությամբ և կցել պայմանագրին որպես նրա անբաժան մաս: Կանխավ շնորհակալություն:

Նոտարական վավերացում
Հովհաննես.
Հարգելի կոլեգաներ խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
2009 թ-ին ֆիզիկական անձի հետ կնքվել է անշարժ գույքի/տան/ վարձակալության պայմանագիր /3-ամիս/,եկամտահարկը 10-% պահել և վճարվել է պետ. բյուջե,ֆիզիկական անձին վճարումն հիմնավորող փաստաթղթերը կան:
Կնքված պայմանագիրը նոտարական վավերացում չունի: Խնդրում եմ ասեք եթե պ/գ-ը նոտարական վավերացում չունի ինչ խնդիր կառաջանա,ասեմ նաև այդ գումարը համախառն եկամտից նվազեցրել եմ:
Վերջին մեկնաբանություններ