
Wildberries գործունեության վերաբերյալ
Անի․
Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ օգնել Wildberries-ում վաճառողի հաշվառման հարցերում։ ԱՁ–ն դեռ չի բացվել, պլանավորում է իրականացնել օնլայն վաճառք Wildberries–ում։
1) Այս դեպքում վաճառողը ԱԱՀ, թե՞ շրջհարկի հայտ պիտի տա (կարո՞ղ եք օրենսգրքից հղում տալ):
2) Ամեն վաճառքից հետո e-invoicing-ով մատակարարի անունից պիտի՞ հաշիվ գրենք ֆիզ անձի անունով
3) Եթե վաճառքները (օնլայն գնորդները) նաև ՌԴ–ում են լիելու, ապա դա դիտարկվելու՞ է որպես արտահանում
4) Իսկ ինչու՞ պետք է հաշիվ գրենք Wildberries–ին (ինչպես նշված էր բազմաթիվ մեկանաբանությունում)։
5) Wildberries-ից առանձին թղթային հաշիվներ ստանալու դեպքում պե՞տք է գրվի ինքնահաշիվներ
Այս հարցում փորձառու ընկերներ Խնդրում եմ օգնեք։

Ներմուծման ձևակերպումներ
Գոհար․
Բարև Ձեզ։ ԵՏՄ-ից ներմուծվել են հիմնական միջոցներ, որոնց տեղափոխումը իրականացրել է բեռնափոխադրող ընկերությունը: Ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրի համաձայն կատարվել է ԱԱՀ-ի վճարում: Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ են տրվելու հիմնական միջոցների ձեռք բերման, ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման, բեռնափոխադման ծառայության դիմաց վճարման համար: ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է:

ԱԱՀ հետաձգում
Էլինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել՝ ԱԱՀ հետաձգում հասկացությունը ի՞նչ գործողություններ է պահանջում։ Խոսքը գնում է 2021թվականին ներմուծված որպես ՀՄ համակարգիչների մասին (8471 կոդով) ։ Ներմուծելու պահին ԱԱՀ չի վճարվել, պահանջ չի եղել։ Ենթադրել եմ, որ դա մեխանիկորեն է կատարվում։ Մաքսայինի թեժ գծի հետ խոսալուց, եթե ճիշտ հասկացա, պարզվում է, որ դիմում պիտի գրվեր, որպեսզի ԱԱՀ պարտավորությունը համարվեր հետաձգված։ Եվ հիմա, քանի որ դիմում չի գրվել, դա դուրս է գալիս, որ չկատարած հարկային պարտավորություն է, և պիտի գանձվի տույժերով ներառյալ, բայց միասնական հաշվում չունեմ ԱԱՀ մասով պարտավորություն։ Խնդրում եմ՝ ով ունեցել է ԱԱՀ-ի հետաձգման փորձ, արձագանքել, կանխավ շնորհակալ եմ։

Լիզինգի ձևակերպումներ
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն լիզինգով ստացել է հիմնական միջոց։ Գույքի ձեռքբերման գինը՝ 57 600 000, կանխավճարի չափը՝ 5 760 000, պայմանագրի գումարը՝ 51 840 000։ Լիզինգային ընկերությունից ստացել ենք հարկային հաշիվ՝ վարձավճար 594 900 ներառյալ ԱԱՀ և տոկոսագումար 677 000 առանց ԱԱՀ։ Որ խնդրեմ՝ կասե՞ք, թե հաշվապահական ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվի։

Արտահանված ապրանքի վերադարձ
Քրիստինե․
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ կազմակերպությունը փետրվարի 7-ին կատարել է արտահանում, պատվիրատուն ապրանքը ընդունել է, հետո հայտնաբերել է թերություններ և մարտի 10-ին հետ է ուղարկել: Հարցս հետևյալն է՝ կատարոել է արտահանում և պետք է 0-ական հարկով թիվը լրացնել ԱԱՀ-ի փետրվարի հաշվետվության մե՞ջ, և հետ վերադարձը որպես ներմուծում մարտ ամսվա հաշվետվության մե՞ջ, թե՞ ուրիշ բան էլ պետք է արվի (ներմուծման ժամանակ մաքսային վճարներ չեն եղել):

ԱԱՀ վերադարձ
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի վերադարձի համար ցանկանում եմ լրացնել 261 ձևի հաշվետվությունը։ 2022 թվականին ներկայացված ԱԱՀ-ի հաշվետվություններից առաջացել է․
2022-Հունվար՝ 550 000 դեբետ
2022-Փետրվար 250 000 կրեդիտ
2022-Մարտ 300 000 դեբետ
2022-Ապրիլ 400 000 կրեդիտ
2022-Մայիս 600 000 դեբետ
Կասե՞ք՝ 261 ձևի հաշվետվության մեջ ամիսները ի՞նչ գումարներով լրացնեմ, որ 800 000 դեբետային գումարը վերադարձնեն։

Ներմուծման ձևակերպումներ
Կարինե․
ՍՊԸ-ն ՌԴ-ից սարքավորումներ գնելու նպատակով 26.09.2022թ. ՌԴ մատակարարի ներկայացրած հաշիվ-ապրանքագրի համաձայն նրան է վճարել 1.462.000 ռուբլի: 13.10.2022թ. ներմուծվել են սարքավորումները, և ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է ներմուծման հարկային հայտարարագիր 9.298.320 դրամ հարկման բազայով , ԱԱՀ-ն՝ 1.859.664 դրամ: 25.20.2022թ. վճարվել է ԱԱՀ-ն: Սարքավորումները տեղափոխելու համար բեռնափոխադրողին 25.10.2022թ. վճարվել է 690.200 դրամ: 12.12.2022թ. ՊԵԿ-ի կողմից վերադարձվել է միասնական հաշվում եղած գերավճարի գումարը՝ 1.844.900 դրամ: Խնդրում եմ օգնել հաշվապահական ձևակերպումների հարցում: Կանխավ՝ շնորհակալություն:

Շրջանառության հարկի վերաբերյալ
Կարեն․
Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60 տոկոս:
Հարց․ կասե՞ք՝ ի՞նչ է նշանակում այս միտքը։ Եթե կարելի է՝ օրինակ կբերե՞ք։

Ներկայացվել է ԱԱՀ հաշվետվություն
Կիմա․
2022 թվականին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն է ներկայացվել, հիմա տեսնում եմ, որ հաշվապահը ԱԱՀ-ի հաշվետվություն է ներկայացրել, խնդրում եմ կասե՞ք՝ դա արդյոք ինչի հետևանքով կարող է լինել, հնարավո՞ր է արդյոք փոխել դա։

ԱՁ-ն անցել է ԱԱՀ շեմը
Թամարա․
Հարգելի հաշվապահներ, ունեմ 1 հարց. ԱՁ -ը (ռեստորան) աշխատել է շրջ. հարկով: 2022թ․ նոյեմբերի 30 ից անցել է 115 մլն. շեմը և համարվել է ԱԱՀ վճարող։ Նոյեմբերի 1 օրվա համար ուղարկել ենք ԱԱՀ հաշվետվություն: Ասացեք խնդրեմ՝ շահութահարկի հաշվարկում պետք է ներառվի ամբո՞ղջ նոյեմբերի տվյալները, թե միայն նոյեմբեր 30 -ի տվյալները՝ դեկտեմբերի հետ միասին, և այդ ամիսներին ձեռք բերված ՀԴՄ կտրոնները (Սիթի) կարո՞ղ են համարվել ծախս՝ շահութահարկի հաշվարկում: Շնորհակալություն:

Լիզինգի ԱԱՀ հաշվանցում
Արթուր․
ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն Լիզինգով մեքենա է ձեռք բերել սերվիսից, և Լիզինգը դուրս է գրում հաշիվ, արդյո՞ք կարող ենք ԱԱՀ-ն հաշվանցել։

Ծառայությունների արտահանում
Աննա․
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, ծառայություններն արտահանում է (0-ական ԱԱՀ) և պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր: Եթե ճիշտ եմ հասկանում՝ հաշիվ վավերագիրն դուրս է գրվում ծառայության մատուցումն ավարտելուց, իսկ հարկերն պետք է հաշվել վավերագիրն դուրս գրելու ԿԲ օրվա փոխարժեքով:
Հարցերս հետևյալն են․
1) Կարելի՞ է հաշիվ վավերագիր դուրս գրել նախորդ ամիսների ծառայությունների համար, եթե վարձատրությունն խմբավորված են փոխանցելու
2) Պե՞տք է մանրամասնել հենց որ ամիսների աշխատանքի համար է, թե՞ բավար է պարզապես նշել ծառայության տեսակն ու գումարի չափն
3) ԱԱՀ հաշվետվությունը ներկայացնելուց փաստաթուղթն դուրս է գրելու՞ օրն է էական, թե՞ գումարն հաշվին նստելու: Օրինակ, եթե հաշիվ վավերագիրն դուրս գրվի ամսվա վերջում, սակայն գումարն հաշվին նստի հաջորդ ամիս:

Ապրանքը ՀՀ սահման չի հատելու
Տաթև․
Հարգելի հաշվապահներ հարցս հետևյալն է՝
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով , և ցանկանում է մի երկրից ապրանք գնել և վաճառել մեկ այլ երկրի, ապրանքը ՀՀ սահման չի հատելու և ՀՀ-ի կազմակերպությունը հանդիսանում է միջնորդ, որի արդյունքում կունենա եկամուտ։ Խնդրում եմ ասել՝ այս ամենը օրենքին հակասու՞մ է, եթե ոչ, կասե՞ք՝ ինչպե՞ս է փաստաթղթավորվում այս ամենը։ Կանխավ շնորհակալ եմ

Մուտքի օրդեր ընդհանուր գումարով
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ֆիրման իրականացնում է մանրածախ վաճառք։ Օրենք թույլ տալի՞ս է արդյոք 5 օրվա կատարված մանրածախ վաճառքից կանխիկ ստացված ընդհանուր գումարի մուտքը գրանցեմ դրամարկղային գրքում, այլ ոչ թե ամենօրյա մանրածախ վաճառքից ստացված կանխիկ գումարը։

ԱԱՀ հաշվարկի լրացում
Տիրուհի․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող Ընկերությունը գրել է ինքնահաշիվ ՝ արտերկրից ստացված ծառայության մասով։ ԱԱՀ-ի հաշվետվության 10-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ի գծով լրացուցիչ պարտավորություն։ Հարցս հետևյալում է․ իսկ որպես ստացված ծառայություն պետք է լրացնել 18-րդ տողու՞մ և համապատասխան ԱԱՀ-ի դեբետը 18ա-ու՞մ։

Արտահանում ՌԴ
Լուսինե․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը Թուրքմենստանից ձեռք է բերել ապրանք և արտահանել Ռուսաստան այլ գնով։
Մատակարարման վայրը ՌԴ է։
1․ Այս դեպքում լրացվու՞մ է արդյոք ԵՏՄ հայտարարագիր արտահանման համար։
2․ Տարբերությունը արդյո՞ք արտացոլվում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում։

Հաշիվը ուշ է ստորագրվել
Գրիգոր․
Կազմակերպությունը 2022թ․ հոկտեմբեր ամսվա ձեռք բերված ծառայության (էլեկտրաէներգիայի) հաշիվը ստորագրել է 2023թ հունվարի 10-ին:
Հարց 1․ 2023թ․ հունվար ամսվա ԱԱՀ-ի միասնական հաշվարկի 18-րդ տողու՞մ է արտացոլվում, թե՞ ցույց է տրվում 2022թ, հոկտեմբեր ամսվա ԱԱՀ-ի միասնական հաշվարկի 18-րդ տողում, այնուհետև 20-րդ տողում պակասեցվում է, իսկ 2023թ, հունվար ամսվա հաշվետվության 20-րդ տողում՝ ավելացվում:
Հարց 2․ Եթե արտացոլենք 2023թ, հունվար ամսվա միասնական հաշվարկի 18-րդ տողում, ապա այդ դեպքում կարո՞ղ ենք արդյոք 2022թ հոկտեմբեր ամսվա համար էլեկտրաէներգիայի ծառայության արժեքը ծախս համարել:

Ծրագրային ապահովման ծառայություններ
Աստղ․
Բարև Ձեզ: 2022 թվականին մեր ԱԱՀ–ով աշխատող ընկերությունը ծրագրային ապահովման ծառայություններ է մատուցել ՌԴ ֆիզ․ անձերին և ստացել գումարներ: Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, ինքնահաշիվ պե՞տք է գրել, թե՞ ոչ։

ԱԱՀ վերադարձ արտահանման դեպքում
Նարինե․
Բարև ձեզ։ ԱԱՀ վճարող, տնտեսական, խոհանոցային, պլաստմասե տարաներ արտադրող կազմակերպությունը ցանկանում է ապրանք արտահանել երրորդ երկիր։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ կարո՞ղ եմ ԱԱՀ ետ ստանալ։ Ի՞նչ չափանիշերի պետք է համապատասխանի։ 71 և 72 հոդվածները կարդացել եմ, սակայն կուզեմ փաստացի արտահանող կազմակերպության հաշվապահից իմանալ առավել մանրամասն, ով փորձ ունի տվյալ դաշտում, կանխավ շնորհակալություն։

ԱԱՀ-ի հաշվանցում
Արթուր․
Եթե ՌԴ-ից ներմուծում ես ապրանք, որի արժեքի մեջ ներառված է արդեն ԱԱՀ-ն, դա ինչ որ ձև հաշվանցվում կամ վերադարձվու՞մ է, թե՞ ոչ։
Վերջին մեկնաբանություններ