Աշխատողների թվի, աշխատավարձի չափի, մասնագիտությունների, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի թվի և մասնագիտական հիվանդությունների թվի մասին հաշվետվություն

Anna.

Բարև ձեզ: Ես կարդացի լրացման կարգը, բայց այդքան էլ լավ չեմ հասկացել: Կարո՞ղ եք ինձ ասել (Աշխատողների թվի, աշխատավարձի չափի, մասնագիտությունների, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի թվի և մասնագիտական հիվանդությունների թվի մասին) տարեկան հաշվետվության մեջ աշխատողների թիվը և աշխատավարձի չափը ինչպե՞ս են որոշում: Ըստ ամիսների և տարեկան, կարո՞ղ եք օրինակ բերել: Նաև մի հարց` աշխատավարձի չափի մեջ ներառվու՞մ է վերջնահաշվարկի գումարը և դեկրետի գումարը (140օր): Շնորհակալություն:

Կազմակերպությունը ապրանքներ է մատակարարում ՀՀ սահմաններից դուրս

Artur.

Հարգելի հաշվապահներ, օգնեք մի հարցի մասով: ԱԱՀ վճարող և էլեկտրոնային հաշիվներ դուրս գրող կազմակերպությունը ապրանքներ է (արտադրանք) մատակարարում ՀՀ սահմաններից դուրս: Խնդրում եմ ասել` ԱԱՀ-ի հետ կապված ի՞նչ հարցեր կարող են առաջանալ, և բեռնափոխադրողին ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել:

Հայտի ներկայացում սոցապ

Արամ.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն բացելուց հետո որքա՞ն ժամանակ ունենք ներկայացնել տնօրենի հայտը սոցապ, և որտեղ է դա ֆիքսված (ո՞ր օրենքի մեջ փնտրեմ):

Սոցապ վճարների դրույքաչափեր

Anna.

Բարև ձեզ: Եթե ձեզ դժվար չէ, ապա օգնեք ինձ հասկանալ` 2012թ. հունվարի 1-ից աշխատողների գործատուի սոցապ վճարը ՍՊԸ-ի համար նվազագոյն 7000 դրամ դարձրել են 9000 դրամ, դա վերաբերում է ՍՊԸ՞, թե՞ ԱՁ-ին: Եթե դա վերաբերում է ՍՊԸ, ապա դուք կարո՞ղ եք գրել դրույքաչափերը:

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Dina.

Ա կազմակերպությունը Բ կազմակերպությանը գործառնական վարձակալության հիմունքներով հիմնական միջոց է տվել 120000 դրամով ներառյալ ԱԱՀ: Բ կազմակերպությունը Ա-ին փոխարենը տալիս է ապրանք, և դրանով լուծվում են պարտքի ու պահանջի հարցերը: 2 կազմակերպություններն էլ աշխատում են ԱԱՀ-ով, մի կողմից գնում ենք ԱԱՀ-ով ապրանք առանց վճարելու, մյուս կողմից վաճառում` չստանալով որևէ գումար: Արդյո՞ք ԱԱՀ հաշվանցելու հարցում որևէ խնդիր կառաջանա:

Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի վերաբերյալ

Մարիամ.

Ասացեք խնդրեմ, թե նոր առաքման գրքերը երբվանից են ուժի մեջ մտնում, և ինչպես կարելի է գտնել 2011թ.-ի դեկտեմբերի 30-ի առաքման գրքի մասին որոշումը: Կանխավ շնորհակալություն:

Գույքագրում

Lia.

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ իմ էլ. փոստին ուղարկեք գույքագրման ամբողջ փաթեթը ամենայն մանրամասնությամբ (թե ինչպես է կատարվում գույքագրումը, երբ և այլն) lia.kazaryan շնիկ mail.ru Կանխավ շատ շնորհակալություն:

Նվազագույն աշխավարձը ժամավճարով աշխատելու դեպքում

Հասմիկ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել, թե որքան կարող է կազմել նվազագույն աշխատավարձը 1 ժամի համար ժամավճարով աշխատելու դեպքում:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել գործունեություն չծավալելու դեպքում

Aneta.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ ԱՁ, բայց ոչ մի գործունեություն չեմ ծավալում, ամսական վճարում եմ 5000 դրամ: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպիսի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:

Ճշգրտված հաշվարկի ներկայացում

Anna.

Բարև ձեզ: 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկ եմ ներկայացրել հոկտեմբերի 19-ին 300.000 դրամ, իսկ հունվարի 15-ին 3-րդ եռամսյակի ճշգրտված հաշվարկ եմ ներկայացրել 500.000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` իմ տուգանքը հաշվելու են հունվարի 15-ի՞ց:

Ձեռքբերված ապրանքի դիմաց վճարումը անկանխիկ կատարելու վերաբերյալ

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես աշխատում եմ խանութում, և ինձ հետաքրքրում են հարկային օրենսդրության վերջին փոփոխությունները, հատկապես կապված ձեռքբերված ապրանքների համար վճարումները միայն բանկային փոխանցումների միջոցով կատարելու հետ, և դրանց խախտումից բխող պատասխանատվությունն ու տուգանքները մատակարարող և ընդունող կազմակերպությունների համար: Խնդրում են ինձ հուշել` ինչպես կարելի է ծանոթանալ այդ փոփոխությունների հետ, եւ ուղարկել օրենքի հղումը, եթե հնարավոր է: Նախապես շնորհակալություն:

Կնիք ունենալու վերաբերյալ

Արթուր.

Ճի՞շտ է արդյոք, որ օրենքով չի պարտադրվում ունենալ կնիք:

Ինչպե՞ս է ձևակերպվում գործարքը

Նանա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս է ձևակերպվում ԱԱՀ-ը գնորդ ֆիրմայի մոտ, եթե գնված ապրանքի գումարը չի վճարում և ԱԱՀ-ի հաշվանցումը հետաձգվում է, և վճարելուց հետո հաշվանցելու դեպքում ի՞նչ ձևակերպում է տրվում:
Կանխավ շնորհակալ եմ:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Գայանե.

Բարև Ձեզ: Ես կազմակերպությունում աշխատում եմ 2008թ.-ի մարտից: Այժմ հղի եմ և պատրաստվում եմ փոքրիկ ունենալ 2012թ.-ի հունիսին: Ստանում եմ 39.000 դրամ ամսական աշխատավարձ: Ուզում եմ իմանալ` մինչև որ ժամկետը պետք է աշխատեմ ֆիզարձակուրդ գնալու համար: Արդյո՞ք աշխատելու ժամկետը որևէ կապ ունի ստացվող ֆիզարձակուրդի գումարի հետ: Եվ որքա՞ն կկազմի իմ ստանալիք գումարը: Ֆիզարձակուրդից օգտվելու համար ի՞նչ ժամկետ է նախատեսված օրենքով: Եթե դժվար չէ, խնդրում եմ նշել նաև օրենքի հղումը: Նախապես շնորհակալություն:

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հանձնում-ընդունում

Անուշիկ.

Խնդրում եմ պատասխանեք: Եթե աշխատողը գլխավոր հաշվապահն է, ուզում է աշխատանքից դուրս գալ, դիմումը գրել է մեկ ամիս առաջ, բայց ընդունող հաշվապահ չկա, ինչպե՞ս պետք է վարվի, 4-րդ եռամսյակի հաշվետվությունները հանձնել է, տարեկանն էլ գրել է, ու՞մ պետք է հանձնի փաստաթղթերը: Վերջնահաշվարկը ո՞վ պետք է անի:

Երեխայի խնամքի նպաստ

Մարինե.

Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել իմ հարցը: 2010թ. հոկտեմբերից գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, 2011թ. օգոստոս-սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին չեմ ներկայացել ստանալու 18 000-ական գումարները: Նոյեմբերին ներկայացա ստանալու, մերժեցին, ասելով, որ 3 ամիս չստանալու դեպքում գումարը ետ է գնում: Դիմեցի տարածքային սոց. ծառայությանը, պարզաբանեցին, որ չստացած գումարը ետ չի վերադարձվում, սակայն հունվարից կարող եմ նոր թղթեր ներկայացնել շարունակությունը ստանալու համար: Արդյունքում չստացա 5 ամսվա գումարը և չհասկացա` ուր գնաց և ինչպես վերականգնել:

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, եթե 2-րդ եռամսյակի համար սոց. հաշվետվությունը ճշգրտված ներկայացնեմ, արդյո՞ք վարչական տուգանք կնշանակեն: Սխալը ես եմ հայտնաբերել, ստուգումներ չեն իրականացվել: Շնորհակալ եմ:

ՀԿ-ն ծառայություն է մատուցել այլ կազմակերպությանը

Անի.

Հարգելի հաշվապահներ, հասարակական կազմակերպությունը 2011թ. կատարել է մոնիտորինգի և ֆիլմերի պատրաստման աշխատանքներ մեկ այլ կազմակերպության համար: Արդյո՞ք ՀԿ-ն հարկվելու է այդ ծառայության համար, որի մոտավոր գումարը կազմում է 600 000 դրամ: Եթե հարկվելու է, ապա ի՞նչ հարկատեսակով:

Աշխատավարձի հաշվարկման կարգի փոփոխություններ

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցիս` 2012 թ-ի հունվարից ինչպե՞ս է հաշվարկվելու աշխատավարձը, արդյո՞ք կան փոփոխություններ կապված եկամտահարկի, գործատուի սոց. վճարի և 3 տոկոս սոց. վճարի հաշվարկման հետ կապված, նախապես շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրի օրինակ

Irina.

Ինձ անհրաժեշտ է վարսահարդարի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակ, խնդրում եմ աջակցել:

Կրթամշակութային հասարակական կազմակերպություն

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի ֆինանսիստներ և հաշվապահներ: Գրանցել եմ կրթամշակութային հասարակական կազմակերպություն, գործունեությունս մտադիր եմ իրականացնել հիմնականում դրամաշնորհային ծրագրերի միջոցով:

Ցանկանում եմ տեղեկանալ` հաշվապահական ինչ գործառույթներ պիտի իրականացնեմ, ինչ հարկեր պիտի մուծեմ, ինչպիսի օրենսդրություն է պետք իմանալ, որ հարկատեսակների մասով և այլն: Ներող կլինեք, եթե հարցադրումներս շատ սիրողական են: Նոր եմ սկսում:

Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահական ծրագրի վերաբերյալ

Մարիամ.

Բարև Ձեզ: Չէի՞ք ասի, թե ինչպես կարելի է ձեռք բերել 1C 8 -ի հայերեն թարգմանված տարբերակը: Նախապես շնորհակալություն: mcarukyan շնիկ bk.ru

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Emilya.

Գնել եմ ինտերնետի ֆլեշկա, գինը ամսական 6 000 դրամ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն: Ունեմ միայն պայմանագիր:

ԱԱՀ վճարելու հետ կապված

Gayane.

Եթե 1 տարվա մեջ ներմուծվել է 2 մեքենա և 2-ի համար էլ ԱԱՀ վճարվել է սահմանի վրա, այժմ պահանջում են, որ վճարենք և վաճառքի գնի 20 %, որքանո՞վ է դա ճիշտ:

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

ԼԻԱՆԱ.

Հարգելի մասնագետներ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցի պատասխանը. եթե հղին գրանցված, օրինական կարգով 2 աշխատանք ունի, որոնցից մեկը բյուջետային վարձատվություն ունի, մյուսը` ինքնաֆինանսավորվող խոշոր միջազգային կազմակերպություն է, այս դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում դիկրետային գումարը:

Կազմակերպության կողմից ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին տեղեկություններ

Gayane.

Հարգելի գործընկերներ, ասացեք խնդրեմ` “Կազմակերպության կողմից ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին տեղեկություններ”-ը այս տարի դրամներով, թե՞ հազար դրամներով ենք ներկայացնելու: Նախորդ տարի ներկայացրել ենք հազար դրամներով: Եվ 360 000-ի փոխարեն 390 000 ենք հիմք ընդունելու, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալ եմ:

Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվետվություն

Վահագ.

Ասացեք խնդրեմ` ինչպես գտնեմ ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվետվության բլանկ, և երբ է այդ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը:

Աշխատանքից ազատվելու դիմում

Կարինե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուղարկել աշխատանքից ազատվելու դիմումի ձև karine305 շնիկ rambler.ru

Արդյո՞ք իրականացվում է ԱՏԳ

Սաթեն.

Խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունն ապրանքներ է ներմուծում Հայաստան Չինաստանից: Ինվոյսում առանձին տողերով նշվում են ապրանքի արժեքը և տեղափոխման արժեքը: Տեղափոխումը կատարվում է DHL-ի կողմից: Մաքսային հայտարարագրում որպես ներմուծող նշվում է մեր կազմակերպության անվանումը:
– Արդյո՞ք իրականացվում է արտաքին տնտեսական գործունեություն
– Շահութահարկ պե՞տք է պահեմ ոչ ռեզիդենտից

Նպաստի հաշվարկ

Մարի.

Բարև Ձեզ: Ես աշխատում եմ սկսած 2011թ. մարտից: Առաջին 3 ամիսը աշխատել եմ քաղ. իրավական պայմանագրով՝ օրական 8 ժամ, հետո աշխատանքային պայմանագիր է կնքվել՝ անժամկետ: Հիմա բալիկի եմ սպասում, և օրենքով նախատեսված իմ արձակուրդը կսկսվի փետրվարի վերջին: Այսինքն՝ արձակուրդը սկսվելուց առաջ ես այս հիմնարկում միևնույն աշխատավարձով աշխատել եմ արդեն 12 ամիս: Սակայն խնդիրը նրանում է, որ մեր հաշվապահը ինձ ասաց, որ 3 ամիս քաղ. իրավական պայմանագրով իմ աշխատանքը չի հաշվարկվելու անաշխատունակության նպաստը հաշվարկելիս, քանի որ քաղաքացիաիրավական պայմանագիրը աշխատանքային պայմանագիր չէ: Պետք է նշեմ, որ 2 պայմանագրերով էլ վճարվել են օրենքով սահմանված բոլոր հարկերը: Կարո՞ղ եք ինձ ասել` արդյո՞ք հաշվապահը ճիշտ է, և եթե ոչ, ինչպե՞ս լուծեմ խնդիրը:

Ծախսի հիմնավորում պատճեով

Արփինե.

Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք օգնել ինձ մի հարցում: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ նոտարի մոտ թարգմանություններով և մուծում եմ պետ. տուրք, ինձ մոտ փաստաթղթի պատճեն է, ես կարո՞ղ եմ արդյոք դա նվազեցնել իմ եկամուտից, օրիգինալը պարտադիր մնում է նոտարի մոտ, նախապես շնորհակալություն:

Պայմանագրի ձև

Լուսինե.

Խնդրում եմ ինձ առաջարկել դպրոցի տնօրենի և տվյալ դպրոցի աշակերտներին տեղափոխող վարորդների միջև կնքվող պայմանագիր: Նախապես շնորհակալ եմ:

Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ

Արթուր.

Արդյո՞ք հաշվի են առնվում տոնական ոչ աշխատանքային օրերը հղիության ու ծննդաբերության ժամանակահատվածում:

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Հասմիկ.

Հարգելի գործընկերներ, աշխատանքային գրքույկի 4-րդ սյունակում պետք է լրացնել միայն աշխատանքի ընդունման կամ ազատման հրամանի համարը, թե՞ նաև աշխատանքային պայմանագրի համարը կամ գրանցամատյանի տվյալները:

Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս

Սրբուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս, ինձ տարածքի վարձակալության պայմանագրի ձև է անհրաժեշտ: Պայմանագիրը պետք է նոտարով վավերացնեմ և կադաստրում վարձակալության վկայական վերցնեմ, նոտար և կադաստր ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ, ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Եկամտահարկի գումարը 10 տոկոս է չէ՞ կազմում, եկամտահարկի գումարը վճարում և եռամսյակային հաշվետվությամբ ներկայացնում եմ ես, թե՞ կազմակերպությունը: Շատ շնորհակալություն srbuhy շնիկ mail.ru

ՍՊԸ 2011թ. վնասով է փակել

Anna.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք: ՍՊԸ 2011թ. վնասով է փակել: Ես այդ դեպքում ի՞նչ պետք է անեմ, կարո՞ղ եք ասել իմ հետագա քայլերը, դիմում ու՞մ գրեմ կամ մինչև ամսի քանի՞սը ներկայյացնեմ այդ դիմումը: Կարո՞ղ եք ասել` ես սկզբից ինչ պետք է անեմ:

Եկամտահարկի հաշվարկ

Էդվարդ.

Հարգելի հաշվապաներ, բացել եմ Ա/Ձ-ն 2011թ.-ի փետրվար ամսին: ԱԱՀ-ով չեմ հարկվում: Ունեցել եմ 2.301.880 դրամ շրջանառություն: Փաստաթղթավորված ծախսերս 681.349 դրամ է: Քանի որ տվյալ տարվա համար ըստ օրենքի եկամտահարկի կանխավճարներ չպետք է կատարեի, միայն չփաստաթղթավորված ծախսերի համար յուրաքանչյուր ամիս վճարել եմ 11%` ընդամենը 178.259 դրամ եկամտահարկ: ՀԴՄ չունեմ: Խնդրում եմ բացատրել` արդյոք պետք է վճարեմ այլ գումար եկամտահարկի համար, եթե այո, ապա ինչքա՞ն, կամ ինչպե՞ս հաշվարկեմ: Կանխավ շնորհակալ եմ:

ԱՕ հոդված 115-ի հետ կապված

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, կանխավ շնորհակալություն: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդված 1-ին կետի գործատուն իրավունք ունի 113-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը, այս մասին աշխատողին 2 ամիս առաջ ծանուցմամբ, հակառակ դեպքում հաշվարկվում և ենթակա է վճարման նույն հոդված 2-րդ կետով սահմանված տուժանքը: Վերոգրյալ հոդվածի դրույթներից կարելի՞ է ենթադրել, որ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ կնքված պայամանգիրը ծանուցման հաջորդ օրվանից` վերջինիս վճարելով 115-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տուժանքը:

Օրենքի պաշտոնական հրապարակման հաջորդող օր

Ա. Հայրապետյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք. նոր օրենքներում և/կամ օրենսդրական ակտերում նշվող “պաշտոնական հրապարակման հաջորդող օրն” ասելով` ո՞ր օրը պետք է հասկանալ: Արդյո՞ք Taxinfo-ով նշված ամսաթիվը: Կանխավ շնորհակալ եմ:

Նորաբաց հագուստի խանութ

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես 3 ամիս առաջ բացել եմ հագուստի խանութ, ներկրել եմ 5 մլն դրամի ապրանք, շրջանառությունս կազմել է 2 մլն 5 հարյուր հազար դրամ, ունեմ 3.5 մլն-ի հաշիվ-ֆակտուրա: Հիմա հարկային տեսուչները ինձանից պահանջում են 2 մլն 5 հարյուր հազար դրամ շրջանառությունից բացի ներկայացնել նաև ներկրված 5 մլն ապրանքի հաշիվ-ֆակտուրա: Հակառակ դեպքում սպառնում են տուգանել 5 մլն դրամի 30 տոկոսի չափով: Ճի՞շտ են արդյոք նրանք: Եթե ճիշտ են, ապա ստացվում է, որ 5 մլն-ի ապրանքը վաճառելուց հետո ես նորից հարկ պիտի մուծեմ:

Հարց 2-րդ. Արդյո՞ք հարկային տեսուչը իրավունք ունի նոր (3 ամիս առաջ) բացված խանութում ստուգումներ կատարել (հաշիվ-ֆակտուրա, ապրանքի հաշվում, ստուգում, եկամտի հաշվում և այլն ): Կանխավ շնորհակալություն:

Լուծարման հաշվեկշռի ձև

Հովսեփ.

Առկա՞ է արդյոք ՍՊԸ-ի լուծարման դեպքում պետ. ռեգիստր ներկայացվող լուծարման հաշվեկշիռի պետականորեն հաստատված ձև: Եթե այո, որտե՞ղ կարող եմ գտնել այդ Ձևը: Նախապես շնորհակալություն:

2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ

Աղբյուր` Accountant.am

Այս հոդվածով ներկայացրել ենք հարկային օրենսդրության փոփոխությունների ընդհանուր պատկերը: Հարկային փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրանցվել սեմինարի:

2012թ. հունվարի մեկից ուժի մեջ մտան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են Հարկերի, Շահութահարկի, Եկամտահարկի, Ակցիզային հարկի, Ավելացված Արժեքի հարկի, Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենքներին, ինչպես նաև մի շարք այլ օրենքների: Կարդալ ավելին “2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ”

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Հողի հարկի հաշվարկ
  • Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
  • Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
  • Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիր (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)

Սխալ գրառում դրամարկղային գրքում

Արևիկ.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում` դրամարկղի գրքում սխալ եմ թույլ տվել, գումարը պակաս եմ լրացրել, ի՞նչ կարող եմ անել:

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Հայտարարություն որպես ավելացված արժեքի հարկի վճարող հաշվառվելու և ավելացված արժեքի հարկի վճարողի հաշվառման համար կիրառելու մասին
  • Գույքահարկի հաշվարկ (01.07.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)

Արձակուրդայինի հաշվարկ

Lusine.

Եթե ես աշխատանքի եմ ընդունվել 2011թ. մայիսի 1-ից և աշխատում եմ մինչև հիմա, այսինքն 9 ամիս, միջին աշխատավարձս եղել է 39400 դրամ, ինչպե՞ս հաշվեմ արձակուրդայինս: Կանխավ շնորհակալություն:

Վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում

Արմինե.

Հարգելիներս, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում, և եթե նույն ԱՁ-ն նաև հարսանեկան պարագաների վաճառքով է զբաղվում, ի՞նչ պիտի հանձնի այդ դեպքում: Շնորհակալություն:

Երեխայի խնամքի նպաստ

Արթուր.

Եթե Ա/Ձ-ն ստանում է երեխայի խնամքի համար 18 000 նպաստ, ընդունել է աշխատող, 3 ամիս հետո ազատել է, արդյո՞ք Ա/Ձ կշարունակի ստանալ ամսական 18 000 նպաստ:

ՀԿ ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում

Տիգրան.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ տեղեկացնել` հասարակական կազմակերպությունը տարեկան ինչ հաշվետվություններ է ներկայացնում: Եթե ստացել է դրամաշնորհ, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է լրացնել

Սիրանույշ.

Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. 2011թ-ի դեկտեմբերին մի քանի ընկերներով բացել ենք ՀԿ, որը դեռ գործունեություն չի ծավալել, մինչև այս տարվա ապրիլ ամիսը հարկային մարմիններին պետք է ներկայացնենք եռամսյակային հաշվետվություններ: Արդյո՞ք միայն եկամտահարկի և սոց. հատկացումների հաշվետվություններ պետք է հանձնենք, և կասեք` ինչպես են դրանք լրացվում, ինչ հաշվարկներ են կատարվում: Կանխավ շնորհակալություն: