
Ապրանքներ Չինաստանից
Բաբկեն․
Ողջույն, ունեմ հետևյալ հարցը, կխնդրեմ` օգնեք, նախօրոք շնորհակալ եմ: Չինաստանից պատվիրել եմ ականջակալներ 8 հատ քանակությամբ 29,5 յուան (1650 դրամ) արժողությամբ որպես նվեր մոտ բարեկամներիս համար, ոչ վաճառքի` որպես ամանորյա նվեր. ապրանքը ուշ է տեղ հասնում ու պահվում մաքսայինում: Այնինչ` միևնույն ժամանակ դրանից թանկ արժողությամբ ապրանքներս գալիս, հասնում են ինձ: Մաքսայինում պարտավորեցնում են հարկ վճարել` պատճառաբանելով` քանակն է շատ: Ի պատասխան նրան, որ ասում եմ` ընդհանուր ապրանքիս համար վճարել եմ ~13.200 դրամ, պլյուս 8000 դրամ Գլոբբինգին բերելու համար, եթե վաճառելու լինեի գոնե 50 հատ կպատվիրեի, ասում են` եթե 6-7 հատ լիներ, չէիր վճարի: Իրենց բրոկերները պարտավորեցնում են ինձ վճարել 30,000 դրամ ապրանքը հանելու համար, այն դեպքում, երբ այդ ականջակալների գին-որակը չարժեն այդ գինը: Կխնդրեմ` տրամադրել հստակ օրենք, ըստ որի կկարողանամ հասկանալ` ինչքան պետք է վճարվի, քանի որ ապրանքիս գինը չի անցնում 200€ և մեծ քանակություն չի վաճառքի համար: Չինական ծրագրում վճարածս գումարի կտրոնն ունեմ, տպել եմ, ասում են` «մենք չենք հասկանում` ինչ է գրված», էն դեպքում, երբ գինը 1 հատի ու ընդհանուրի պարզ երևում են: Նախօրոք շնորհակալ եմ:

Ապրանքը ՀՀ սահման չի հատելու
Տաթև․
Հարգելի հաշվապահներ հարցս հետևյալն է՝
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով , և ցանկանում է մի երկրից ապրանք գնել և վաճառել մեկ այլ երկրի, ապրանքը ՀՀ սահման չի հատելու և ՀՀ-ի կազմակերպությունը հանդիսանում է միջնորդ, որի արդյունքում կունենա եկամուտ։ Խնդրում եմ ասել՝ այս ամենը օրենքին հակասու՞մ է, եթե ոչ, կասե՞ք՝ ինչպե՞ս է փաստաթղթավորվում այս ամենը։ Կանխավ շնորհակալ եմ

Լիզինգի ձևակերպումներ
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, շրջ․ հարկով աշխատող կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել հիմնական միջոց։ Գումարը 15 500 000դրամ է, որից 3 100 000դրամը տրվել է որպես կանխավճար և ձևակերպվել դտ-152 կտ-252։ Բոլոր տարիների տոկոսագումարը կազմում է 4 119 412 դրամ։ Վարկային կազմակերպությունը դուրս գրել հաշիվ-վավերագիր, որտեղ որպես նյութ․ արժեք ներառված են՝ վարձավճար 181 559,20դր, տոկոս 93 764,40դր, մեկնարկային վարձավճար (կանխավճար) 3 100 000դր։ Դեռ ոչ մի ձևակերպում չենք տվել, բացի կանխավճարի ձևակերպումից։ Խնդրում եմ օգնել մյուս ձևակերպումների հարցում։

Ծաղիկների վաճառքի դասակարգիչ
Գոհար․
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ինձ ո՞վ կասի օնլայն ծաղիկների վաճառքի դասակարգիչը։

Օդային ուղևորափոխադրումներ
Մանե․
Բարի օր, որևէ մեկը կարո՞ղ է տեղեկատվություն տրամադրել օդային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների պարտադիր վճարների, հարկային օրենսդրության դրույթների վերաբերյալ կամ հղումներ փոխանցել։

Դիզայներական ծառայությունների մատուցում
Տաթև․
Հարգելի հաշվապահներ, օգնեք մի 2 հարց հասկանալ․
1․ Նոր գրանցվող ԱՁ-ն, որը մատուցելու է դիզայներական ծառայություններ, ի՞նչ հարկեր և այլ վճարներ պետք է կատարի։
2․ Ինչպես նաև կուզեի իմանալ՝ եթե ԱՁ-ն աշխատելու է հեռավար կարգով և չի ապրում իր հաշվառման հասցեում, գործունեության վայր ո՞րը պետք է նշի։

Դրոշմանիշային վճար
Աշոտ․
Եթե ՊՈԱԿ-ի աշխատակցի տղան գտնվում է ժամկետային զինծառայության մեջ, արդյո՞ք պետք է նրանից գանձել դրոշմանիշային վճար, և եթե այո, ապա ո՞ր հոդվածին համապատասխան։

Երեխայի խնամքի նպաստ
Արևիկ․
Բարև ձեզ։ Ես նոր եմ ունեցել փոքրիկիս, դեռ 10 օր է, դիմումը ներկայացրել եմ միանվագ գումարը ստանալու, հիմա 3 ամսով պետք է անհատ ձեռներեցը բացեմ։ Ինձ պետք է հասկանալ՝ կապ ունի՞ մայրության նպաստի հետ, թե՞ ոչ, կարո՞ղ եմ հանգիստ բացել, թե՞ խնդիրներ կարող են լինել, և չստանամ փոքրիկի ամսական նպաստը, որը տրվում է մինչև 2 տարեկան։

Ոչ նյութական ակտիվի մաշվածք
Ռուբեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: 2022 թ. Հուլիս ամսին պետության կողմից ստացել է լիցենզիա գործունեության իրականացման համար 1 տարի ժամկետով 500 000 դրամ: 2022 թվականի նոյեմբեր ամսին դադարեցրել է գործունեությունը: Հարց՝ ոչ նյութական ակտիվի մաշվածքը 2022 թվականի համար ամբողջությամբ ծախսագրելու դեպքում կլինի՞ որևէ խնդիր։

Անշարժ գույքի վաճառքի ձևակերպումներ
Գրիգոր․
Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 100 մլն ՀՀ դրամ է, որի 80% -ը կազմում է 80 մլն ՀՀ դրամ: Անշարժ գույքը վաճառվել է ֆիզիկական անձին 60 մլն ՀՀ դրամով: Համաձայն ՀՕ 109 հոդվածի ՝ անշարժ գույքի օտարման դեպքում եկամուտ համարվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80%-ը: Հաշվապահական հաշիվների թղթակցությունները հետևյալն է՝ ԴՏ 2521ԿՏ 2215- 60 մլն ՀՀ դրամ, ԴՏ 2215 ԿՏ 621-80 մլն ՀՀ դրամ: Հարց՝ ի՞նչ թղթակցություն տալ 80 մլն-60մլն =20 մլն-ի համար: Շնորհակալություն:

Աշխատավարձի ձևակերպումներ
Անահիտ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ ձևակերպման մեջ: Կազմակերպությունը ոչ մի գործունեություն չի ծավալում, բայց դադարեցում էլ տված չէ: Միայն տնօրենին ամսական աշխատավարձ է հաշվարկվում, որը չի վճարվում, փակվում է 513-ով (527-513): Աշխատավարձից պահումները փոխանցվում են: Հարցս հետևյալն է՝ դեբետային մասում ի՞նչ հաշվի հետ պետք է թղթակցեմ այդ պահումները։ 154 -ի հետ եմ տալիս 154-525, 154-527: Գործունեություն չի ծավալում, 8-րդ դասի հաշիվներով չեմ կարողանում ձևակերպել:

Ուսումնական կենտրոնի վճարումներ
Մարիամ․
Բարի երեկո, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է` նորաբաց ուսումնական կենտրոնը պիտի աշխատի միկրոյի դաշտում, ծառայությունների դիմաց վճարը ինչպե՞ս պիտի վերցնի, ինչպե՞ս է ճիշտ պայմանագիր կնքի ծնողի հետ, ըստ դրա ծնողը վճարի բանկում ԱՁ հաշվեհամարին, թե՞ հաշիվ-ապրանքագիր պիտի դուրս գրի, և արդյո՞ք այս բնագավառի համար հաշիվ-ապրանքագիր դուրս է գրվում, թե՞ ոչ։ Ո՞րն է ճիշտ, օգնեք անփորձիս։ Շնորհակալ կլինեմ պատասխանելու համար։

Մուտքի օրդեր ընդհանուր գումարով
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ֆիրման իրականացնում է մանրածախ վաճառք։ Օրենք թույլ տալի՞ս է արդյոք 5 օրվա կատարված մանրածախ վաճառքից կանխիկ ստացված ընդհանուր գումարի մուտքը գրանցեմ դրամարկղային գրքում, այլ ոչ թե ամենօրյա մանրածախ վաճառքից ստացված կանխիկ գումարը։

Կանխիկացում բիզնես քարտով
Տաթև․
Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ է, որը չունի գրանցված աշխատող, ծառայություն է մատուցում անձամբ ՀՀ-ում գործող կազմակերպության, որը գումարը փոխանցելու է ամիսը 1 անգամ ըստ դուրս գրված հաշվի։ Նշեմ, որ որևէ ծառայություն կամ ապրանք ԱՁ-ն չի պլանավորում ձեռք բերել։ Այս դեպքում ԱՁ-ն կարո՞ղ է կատարված ծառայության դիմաց վճարված գումարները կանխիկացնել ԱՁ-ի համար բացված բիզնես քարտից կամ փոխանցել իր անձնական հաշվին։ Անկանխիկի մասին օրենքը որևէ կերպ սահմանափակու՞մ է նման դեպքերում կանխիկացումը։ Եվ արդյո՞ք ԱՁ-ն ունի հարկերից բացի որևէ այլ ծախս կատարելու պարտավորություն։

ԱԱՀ հաշվարկի լրացում
Տիրուհի․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող Ընկերությունը գրել է ինքնահաշիվ ՝ արտերկրից ստացված ծառայության մասով։ ԱԱՀ-ի հաշվետվության 10-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ի գծով լրացուցիչ պարտավորություն։ Հարցս հետևյալում է․ իսկ որպես ստացված ծառայություն պետք է լրացնել 18-րդ տողու՞մ և համապատասխան ԱԱՀ-ի դեբետը 18ա-ու՞մ։

Արտահանում ՌԴ
Լուսինե․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը Թուրքմենստանից ձեռք է բերել ապրանք և արտահանել Ռուսաստան այլ գնով։
Մատակարարման վայրը ՌԴ է։
1․ Այս դեպքում լրացվու՞մ է արդյոք ԵՏՄ հայտարարագիր արտահանման համար։
2․ Տարբերությունը արդյո՞ք արտացոլվում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում։

ՀԴՄ կտրոն հաշվի փոխարեն
Նորայր․
Բարև Ձեզ։ ՀՕ հոդված 16-ի համաձայն՝ եթե ծառայություններ ենք մատուցում ոչ ՀՀ քաղաքացու / ընկերությանը ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ, ապա հաշվարկային փաստաթղթում գրում ենք դրամով` հաշվելով տվյալ օրվա ԿԲ փոխարժեքը։ Հարցս հետևյալն է` կարո՞ղ ենք հաշվարկային փաստաթղթի փոխարեն ՀԴՄ կտրոն տրամադրել։ Խնդրում եմ նշեք նաև համապատասխան օրենսդրական կարգավորումը։

Ինքնազբաղված անձ
Կարինե․
Բարև ձեզ, ես մատուցելու եմ թարգմանչական ծառայություններ: Կարո՞ղ եմ գրանցվել որպես ինքնազբաղված անձ և էլեկտրոնային հաշիվներ դուրս գրել կազմակերպությանը։ Եթե այո, ապա ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ ստացված գումարից։ Նախապես շնորհակալություն:

Հաշվի չեղարկում
Արմին․
Ողջույն։ Եթե հաշիվ դուրս գրելուց սխալ է նշվել մատակարարման ամսաթիվը, ո՞ր կետը պետք է նշել հաշիվը չեղյալ անելու ժամանակ։ Եվ արդյո՞ք դա խնդիր կարող է առաջացնել հետագայում։

Վերջնահաշվարկի արտացոլում
Անի․
Վերջնահաշվարկը եկամտային հարկի հաշվետվության լրացման ժամանակ հաշվեգրման թե՞ դրամարկղային մեթոդն է կիրառվում։
Վերջին մեկնաբանություններ