Category: Ա/Ձ, Ֆիզ. անձ

Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկ

Անի.

Խնդրում եմ պարզաբանեք, թե ԱՁ-ի եռամսյակային հաշվետվություններում (22) տողում նշված գումարները (առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում) ինչպես են երևալու տարեկան եկամուտների մասին հաշվարկի մեջ:

Կազմակերպությունը վաճառել է իր ավտոմեքենան ֆիզ. անձի

Քրիստինե.

Հարգելիներս, կազմակերպությունը 2010թ-ին վաճառել էր իրեն պատկանող ավտոմեքենան կանխիկ 540 000 դրամով ֆիզ.անձին, որի համար տրամադրել է վերջինիս ՀԴՄ կտրոն: Արդյո՞ք իրավունք ուներ ՍՊԸ-ն նման ձևով գործարք անելու:

Ա/Ձ վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար

Մարո.

Խնդրում եմ, ասեք՝ Ա/Ձ-ն վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար, ունի աշխատող, ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու, և ո՞րն է նրա առաջին քայլը գործունեությունը սկսելու համար:

Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի 27-րդ տող

Աիդա Ասլանյան.

Ցանկանում եմ իմանալ, ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի 27-րդ տողում ավելի կոնկրետ ի՞նչ է պահանջվում գրել, տարվա ընթացքում վճարած սոց. վճարնե՞րը, թե՞ եկամտահարկի նվազագույն վճարումների գումարը:

Շնորհակալություն:

ԱՁ տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ

Ռիփ.

Հարգելի հաշվապահներ, օրենսդրական փոփոխություններից հետո “Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով փոխվել են հաշվետվության ներկայացման և սոց. վճարների վճարման ժամկետները:
3. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մայիսի 1-ից ոչ ուշ:

Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող ապրիլի 15-ը լիազորված մարմին է ներկայացնում (մասնավորապես էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Հարցս հետևյալն է` 2011թ.-ի համար ԱՁ-ն տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը ե՞րբ պետք է ներկայացնի, և վճարման վերջնաժամկետը ո՞րն է:

Կազմակերպությունը արտադրանք է գնում ֆիզ. անձից

Էդգար Աբրահամյան.

Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. եթե ես ֆիզիկական անձ եմ և տանը կարում եմ դրոշներ, արդյո՞ք ես կարող եմ այն վաճառել խանութին, և դա խանութի հաշվապահությունը ինչպե՞ս կարող է գնել, որպեսզի թղթաբանական խնդիրներ չունենա: Նախապես շնորհակալություն:

Ավտոլվացման կետ

Գերաս.

Ես գրանցված եմ որպես Ա/Ձ, ունեմ ավտոլվացման կետ, որը հարկվում է հաստատագրված վճարով, և մեկ վարձու աշխատող: Ամսական ինչքա՞ն գումար պետք է վճարեմ հարկ և սոց.: Եվ եթե ես բացում եմ ամսի 20-ին, տարբրություն կա՞: Նախապես շնորհակալ եմ:

Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ

Մերի.

Խնդրում եմ ինձ օգնել: Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի մեջ նախկինում կար տող, որտեղ գրվում էր, թե որքան նվազագույն եռամսյակային վճարումներ ես կատարել, հետևաբար հաշվետու տարվա եկամտահարկն այդքանով նվազեցվում էր, ապա նոր գրվում ստացված թիվը ենթակա է վճարման, իսկ նոր ձևում հաշվարկի նման տող չկա: Չգիտեմ` ինչ անել, եթե չգրեմ վճարված գումարի թիվը, վճարման ենթակա եկամտահարկը մեծ կլինի, իսկ թե որտեղ գրել, չեմ գտնում:

Տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի 37-րդ տող

Դավիթ Ասատրյան.

Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ ամեն ամիս վճարել է 5000 դրամ եկամտահարկ (անունը դնենք կանխավճարներ, թե նվազագույն եկամտահարկ, միևնույն է), ապա ինչու՞ չպիտի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկում այն չերևա 60000 դրամ, ինչպես պնդում է հարկային տեսչությունը, չէ՞ որ այդ 37-րդ տողը կոչվում է “Եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկը”, ցուցումներում էլ ասվում է •[37] տողում նշվում է նախորդ և հաշվետու տարիներում վճարված` եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկի գումարը (հաջորդ տարիներ փոխանցվող եկամտահարկի նվազագույն գումարը): Հարկայինը պնդում է, որ դա ուրիշ բանի մասին է: Ո՞վ է հանձնել այդ հաշվետվությունը, ինչպե՞ս է հանձնել… Կա՞ նախադեպ, որ ինչ-որ մի հարկային տեսչությունը ընդունել է այդ տողում գրվածը…

Ավտոլվացման կետի վերաբերյալ

Գերաս.

Բարև ձեզ: Մեկ հարց ձեզ. ես բացել եմ Ա/Ձ ավտոլվացման կետ ու հիմա ՀԴՄ-ն գրանցում են (արդեն 2 օր): Կարո՞ղ եմ մինչև ՀԴՄ-ն ինձ տալը աշխատացնեմ ավտոլվացման կետը: Եվ ևս մեկ հարց, եթե ՀԴՄ-ն ինձ վերադարցնեն ամսի 18-ին, և ես աշխատացնեմ ավտոլվացման կետը, հարկերը որքա՞ն և ե՞րբ պետք է մուծեմ: Ամբո՞ղջ ամսվանը: Խնդրում եմ ինձ օգնել:

Երեխայի խնամքի նպաստ

Արթուր.

Ա/Ձ դադարեցնում է իր գործունեությունը, արդյո՞ք նա կշարունակի ստանալ երեխայի խնամքի նպաստը` 18 000 դրամը:

Երեխայի խնամքի նպաստ ստանալու վերաբերյալ

Արթուր.

Ա/Ձ գնում է ֆիզ. արձակուրդ, իր տեղը ընդունում է աշխատող, օգտվում է 2 տարվա երեխայի արձակուդի խնամքից, 6 ամիս հետո դադարեցնում է գործունեությունը, ազատում աշխատողին: Արդյո՞ք նա կշարունակի ստանալ 18 000-ը: Հիմնավորեք պատասխանը ըստ օրենսդրության պահանջների:

ԱՁ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի

mariam.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել` ԱՁ-ն մինչև մարտի 5 ինչ հաշվետվություններ պիտի ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:

Ֆիզ. անձը բեռնափոխադրում է իրականացնում կազմակերպության համար

Աստղիկ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք մի հարցի, միայն թե ինչքան հնարավոր է սեղմ ժամկետում:

Մեր կազմակերպությունը մի անձի հետ պայմանավորվել է, և նա պետք է բեռ տեղափոխի Երևանից-Գյումրի` այն էլ մի անգամ և դրա համար պետք է ստանա 30000 դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի պահումներ պետք է կատարվի նրա ստացած 30000-ից, ինչպիսի պայմանագիր պետք է կնքվի նրա հետ (քաղաքացիաիրավակա՞ն, թե՞ ծառայությունների մատուցման): Արդյո՞ք նրա համար պետք է տրվի հրաման և նրա համար պետք է ներկայացվի անհատական հաշվի բացման հայտ: Եթե կան էլի մանրամասներ, խնդրում եմ գրեք:
Կանխավ շնորհակալություն:

Եթե Ա/Ձ-ը լինում է թոշակառու

Թերեզա.

Բարև բոլորին: Իմ հարցը հետեվյալն է` խնդրում եմ, եթե կարող եք, օգնեք: Ես իմացել եմ, որ եթե Ա/Ձ-ը լինում է թոշակառու, ապա նրա կենսաթոշակը նաև կարելի է ներառել ծախսի մեջ: Խնդրում եմ ինձ ասեք` որտեղ կարող եմ կարդալ նման օրենք:

ԱՁ լուծարում

Միհրան.

Բարև Ձեզ։ 2010 թվականի հունիսի 21–ին ես դարձա ԱՁ համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվելու նպատակով, իսկ նույն ամսվա 28–ին դադարեցրի գործունեությունս` հանձնեցի պետ. ռեգիստրի վկայականս հարկային ծառայությանը` նախընտրելով աշխատանքը գործատուի մոտ։ Այդ 8 օրվա ընթացքում կատարել եմ 10000 ՀՀԴ պարտադիր սոց. վճար, ոչ մի այլ գումարային ելքեր կամ մուտքեր չեմ ունեցել, պայմանագրեր չեմ կնքել։ 2011 թվականին տարեկան հաշվետվություն եմ ներկայացրել ԱՊՏ – ին և սոցապ – ին:

Մի քանի օր առաջ գնացի, որ լուծարեմ ԱՁ–ն, որտեղ պարզեցի, որ Կարդալ ավելին “ԱՁ լուծարում”

ԱՁ տարեկան հաշվետվություններ

Անժելա.

Անհատ ձեռներեցի եկամտահարկի և տարեկան սոց.-ի նոր բլանկը ո՞ր կայքից կարող եմ բեռնել: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ

Նանա.

Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ ընկերության անունից, չի հանդիսանում ընկերության աշխատակից: Տվյալ դեպքում ինչպե՞ս պետք է կատարել այդ գումարների վճարումը նրան: Նա պե՞տք է զեկուցագիր ներկայացնի ընկերության տնօրենին ու առհաշիվ գումարների մասին հաշվետվություն: Ելքի օրդերի վրա պե՞տք է անպայման նշվի նրա անձնագրային ու սոց. քարտի տվյալները, թե՞ ոչ: Պե՞տք է լիազորագրի օրինակը կցել գործերին: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել գործունեություն չծավալելու դեպքում

Aneta.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ ԱՁ, բայց ոչ մի գործունեություն չեմ ծավալում, ամսական վճարում եմ 5000 դրամ: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպիսի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:

Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս

Սրբուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս, ինձ տարածքի վարձակալության պայմանագրի ձև է անհրաժեշտ: Պայմանագիրը պետք է նոտարով վավերացնեմ և կադաստրում վարձակալության վկայական վերցնեմ, նոտար և կադաստր ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ, ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Եկամտահարկի գումարը 10 տոկոս է չէ՞ կազմում, եկամտահարկի գումարը վճարում և եռամսյակային հաշվետվությամբ ներկայացնում եմ ես, թե՞ կազմակերպությունը: Շատ շնորհակալություն srbuhy շնիկ mail.ru

Եկամտահարկի հաշվարկ

Էդվարդ.

Հարգելի հաշվապաներ, բացել եմ Ա/Ձ-ն 2011թ.-ի փետրվար ամսին: ԱԱՀ-ով չեմ հարկվում: Ունեցել եմ 2.301.880 դրամ շրջանառություն: Փաստաթղթավորված ծախսերս 681.349 դրամ է: Քանի որ տվյալ տարվա համար ըստ օրենքի եկամտահարկի կանխավճարներ չպետք է կատարեի, միայն չփաստաթղթավորված ծախսերի համար յուրաքանչյուր ամիս վճարել եմ 11%` ընդամենը 178.259 դրամ եկամտահարկ: ՀԴՄ չունեմ: Խնդրում եմ բացատրել` արդյոք պետք է վճարեմ այլ գումար եկամտահարկի համար, եթե այո, ապա ինչքա՞ն, կամ ինչպե՞ս հաշվարկեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում

Արմինե.

Հարգելիներս, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում, և եթե նույն ԱՁ-ն նաև հարսանեկան պարագաների վաճառքով է զբաղվում, ի՞նչ պիտի հանձնի այդ դեպքում: Շնորհակալություն:

Երեխայի խնամքի նպաստ

Արթուր.

Եթե Ա/Ձ-ն ստանում է երեխայի խնամքի համար 18 000 նպաստ, ընդունել է աշխատող, 3 ամիս հետո ազատել է, արդյո՞ք Ա/Ձ կշարունակի ստանալ ամսական 18 000 նպաստ:

Խանութը զբաղվում է պտուղ-բանջարեղենի վաճառքով

Նարինե.

Մենք բացել ենք 22 ք.մ. տարացք ունեցող խանութ, որը զբաղվում է պտուղ-բանջարեղենի վաճառքով: Խնդրում եմ ասեք, որտեղի՞ց կարող ենք իմանալ` միրգ-բանջարեղենից բացի ուրիշ ինչ կարող ենք վաճառել (հաց, մակարոնեղեն…): Եթե ոչ` ինչ փաստաթղթեր պետք է հավաքել: Եվ էլի մի հարց` ի՞նչ հաշվետվություն (եկամտահարկ, վիճ. ծառայություն…) պետք է հանձնել, եթե Ա/Ձ-ից բացի աշխատող չկա: Նախօրոք շնորհակալություն:

ԱՁ լուծարում

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, իմ անունով բացվել է ԱՁ 2011թ փետրվար ամսին: Աշխատել է 2 ամիս և այլևս չի աշխատել: Աշխատացնող անձը քաղաքից բացակայում է և հրաժարվում է օգնելուց: Եվ քանի որ ԱՁ-ն իմ անունով է, ցանկանում եմ լուծարել և ազատվել ցանկացած հետագա պրոբլեմներից: ՀՏ-ում ասեցին, որ սոցապ պարտք կա կուտակված, և նաև գրանցված են 2 ամսվա ՀԴՄ-ի թվերը: Պետ. ռեգիստրում արդեն դադարեցրել եմ գործունեությունը: Սոցապ գումարը կփոխանցեմ հաշվեհամարին: Հաշվետվությունների հարցում եմ դժվարանում, ի՞նչ հաշվետվություն ներկայացնեմ, և արդյո՞ք բավական է ՀԴՄ-ի տվյալները ունենալը: Նաև վարձակալման վճարը գիտեմ:

Կոմունալ վճարումների կատարում վարձատու ֆիզ. անձի կողմից

Ata.

Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից, կոմունալ վճարները մինչև օրս անվանափոխված չէ, այսինքն ֆիզ. անձի անունով է: Պե՞տք է արդյոք եկամտահարկի հաշվետվությունում վարձակալական վճարի 10 տոկոս հաշվարկել և վճարել բյուջե: Ինձ թվում է, որ պետք չէ, քանի որ ֆիզ. անձի անունով են կատարվում վճարումները, սակայն կասկածում եմ և խնդրում եմ օգնեք ինձ: Շատ շնորհակալ եմ:

Որպես ԱՁ գրանցվելու համար

Մարիետա.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել: Ես ուզում եմ հարսանյաց զգեստների սրահ բացել: Ինքս հանդիսանալով անհատ ձեռներեց` կարո՞ղ եմ արդյոք ինքս աշխատել իմ խանութում, եթե դժվար չէ` ասեք իմ քայլերը, ի՞նչ պետք է անեմ ես ԱՁ բացելու և օրինական աշխատելու համար:

Գումարի ելքագրման վերաբերյալ

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում, այս դեպքում աշխատավարձի վճարումը կամ այլ ելքերը ի՞նչ փաստաթղթով կարող է կատարվել: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ճիշտ կողմնորոշվելու համար: Ես Ա/Ձ եմ և 2 ամսական հղի եմ, ինքս աշխատում եմ իմ կազմակերպությունում: Սակայն իմ նախորդ տարին ես եկամուտ չեմ ունեցել և աշխատել եմ վնասով: Ինձ կարո՞ղ եք ասել` ինչպե՞ս կհաշվարկվի իմ հղիության նպաստը, և հնարավո՞ր է արդյոք ինքս ինձ նշանակել տնօրեն և աշխատավարձ:

Դրամարկղային գիրք վարելու հետ կապված

Arsen.

Ողջույն: Ըստ օրենքի ԱՁ-ն պարտավոր չէ վարել դրամարկղային գիրք: Այդ դեպքում որտե՞ղ է երևում իմ վճարած վարձավճարը, կամ երբ եմ տվել աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:

Ֆիզ. անձը անվարձահատույց տարածք է տրամադրել ընկերությանը

Լենա.

Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ֆիզիկական անձը անժամկետ պայմանագրով անվարձահատույց տարածք է տրամադրել ընկերությանը: Ընկերությունը տարածքի համար ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի: Շնորհակալություն:

ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է պայմանագիր

Ալեքս.

Խնդրում եմ օգնել: ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, այս դեպքում սոցապին պե՞տք է արդյոք ներկայացնել հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հարկեր են առաջանում

Անի.

Բարև, հարգելի հաշվապահներ: Չէի՞ք ասի՝ ինչ հարկեր են առաջանում ծառայություն մատուցելու համար ֆիզ. անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելիս: Իմ իմանալով՝ 10 տոկոս եկամտահարկ, սոց. հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Ավելացնեմ, որ պայմանագիրը իրենից ներկայացնում է բեռնափոխադրման պայմանագիր կազմակերպության և ֆիզ անձ հանդիսացող Կապալառուի միջև: Կապալառուն իր մեքենայով մեր արտադրանքը պետք է հասցնի ՌԴ-ում գտնվող գնորդ կազմակերպությանը, և այդքանով պայմանագիրը ավարտվում է: Բեռնափոխադրողին վճարվելիք գումարը կազմում է 1 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը, խնդրում եմ օգնել նաև ձևակերպումների հարցում:

Ինչպե՞ս վարել հաշվապահական հաշվառումը

Ժաննա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել մի հարցում: ԱՁ-ն ինչպիսի՞ հաշվապահություն է վարում: Ի՞նչն է պարտադիր, ինչը` ոչ (ի՞նչ տեսակի հաշվետվություններ, գրքեր…): Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից

Կարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա նոտարական վավերացում և կադաստրային գրանցում, պայմանագրի մեջ նշված կոմունալ ծախսերը կատարում է վարձակալը: Բայց վարձակալը որպես բաժանորդ գրանցված չէ, այս դեպքում ես կարո՞ղ եմ կոմունալ ծախսերը դիտել որպես կազմակերպության ֆինանսական ծախսեր` բնականաբար շահութահարկից չնվազեցվող:

Շինանյութի վաճառք իրականացնելու համար

Դավիթ.

Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տաք: ԱՁ եմ, ունեմ սննդի խանութ, ունեմ բանկային հաշիվ և կնիք: Կարո՞ղ եմ շինանյութի վաճառք իրականացնեմ նույն ԱՁ-ով: Եթե այո, ինչպե՞ս եմ դա կատարում և ձևակերպում հարկայինում: Ձեռքբերումներս հաշիվ-ապրանքագրով են: Որևիցե գիրք պե՞տք է գրանցումների համար: Սա իմ էլեկտրոնային հասցեն է, գրեք, խնդրեմ, կանխավ շնորհակալ եմ: d19742004 շնիկ mail.ru

Աշխատանքային գրքույկի լրացում ԱՁ կողմից

Արմինե.

Բարև, հարգելի հաշվապահներ: Հարցս հետեվյալում է կայանում: Ա/Ձ -ն աշխատելու ժամանակաընթացքում է գրանցվել որպես Ա/Ձ: Նա իր գրքույկում պետք է ինքնուրու՞յն լրացնի, որ աշխատում է համատեղությամբ: Խնդրում եմ օգնեք:

Կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքել է գույքի առուվաճառքի պայմանագիր

Տաթև.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Այս դեպքում ընկերությունը հանդիսանում է հարկային գործակալ և վճարում է 10 տոկոս եկամտահարկ ֆիզիկական անձի փոխարեն:

Հարց 1. Եկամտահարկի գումարը հաշվարկվում է ֆիզիկական անձին վճարվելի՞ք գումարի նկատմամբ (+10%), թե՞ նվազեցվում է նրան վճարվելիք գումարից (-10%):

Հարց 2. Ի՞նչ տարբերություն կա ֆիզիկական անձի հետ կնքվող գույքի առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի միջև:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ-ն

Նունե.

Խնդրում եմ պատասխանել, թե երբ է առաջին հաշվետվություն ներկայացնում ԱՁ-ն, ինչ հաճախականությամբ, ինչ հաշվետվություններ և ինչ կառույցների: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ-ն փոխել է իր անձնագիրը

Աշխեն.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն փոխել է իր անձնագիրը: Այս դեպքում անհրաժե՞շտ է արդյոք հարկային տեսչությունում տեղյակ պահել այդ մասին, և արդյո՞ք ժամկետ կա սահմանված տեղյակ պահելու վերաբերյալ, քանի որ 2 ամիս է, ինչ փոխել է անձնագիրը: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ-ն աշխատող գրանցելու համար հայտ է ներկայացրել սոցապ

Սրբուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն աշխատող գրանցելու համար հայտ է ներկայացրել սոցապ, այնտեղ պարզվել է, որ ԱՁ իր համար հայտ չի ներկայացրել: Ասացին, որ ԱՁ-ի հայտը տուգանքով ներկայացնենք, բայց ԱՁ-ն բոլոր իր վճարումները կատարել է, խոսքը ԱՁ ամսական 5000 դրամ սոց.վճարների մասին է: Ինչքա՞ն տուգանք է հասնում ԱՁ-ին հայտը չներկայացնելու համար: ԱՁ-ն գործում է 1 տարի 4 ամիս և կարո՞ղ է որևէ կերպ խուսափել այդ տուգանքից: Ես լսել եմ, որ հիմա հայտի համար տուգանք չի հասնում, խնդրում եմ գրեք օրենքը, որտեղ կարող եմ կարդալ այս մասին, շատ շնոորհակալ եմ:

Ֆիզ. անձը ՍՊԸ-ին մատուցել է ծառայություն

Բենո.

Հարգելի կոլեգաներ, ֆիզ. անձը ՍՊԸ-ին մատուցել է ծառայություն, որի արժեքն է 987 000 դրամ: Խնդրում եմ, ինձ ասեք` ինչքան եկամտահարկ պետք է վճարել:

ԱՁ վերաբերյալ

վահե.

Ա/Ձ-ն իրավաբանակա՞ն անձ է համարվում, թե՞ ֆիզիկական:

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով

Վահե.

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որի գումարը կազմում է մոտ 900000 դրամ, և որի դիմաց նա վճարել է կանխիկ ամբողջ գումարը, ես գիտեմ, որ օրենքով կանխիկ վճարումների գծով ԱՁ-ի համար սահմանափակումներ չկա, եթե նա ապրանքը ձեռք է բերել հարկային հաշվով, բայց ԱՁ-ն վարում է դրամարկղի գիրք, չնայած նրան, որ ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում օրենքով: Ի՞նչ եք կարծում, այս դեպքում օրենքի խախտում է այն, որ ապրանքի դիմաց վճարված 900000 դրամ գումարը միանգամից ելք արվի դրամարկղի գրքից: Եվ նաև մի հարց, կարո՞ղ եմ արդյոք դրամարկղի գիրքը լրանալու դեպքում նոր դրամարկղի գիրք չվարել:

ՀՀ օրենքը դրամարկղային գործառնությունների մասին

Դավիթ Աատրյան.

ԱՁ դրամարկղի գիրք օրենքով պե՞տք է ունենա, թե՞ ոչ: Դրամարկղային գործառնությունների մասին օրենքը անորոշ ձևով է գրված:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում բանկերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:

Հիմա այո՞, թե՞ ոչ:

ՍՊԸ գնում է կատարել ֆիզ. անձից

Աշոտ.

Բարև, հարգելի հաշվապահներ: Ինձ մոտ նման մի հարց է առաջացել: ՍՊԸ-ն ֆիզ. անձից առքուվաճառքի պայմանագրի հիման վրա գնում է կատարել` 800 000 դրամ արժողությամբ: Այնուհետև այդ գույքը պետք է վաճառել մեկ այլ կազմակերպության 1 000 000 դրամով (833333 + 20% ԱԱՀ), որ աշխատում է ԱԱՀ-ով: Հարցը կայանում է հետևյալում` նման գործարքների դեպքում ինչպիսի՞ հարկեր են առաջանում: Ըստ իս՝ առաջին գործարքի դեպքում առաջանում է եկամտահարկ` 800000*10%=80000: Երկրորդ գործարքի դեպքում (833333-800000)*20% շահութահարկ: Այսինքն, վերջնական արդյունքում առաջանում է 80 000 (եկամտահարկ) + 6667 (շահութահարկ) + 166667 (ԱԱՀ): Խնդրում եմ ասել` որքանո՞վ եմ ես իրավացի իմ հաշվարկներում:

Նոր սկսվող գործունեություն

Սրբուհի.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ ինքս վարեմ հաշվապահությունը, ես ուզում եմ ԱՁ բացել և զբաղվել ծառայությունների մատուցմամբ, ինձ կասեք` ես ինչ գումարներ պետք է վճարեմ հարկայինում ԱՁ բացելու համար: Ես գրասենյակ եմ վարձակալությամբ վերցնելու, տեղադրելու եմ համակարգիչներ և զբաղվելու եմ ծառայությունների մատուցմամբ` հարսանիքների նկարահանում, մոնտաժ, ինտերնետ կայքերի ստեղծում և այլն: Ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու: Շատ շնորհակալ կլինեմ, եթե մանրամասն պատասխանեք իմ հարցերին:

Արդյո՞ք պետք է հաշվետվություն ներկայացնել

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ, Ա/Ձ-ն ամեն ամիս սոց. հաշվետվություն ներկայացնու՞մ է, եթե տնօրենից բացի ուրիշ աշխատող չունի: Շնորհակալություն:

Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել

E.

Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է պայմանագիր (բայց չգիտեմ` քաղաքացիաիրավական, թե ոչ) բեռները մաքսային պահեստից մինչև կազմակերպության նշված հասցե տեղափոխելու համար: Ֆիզ. անձին վճարվել է 200 000 դրամ: Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել, եթե օրենքի 20-րդ հոդվածը ասում է, որ հարկային գործակալը հարկի պահում չի կատարում, եթե վճարվող եկամուտը ձեռնարկատիրական գործունեության արդյունք է (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում) և կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր: Մեր պարագայում ծառայության մատուցում է: Իսկ եթե կնքվել է պայմանագիր, ու ֆիզ. անձը բեռը տեղափոխել է Վրաստանից Հայաստան, հարկի պահումը ինչպե՞ս է կատարվում:

Ա/Ձ-ն զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ

Հայկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ:
Ունեմ Ա/Ձ, որը զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ, աշխատում եմ հաստատագրված վճարով, ունեմ դրամարկղ, սահմանային չափը` 800 000, հիմա ցանկանում եմ զբաղվել մանրածախ առևտրով` նույն դրամարկղի մեքենայով (նաև ապրանք եմ ներմուծում): Ասացեք խնդրեմ, հիմա ի՞նչ փոփոխություն է լինելու, ի՞նչ հարկով եմ հարկվելու: Նաև ասեմ, որ ֆակտուրա եմ գրում, ՀԴՄ-ով տպում եմ ֆակտուրայի թիվը ու հանձնում ուրիշ խանութին: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ, թե ինչ անեմ: