Category: .

Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով հանձնելու վերաբերյալ

Հարություն.

Հարգելի գործընկերներ, գիտենք, որ հաջորդ տարվանից հաշվետվությունները ՀՏ պետք է հանձնվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստորեն ստացվում է, որ եթե կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը, ասենք, տարվա սկզբից, ապա միևնույն է, պետք է վճարումներ կատարի և տարեկան հաշվետվությունները, թեկուզև զրոյական, հանձնի էլեկտրոնային եղանակո՞վ: Հուսանք` բացառություններ կլինեն:

ԱԱՀ մասին օրենքի 6.1 հոդված

Հարություն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը սարքավորում է ներմուծել, որի համար ԱԱՀ վճարումը հետաձգվել է 1 տարով համաձայն ԱԱՀ մասին օրենքի 6.1 հոդվածի: Կազմակերպությունը ցանկանում է մարել այդ ԱԱՀ-ն մասերով: Արդյո՞ք պետք է յուրաքանչյուր մարման ժամանակ հայտարարություն ներկայացնի մաքսային մարմիններ:

Եվ երկրորդ հարցը նույն հոդվածի հետ կապված` “ԱԱՀ-ի գումարները վճարվում են մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը”, արդյո՞ք սա նշանակում է, որ այդ հայտարարությունը պետք է ցանկացած դեպքում ներկայացվի, օրինակ, եթե մարման ժամկետին մնացել է 1 օր:

Կամ եթե այն դեպքում, երբ վճարման ժամկետին մնա 1 օր, ներկայացվի հայտարարություն վճարման ժամկետի դադարեցման համար, չի՞ ստացվի, որ վճարման ժամկետը երկարացվում է ևս 10 օրով (“…ԱԱՀ-ի վճարման հետաձգման ժամկետը դադարելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում` սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում”):

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Ելենա.

Ես կցանկանայի իմանալ, թե արդյոք գործատուն կարող է աշխատանքային գրքույկի մեջ լրացնել աշխատողի` աշխատանքից ազատման պատճառը, որ վերաբերում է օրինակ աշխատանքային կարգապահությունը խախտելուն, այսինքն` “Աշխատանքից ազատվել է աշխատանքային կարգապահությունը խախտելու համար”: Կանխավ շնորհակալություն:

Հաշվի մեջ չի առանձնացվել ԱԱՀ գումարը

A.M..

ԱԱՀ վճարող կազմակերպությունը հաշիվ ապրանքագիր է դուրս գրում (1 000 000 դրամ գումարով), որի մեջ առանձնացված չէ ԱԱՀ-ն: Որոշ ժամանակ անց ստուգմամբ հայտնաբերվում է իրավախախտումը, այս դեպքում որքա՞ն տուգանք է կիրառվելու:

ԱՁ գործունեության դադարեցում

Լուիզա.

Հարգելի կոլեգաներ, եթե ԱՁ գործունեությունը դադարեցում եմ ուզում տալ, պարտադիր ամեն ամիս պե՞տք է սոց. վճարը մուծեմ: Ասացեք խնդրեմ, այս փոփոխությունը վերաբերու՞մ է նախորդ դադարեցումներին: Շնորհակալություն:

ԱՁ ցանկանում է զբաղվել ծաղիկների վաճառքով

Lika.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցերում: Երկու օր է, ինչ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր, ցանկանում եմ զբաղվել ծաղկի մանրածախ վաճառքով բացօթյա տարածքում և ունեմ թուլատվություն, ունեմ ՀԴՄ, աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են.
1. ի՞նչ հարկով եմ հարկվելու
2. ի՞նչ պարտադիր վճարներ եմ կատարելու
3. հդմ կտրոնները ի՞նչ եմ անելու
4. հաշվապահական ի՞նչ գիրք պետք է ունենամ
Խնդրում եմ հնարավոր դեպքում շուտ արձագանքել: Նախապես շատ շնորհակալ եմ:

Տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները

Աննա.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպության տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները (կազմակերպության աշխատողները 3 հոգուց ավել չեն): Տնօրենի աշխատավարձը համաձայն աշխատանքային պայմանագրի սահմանված է 40000 դրամ: Արդյո՞ք աշխատանքային պայմանգրում կամ համաձայնագրով պետք է առանձին ըստ պարտականությունների նշել, թե 40000–ի մեջ որքան է կազմում հաշվապահի և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձների չափերը, և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձից 30% հավելավճարի չափը:
Շնորհակալություն:

Եկամտային հարկի վերաբերյալ

Raz.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ձեզ ուղարկել մի հղում, որտեղ նշվում է եկամտային հարկի բացատրությունը, դրույքաչափերը, հաշվարկի ձևերը: Նախապես շնորհակալություն:

Ծառայության մատուցում ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Արամ.

Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, պատասխանեք հետևյալ հարցին.
ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ծառայություն է մատուցել մեր կազմակերպությանը Երևանում՝ 120 հազ. դրամ արժեքով: Որպես հարկային գործակալ ես պետք է նրանցից 20 հազ. դրամ ԱԱՀ պահեմ և 10 հազ. դրամ շահութահարկ և նրանց վճարեմ 90 հազ. դրամ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տամ: Նախապես շնորհակալություն:

Ծառայության դիմաց չի տրվել ՀԴՄ կտրոն

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Եթե ՀԴՄ կտրոնը ծառայության դիմաց չի տրվել, արդյունքում ակտի հիման վրա ՍՊԸ-ն տուգանվել է համապատասխան ձևով, գումարը հարկային տեսուչը մուտքագրել է ՀԴՄ-ով և հանել Z հաշվետվություն: Այդ գումարը հետ է վերադարձվել տեսուչին, ինչը նշված է արձանագրության մեջ: Եթե այդ ծառայությունը չի մատուցվել և գումարը վերադարձվել է, ապա այդ գումարը համարվու՞մ է եկամուտ և դրամարկղային գրքում գրանցվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ու՞մ անունից պետք է գրանցվի մուտքի օրդերը:

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Աննա.

Հարգելի հաշվապահներ և կադրերի տեսուչներ, խնդրում եմ օգնել ինձ այս հարցում` ինպե՞ս է պետք լրացնել ազատվող աշխատողի աշխատանքային գրքույկը, երբ նա աշխատել է 2005թ.-ից մինչ սեպտեմբերի 24-ը շինարարությունում որպես կռունկավար և ունի արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու իրավունք: Եվ միաժամանակ կխնդրեի պատասխանել` փայտամշակման արտադրամասում աշխատող կահույքագործի ազատման դեպքում արդյո՞ք այս դեպքում կարող է նա էլ արտոնյալ պայմաններով անցնել կենսաթոշակի, կխնդրեի գրեիք կոնկրետ օրենքի կամ որոշման համարը: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման

Հարություն.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը ցանկանում է վարձակալությամբ տարածք վերցնել ֆիզ. անձից: Լսել ենք, որ 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը այլևս ենթակա չեն նոտարական վավերացման: Արդյո՞ք դա ճիշտ է, և ո՞ր իրավական ակտով է տեղի ունեցել այդ փոփոխությունը:

Աշխատաժամանակի վերաբերյալ

Նաիրա.

Խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը աշխատել որոշ աշխատողների համար հնգօրյա, մյուսների համար վեցօրյա աշխատանքային շաբաթով, և արդյո՞ք այդ հարցը պետք է կարգավորվի գործատուի ներքին իրավական ակտով: Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթացներ

Նազելի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 3 տարի է աշխատում եմ հաշվապահ մեծ կազմակերպությունում, սակայն հետագայում գլխ. հաշվապահ աշխատելու համար ցանկանում եմ ստանալ հաշվապահի լիցենզիա Ֆինանսների Նախարարությունից: Ունեմ համապատասխան հարցաշարը, բայց ցանկանում եմ իմանալ` կա՞ն արդյոք դասընթացներ, որոնք պատրաստում են այդ քնության համար, և որտե՞ղ են անցկացվում: Կանխավ շնորհակալ եմ:

Առաքման գրքի լրացման հետ կապված

Արամ.

Եթե կազմակերպության պահեստն ու խանութը գտնվում են իրարից 50 մ. հեռավորության վրա, այս դեպքում պահեստից խանութ ապրանք տեղափոխելիս արդյո՞ք ելքի ապրանքագիրը պետք է գրանցվի առաքման գրքում:

10 լավագույն հաշվապահական ընկերությունները աշխատելու համար

Vault.com կայքը հրապարակել է աշխատելու համար ԱՄՆ լավագույն հաշվապահական ընկերությունների իր տարեկան ռեյթինգը, որը հիմնված է 4100 հաշվապահների հարցման արդյունքների վրա: Հարցման մասնակիցները 1-10 բալանոց սանդղակով գնահատել են այն ընկերությունները, որոնց ծանոթ են եղել` բացառելով այն ընկերությունը, որտեղ աշխատում են: Բացի դա, մասնակիցները գնահատել են իրենց ընկերություններում աշխատանքի պայմանները: Կարդալ ավելին “10 լավագույն հաշվապահական ընկերությունները աշխատելու համար”

ԱԱՀ շեմը գերազանցելու վերաբերյալ

Արթուր.

Կազմակերպությունը աշխատում է առանց ԱԱՀ-ի, սակայն դեկտեմբերին շրջանառությունը կգերազանցի շեմը: Ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ կատարել, ինչպե՞ս կազմել ԱԱՀ-ի հաշվետվությունը (հաշվետվության մեջ ներառվի միայն շեմը գերազանցա՞ծ մասը): Խնդրում եմ հնարավորինս արագ պատասխանել:

Ե՞րբ է առաջանում եկամտահարկի պարտավորություն

Հարություն.

Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը վարձակալության է տվել տարածք, որի վարձավճարը վճարվել է կանխավճարի տեսքով մի քանի ամսվա համար: Հարցը հետևյալն է` արդյո՞ք հարկային գործակալի մոտ եկամտահարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարը վճարելիս, թե՞ կառաջանա յուրաքանչյուր ամսվա վերջում:

Ո՞րն է CIF և CPT տարբերությունը

Liana.

Խնդրում եմ օգնել ինձ: Ես այսպիսի մի հարց ունեմ: Մեր կազմակերպությունը ապրանք է ներմուծում արտերկրից: Պայմանագրում առաքման պայմանները նշված են CIF, իսկ ինվոյսում` CPT: Ո՞րն է դրանց տարբերությունը:

Ապրանքի ներմուծում Չինաստանից

Աննա.

Հարգելի հաշվապահներ,
Հարց` ներմուծվում է ապրանք (հագուստ) Չինաստանից օդային բեռնափոխադրման միջոցով: Ի՞նչ վճարներ է անհրաժեշտ կատարել ապրանքը մաքսազերծելու համար: Հետագայում վաճառվելու է խանութում` ձևակերպած Ա/Ձ: Հետո՞ է վճարելու ԱԱՀ, թե՞ ԱԱՀ-ի վճարումը կատարվում է մաքսակետում:
Շնորհակալություն,
Աննա

Առաքման գրքի լրացման հետ կապված

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը փոխառություն է վերցրել հիմնադիրից բենզինի տեսքով և պետք է վերադարձնի նույն տեսքով: Պայմանագրի ժամկետն շուտով լրանում է: Արդյո՞ք հետ վերադարձը պետք է գրանցվի առաքման գրքում:

Տոկոսային եկամուտը հարկվու՞մ է ԱԱՀ-ով

inna.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ֆիզ. անձին տրամադրել է փոխառություն տոկոսով: Հարցս հետևյալն է` տոկոսային եկամուտը հարկվու՞մ է ԱԱՀ-ով:

Ի՞նչ կարգով է կատարվելու նվիրատրությունը

Թեհմինե.

Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն, որը աշխատում է ԱԱՀ-ով, իրեն պատկանող անշարժ գույքը նվիրատրել մեկ այլ կազմակերպության, որը չի աշխատում ԱԱՀ-ով: Ի՞նչ կարգով է կատարվելու նվիրատրությունը:

Մասնակցե´ք նոր հարցմանը

Մասնակցե´ք Accountant.am – ի նոր հարցմանը:

Ավարտված հարցումների արդյունքները կարող եք տեսնել այստեղ…

Խաղատների գործունեության հարկումը

Lus.

Հարգելի հաշվապահներ, Ա\Ձ -ն ցանկանում է բացել խաղատուն (պոկեր), կասե՞ք, թե ինչ հարկատեսակով է հարկվելու և լիցենզիան ինչ կարգով է կամ պարտադի՞ր է արդյոք:

Արդյո՞ք անձինք կհամարվեն փոխկապակցված

Արտակ.

Հարգելի գործընկերներ, եթե երկու եղբայրներից մեկը ունի Ա/Ձ, իսկ մյուսը ՍՊԸ, և նրանք զբաղվում են միևնույն տնտեսական գործունեությամբ, արդյո՞ք ԱԱՀ-ի շեմը նրանց նկատմամբ կիրառվում է: Տվյալ դեպքում նրանք համարվու՞մ են փոխկապակցված անձինք: Նախապես շնորհակալություն:

ԱՁ աշխատանքային ստաժի և թոշակի հաշվարկ

Khatchatur Melqonyan.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն գրանցվել է 1995թ.-ից և աշխատել հաստատագրված վճարով, բարեխիխճ վճարել է վճարները, ինչի մասին փաստում է տարածքային հարկային տեսչության կողմից տրված տեղեկությունը մուծումների մասին: Նշեմ, որ ԱՁ-ի թոշակային տարիքը լրացել է մի քանի օր առաջ, սակայն տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է ներկայացնել 1995թ.-ից սկսված կենսաթոշակի մասով մուծումների անդորրագրերը, որպեսզի կենսաթոշակի հաշվարկման հիմք հանդիսանա 1995թ.-ը, հակառակ դեպքում տարածքային կենսաթոշակային հիմնադրամը հաշվարկում է թոշակը և հետևաբար աշխատանքային ստաժը 2002թ.-ից` մեկնաբանելով, որ իրենց բազան 2002-ից է: Խնդրում եմ ասել` արդյո՞ք տարածքային կենսաթոշակային հիմնադրամը գործում է օրենքի սահմանում:

ԱԱՀ-ի մասին օրենքի 8-րդ հոդվածի 12 կետի հետ կապված

Ա.Մ..

Եթե կազմակերպության շրջանառությունը ավելացվում է 20%-ով համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի 8-րդ հոդվածի 12 կետի, այդ 20%-ով ավելացված շրջանառությունը հարկվու՞մ է շահութահարկով, թե՞ ոչ:

Նոր հրամանագիրք սկսելու վերաբերյալ

Աստղիկ.

Բարև Ձեզ:
Ունեմ այսպիսի հարց. հնարավո՞ր է տարվա կեսից վերցնել նոր հրամանագիրք, եթե նախորդը չի վերջացել, և եթե այո, ապա հրամանները պետք է շարունակել հերթակա՞ն համարով, թե՞ սկսել հրաման N 1-ից: Բանն այն է, որ ես նոր եմ ընդունվում հաշվապահ, և կցանկանայի նոր հրամանագիրք վերցնել, հնարավո՞ր է դա, թե՞ հրամանագիրքը փոխելու համար պետք է այլ հիմնավոր պատճառ:

Շնորհակալություն:

Ապրանքի վաճառք ապառիկով

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` առաջին անգամ պետք է զբաղվենք ապառիկ առևտրով: Ֆիզ. անձը գնում է ապրանքը ապառիկով, սակայն գումարը փոխանցում է բանկը, այսինքն ես ՀԴՄ-ի կտրոն չեմ կարող տրամադրել գնորդին, դրա փոխարեն պետք է դուրս գրեմ հաշիվ-ֆակտուրա, որպեսզի կրկնակի շրջանառություն չլինի, բայց այս դեպքում էլ ԱԱՀ-ի 12 տողի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալային թվի միջև կլինի տարբերություն, խնդրում եմ օգնեք ավելի ճիշտ հասկանալու և ձևակերպելու նման գործարքները:

Վերջնահաշվարկի վճարման ժամկետներ

Տաթևիկ.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է վերջնահաշվարկի տրամադրման ժամկետը: Ես աշխատանքից դուրս եմ եկել հունիսի 14-ին և մինչև հիմա չեմ ստացել մայիս ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը: Ըստ մեր աշխատանքային պայմանագրի՝ գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված օրը, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: Մենք աշխատավարձ ենք ստանում ամեն ամսվա 15-ին, իսկ նրանք ասում են, որ աշխատավարձի հաշվարկ իրենք անում են 15-ից շուտ, և այս դեպքում իմ 2 ամիսը լրացած չի լինում: Ես կուզեի իմանալ` արդյո՞ք իրավունք ունեն իրենք այդպիսի քայլի: Կանխավ շնորհակալություն:

Հաշվային պլանում կատարված փոփոխություններ

Tsovinar.

Խնդրում եմ շտապ պատասխանեք` եթե ես ունեմ 2009թ. հրատարակված հաշվային պլանի գրքույկն իր պարզաբանումներով և ձևակերպումներով, արդյո՞ք կարող եմ այն օգտագործել հիմա, և ի՞նչ փոփոխություններ են կատարվել դրանում ՀՀ ֆինանսների նախարարության 2012թ ապրիլի 17-ի թիվ 353-Ն որոշումով: Շնորհակալություն:

Կազմակերպության գործունեության հասցեում փակցնելու ենթակա փաստաթղթեր

Sweet.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ի՞նչ պարտադիր փաստաթղթեր է հարկավոր փակցնել ՍՊԸ-ի գործունեության հասցեում, որոնք ենթակա են հարկային տեսչության մարմինների կողմից ստուգման: Արդեն փակցրված են “Օրինակելի ձև հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարությունը” և “Ոգելից/ալկոհոլային խմիչք և ծխախոտ վաճառելու թույլտվությունները”: Խնդրում եմ օգնեք ինձ լրացնել այլ անհրաժեշտ փաստաթղթեր, եթե դրանք կան: Նախապես շնորհակալ եմ:

Սահմանափակումներ վառելիքի ծախսի նկատմամբ

Արամ.

Կազմակերպությունը վարձակալել է մարդատար ավտոմեքենա, ձեռք է բերել վառելիք, ավելի ճիշտ` վառելիքի կտրոններ, և ծախս է ճանաչում այդ վառելիքը` կազմելով երթուղային թերթիկ և նշելով մեքենայի վազքն ու վառելիքի համապատասխան ծախսը: Հարցը հետևյալն է` մի՞թե չկա որևէ սահմանափակում, նորմա, ինչպես օրինակ օրապահիկի դեպքում (որոշում N 2335-Ն) վառելիքի ծախսի համար: Այդ դեպքում երևի ծախս պետք է ճանաչել ողջամտությա՞ն սահմաններում: Չէ՞ որ կազմակերպության տնօրենը կարող է մեքենան վարել անձնական նպատակներով` դուրս գրելով հարկվող շահույթի հաշվին վառելիք:

ԱՁ և ՍՊԸ տարբերություններ

Ռազ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցով: Ցանկանում եմ խանութ բացել` տնտեսական ապրանքներ, բանջարեղեն ու միրգ վաճառելու նպատակով: ԱԱՀ-ով չեմ աշխատելու: Ցանկանում եմ իմանալ` ի՞նչ հարկատեսակներ եմ վճարելու: Որպես ԱՁ գրանցվե՞մ, թե՞ ՍՊԸ հիմնադրեմ: Այսինքն` որո՞վ է ձեռնտու աշխատել՝ հարկեր քիչ վճարելու առումով: Խնդրում եմ, պարզաբանեք ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունը:

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա

Lusin.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ գիտեք Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի մասին: Ի՞նչ կարող է տալ գործող հաշվապահին վերջինիս անդամագրվելը: Շնորհակալ կլինեմ արձագանքների համար:

ԱԱՀ հաշվանցման հետ կապված

Ա.Մ..

Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին.

Եթե կազմակերպությունը 2010թ-ին եղել է ԱԱՀ չվճարող, այդ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակահատվածում ունեցել է ձեռք բերումներ, 2012թ-ից արդեն համարվում է ԱԱՀ վճարող, արդյո՞ք ես կարող եմ այդ 2010թ-ի ձեռք բերված ԱԱՀ-ները հաշվանցեմ 2012 թ-ին:

Փոխառության ստացում արտարժույթով

Հայկ.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է փոխառություն ստանալ արտարժույթով: Գումարը մուտք է լինելու կազմակերպության արտարժութային հաշիվ անմիջապես փոխառություն տրամադրողից: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Նոր գրանցված ԱՁ

Արման.

Նոր գրանցել եմ Ա/Ձ, այն դեռևս չի գործում: Մինչև գործունեությունը սկսելը ի՞նչ քայլեր պետք է կատարեմ պետական մարմինների հետ կապված: Ա/Ձ-ն գրանցված է Երևանի Կենտրոն համայնքում, խնդրում եմ, եթե հնարավոր է մանրամասն տեղեկացրեք, թե ուր պետք է գնամ (ցանկալի է` նշելով հասցեն) և ինչ փաստաթղթեր ներկայացնեմ: Ա/Ձ-ի գործունեությունը սկսելուց հետո ես բնականաբար կունենամ հաշվապահ, իսկ մինչ այդ խնդրում եմ Ձեր օգնությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Տաթևիկ.

Բարեվ Ձեզ: Ցանկանում եմ սովորել հաշվապահություն: Հետաքրքրված եմ IAB Centre կամ IATC ուսումնական կենտրոններով: Շատ շնորհակալ կլինեմ, եթե խորհուրդ տաք, թե որտեղ կարող եմ դիմել: Եթե կլինեն այլ առաջարկներ, որտեղ կազմակերպվում են հաշվապահության որակյալ դասընթացներ, խնդրում եմ նշեք: Կանխավ շնորհակալ եմ:

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

ԳՈՀԱՐ.

Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ մի հիմնարկությունում որպես համակարգչային օպերատոր և օրվա ընթացքում ունենում եմ որոշակի ազատ ժամանակ և ուզում եմ արդյունավետ օգտագործեմ այդ ժամանակը հաշվապահություն սովորելու համար: Կարո՞ղ եք արդյոք հուշել` ինչպես կարելի է համացանցի միջոցով սովորել: Նշեք որևէ կայք կամ գրականություն, որից կարող եմ օգտվել: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել

Սևակ.

Բարև ձեզ: Ինձ շտապ պրոֆեսիոնալ հաշվապահի օգնություն է պետք, նախապես շնորհակալ եմ: Իսկ հարցս հետևյալն է՝ կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել Հայաստան, ու մաքսային մարմիններին վճարվել են ներմուծված ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները: Այնուհետև համապատասխան դուրսգրման ակտով ժամկետանց լինելու հիմքով ներկրված ապրանքների մի մասը դուրս է գրվել և ոչնչացվել: Կատարված ստուգման արդյունքում կազմվել է ստուգման ակտ, որով արձանագրվել է, որ խախտվել են ԱԱՀ-ի մասին օրենքի 23-րդ հոդվածի վերջին պարբերության պահանջները, և ԱԱՀ հաշվանցված գումարների ճշտում չի կատարվել, ու արդյունքում բյուջե չեն վճարվել ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ-ի հաշվարկ չի ներկայացվել: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք ճիշտ է կազմվել ստուգման ակտը: Չէ՞ որ ընկերությունը դուրս գրված ապրանքների համար ներմուծման ժամանակ արդեն վճարել է ԱԱՀ-ի գումարը, իսկ դուրս գրված ապրանքներով նա ԱԱՀ-ով հարկվող գործարքներ չի կատարել, ու մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարը չի վերադարձվել: Դուրս է գալիս՝ ընկերությունը կրկնակի հարկման է ենթարկվում միևնույն ապրանքների համար ընդամենը վերահաշվարկ չներկայացնելու համար:

Շնորհակալ եմ:

Անհատույց վարձակալություն

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք ֆիզ. անձն իր վարձակալած տարածքի մի մասը անհատույց օգտագործման հանձնել կազմակերպությանը: Եվ եթե այո, արդյո՞ք հարկեր կառաջանան: Նախապես շնորհակալ եմ:

Հարկավո՞ր է արդյոք առաքման գիրք վարել

Աստղիկ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցով: ՍՊԸ-ն զբաղվում է անհատական գրքերի պատրաստմամբ և իրացմամբ (անհատական ասելով` հասկանում եմ մեկ անձի համար և մեկ օրինակից` տվյալ անձի պատվերով), բաժակների, այլ սպասքի, ինչպես նաև հագուստի վրա ձեռքի աշխատանքի միջոցով նկարազարդմամբ և իրացմամբ (կրկին անհատական եղանակով): Այս դեպքում հարկավո՞ր է արդյոք պահել առաքման գիրք, արդյո՞ք այս գործունեությունն իրենից չի ներկայացնում ծառայությունների մատուցում:
Կանխավ շնորհակալ եմ:

Հյուրանոցային համալիրի հարկումը

Marish.

Սկսնակ հաշվապահ եմ: Հարցս հետևյալն է` հյուրանոցային համալիրը ի՞նչ հարկով է հարկվում և ի՞նչ վճարներ է կատարում: Նախապես շնորհակալություն:

Շինարարություն կատարող աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր

Հռիփսիմե.

Խնդրում եմ պատասխանեք: Շինարարություն կատարող աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր և տրվել է հրաման, իսկ մեկ ամիս հետո աշխղեկը զեկուցագիր է ներկայացրել, որ աշխատողն այդ ամվա ընթացքում ոչ մի օր չի ներկայացել աշխատանքի: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս պետք է հրամանը չեղյալ համարել, կամ էլ ինչպե՞ս և օրենքի ո՞ր կետով պետք է ազատել աշխատանքից:

Փոփոխություններ սոց. վճարի մասին օրենքում

Վահագն.

Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքիր: Սոց. վճարների մասին օրենքում փոփոխություն է կատարվել, որը ուժի մեջ է մտնում հուլիսի 25 ից, ըստ որի.

Պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սույն մասով սահմանված չափով նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար:
– կետը ուժը կորցրած է ճանաչվում:

Դա ի՞նչ է նշանակում, որ նախկինում ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած և պետ. ռեգիստրի վկայականը հարկային տեսչություն հանձնած ԱՁ-ն, որը արդեն 2 տարի սոց. վճար չի կատարում, հիմա ի՞նչ պետք է անի, և արդո՞ք հնարավոր է, որ ըստ այդ օրենքի նրա նկատմամբ հուլիսի 25-ից հետո հաշվարկվի սոց. վճար 5000-ական դրամով, եթե նա լուծարման դիմում չտա:

Ֆիզ. անձից ձեռք է բերվել 600 հազար դրամի ապրանք

Սուրեն.

Բարև ձեզ: Ես ֆիզիկական անձից գնել եմ 600 հազար դրամի ապրանք առանց փաստաթղթի, ինչպե՞ս կարող եմ կազմել դրա գնման ակտը, և արդյո՞ք կարող եմ միանգամից 600 հազար դրամի կանխիկ ապրանք ձեռք բերել, նախապես շնորհակալություն:

Կորել է աշխատողի աշխատանքային գրքույկը

Narek.

Գործատուն կորցրել է աշխատանքային գրքույկս: Ինչպե՞ս սոցապում վերականգնեմ գրքույկս և ո՞ր սոցապում:

Ժամկետանց դեբիտորական պարտքի փաստաթղթավորում

Արտակ.

Հարգելի հաշվապահներ, ժամկետանց դեբիտորական պարտքի վրա հաշվարկված տույժերը ինչպե՞ս փաստաթղթավորել, որպեսզի ներկայացնել դեբիտոր կազմակերպությանը:

Նախապես շնորհակալ եմ: