Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

ԱՁ ավտոմատ կերպով համարվել է ԱԱՀ վճարող

Աստղիկ․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն հունվարի 12-ին ռեգիստրում գրանցվել է և պետք է ԱԱՀ-ով աշխատեր, բայց 20 օրվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի հանձնվել, ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչ-որ տարբերություն կա՞ ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն տալով աշխատելու ու ավտոմատ կերպով ԱԱՀ դաշտում աշխատելու միջև, ԱԱՀ-ի հաշվանցման հետ կապված խնդիր կառաջանա՞, թե՞ ոչ։ ԱԱՀ-ի հաշվանցման սահմանափակումների մեջ այդ մասով կոնկրետ սահմանափակում նշված չէր։

Վարձակալության եկամտային հարկ

Մարիամ․

Ինչպե՞ս և որտե՞ղ վճարել տան վարձակալության եկամտահարկը, եթե վարձատուն գտնվում է ԱՄՆ-ում, ունի հայկական անձնագիր և սոց. քարտ։

Մարքեթինգի դասընթացների կազմակերպում

Անի․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը զբաղվելու է դասընթացների կազմակերպմամբ մարքեթինգի ոլորտում։ Ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։

Առցանց խանութ

Yana.

Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ կոսմետիկայի օնլայն խանութը ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել, պարտադի՞ր է գրանցել աշխատող, եթե հիմնադիրն է զբաղվում ամբողջ գործով, և պարտադիր է ՀԴՄ ունենալ։

Եկամուտների հայտարարագրում

Լիլիթ․

Բարև ձեզ, գրում եմ հետևյալ հարցով։ Հայաստանի քաղաքացի եմ, արտասահմանից առցանց աշխատանքի առաջարկ եմ ստացել։ Աշխատանքը խորհրդատվական բնույթ ունի։ Ֆիրման առաջարկում է կամ ԱՁ բացել, կամ էլ ուղղակի պայմանագիր կնքել և ամսվա կամ տարվա վերջում ցույց տալ վճարած հարկերը։ Ստացվելից գումարը քիչ է ԱՁ-ի համար, ուզում եմ աշխատել ուղղակի պայմանագրով։ Կասե՞ք՝ որտե՞ղ պետք է հայտարարագրեմ եկամուտները, և ինչպե՞ս պետք է հարկվի արտասահմանից ստացված գումարը, ամսական, թե՞ տարվա վերջում (համաձայն նոր օրենքի) հայտարարագիր պետք է ներկայացնեմ։

Հարկերի հաշվեհամար

Հայկ․

Բարև Ձեզ, ես հաշվապահ չեմ: Ունեմ Ա/Ձ, որի համար պետք է վճարեմ շահութահարկ: Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցեմ շահութահարկը: e-payments կայքում կա միասնական հաշիվ, այդ հաշվին կա՞րող եմ փոխանցել: Շնորհակալություն։

Միկրոձեռնարկատերը գույք է ներմուծել

Հարութ․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.

Մարզում գրանցված ԱՁ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատեր։ Ներմուծել է գույք արտահանման նպատակով, բայց մինչ օրս չի արտահանել։

Հարց 1․ Շրջանառության դաշտում աշխատելու դեպքում կարո՞ղ է կատարել վերը նշված գույքի արտահանում և շրջանառության գումարը նվազեցնել ներմուծված գույքի ձեռքբերման գնով, թե՞ պետք է վճարի 5% շրջ. հարկ, քանի իր այդ գույքը ձեռք է բերել միկրոձեռնարկատեր եղած ժամանակահատվածում

Հարց 2. Հարկման ընդհանուր համակարգում աշխատելու դեպքում կարո՞ղ է մաքսային մարմնին վճարված ԱԱՀ-ն դեբետագրել

Քաղաքում գտնվող հյուրատուն

Գոհար․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ քաղաքում գտնվող հյուրատունը այս տարի կարո՞ղ է միկրոյով աշխատել և հանրային սնունդ նույնպե՞ս կարող է մատուցել։

Ներմուծում Իրանից

Օվսաննա․

Բարև ձեզ։

Իրանից պողպատե խողովականման դրոշի հենք ներմուծելու համար ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Անտոկոս փոխառության տրամադրում վարկի առկայության դեպքում

Հայկ․

Բարև բոլորին: Հարգելի մասնագետներ, ճի՞շտ է արդյոք, որ եթե կազմակերպությունն ունի բանկերից վերցրած վարկ, ապա չի կարող իր հիմնադրին անտոկոս փոխառություն տրամադրել: Եթե կարելի է՝ օրենքի հղում կանե՞ք:

Հացի փռի գործունեություն

Աննա․

Բարև Ձեզ։ Եթե հացի փռում թխվում է նաև այլ հացաբուլկեղեն, որը նաև սպասարկվում է սրահում, այդ դեպքում կարո՞ղ է հացի վաճառքը որպես արտադրություն ձևակերպել, իսկ մնացած սնունդը` հանրային սնունդ։ Նշեմ, որ հանրային սննդի հայտարարություն չի տրվել։ Այդ դեպքում հացի վաճառքից շրջանառության հարկի դրույքաչափը կլինի 3.5՞, իսկ մնացածի մասով` 5%՞։

ԱՁ վաճառում է գյուղմթերք

Անահիտ․

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ եթե ԱՁ աշխատում է շրջանառության հարկի դաշտում, վաճառում է գյուղմթերք, և եթե չունի ձեռքբերում շուկայից, բացի 5 տոկոսից վճարու՞մ է նաև 20 տոկոս եկամտային հարկ։

Անձնական փոխանցումներ

Վազգեն․

Ողջույն, հարգելի հաշվապահներ և օրենքի գիտակներ։ ՊԵԿ -ից չկարողացան կամ չցանկացան պատասխանել իմ հարցին՝ ուղղորդելով ՀՀ հարկային օրենսգրքի 147 հոդվածին։

Ես եկամուտներ եմ ստանում ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։ Հարկերը վճարում եմ։ Տան ծախսերը հոգում է կինս, դրա համար ամսական (3 000 ԱՄՆ դոլար կամ 1 մլն ՀՀ դրամը չգերազանցող) գումարներ եմ փոխանցում իմ անձնական հաշվից կնոջս անձնական հաշվեհամարին։ Ես նաև օգնում եմ թոշակառու ծնողներիս՝ էլի ամսական գումար փոխանցելով իրենց հաշվեհամարին։

Հիմա հարց․ արդյո՞ք այդ փոխանցումները (ՀՀ դրամով ու ԱՄՆ դոլարով) կարող ե՞ն համարվել եկամուտ ու հետագայում խնդրո առարկա դառնալ։ Փոխանցումները կատարում եմ ՀՀ բանկերի միջև միայն ֆիզիկական հաշվեհամարից դեպի ֆիզիկական հաշվեհամար։ Շնորհակալություն։

Շահութահարկի կանխավճար

Անի․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Հարցս հետևյալն է.

Մեր Ընկերությունը ԱԱՀ վճարող կազմակերպություն է: 2022թ. վնասով ենք աշխատել, հետևաբար 2023թ. ընթացքում շահութահարկի եռամսյակային կանխավճարներ չենք կատարել:2023թ. շահույթով ենք աշխատել, բայց դեռևս շահութահարկի հաշվետվություն չենք ներկայացրել: 2024թ. 1-ին եռամսյակի շահութահարկի կանխավճարը ե՞րբ պետք է վճարել։

Համակարգչային դասընթացների կազմակերպում

Շուշան․

Բարև Ձեզ։ Համակարգչային դասընթաց իրականացնող ԱՁ կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ։ Ուսանողի հետ կնքած պայմանագրից բացի հաշիվ և՞ս պետք է գրվի։ Եվ կարո՞ղ է ՀԴՄ չունենալ։

Ներմուծում Իրանից

Նիկո․

Բարև Ձեզ, որ խնդրեմ կասե՞ք՝ եթե Իրանից ներմուծենք տոմատի մածուկ, ի՞նչ հարկեր ունենք վճարելու (տոկոսներով), և ԱԱՀ -ով աշխատելու դեպքում ինչպե՞ս է կատարվում դրա հետվերադարձը։

Գինու արտադրություն

Քրիստինա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք՝ գինու արտադրանքի վաճառքը ԱԱՀ-ից ազատվա՞ծ է, թե՞ ոչ, եթե հենց ֆիրման է արտադրում ու վաճառում։

Գործունեություն ՏՏ ոլորտում

Անի․

Ողջույն։ Ես ուզում եմ որպես ԱՁ գրանցվել՝ օտարերկրյա կազմակերպությունում ՏՏ ոլորտում ծառայություն տրամադրելու համար։ Ինչպիսի՞ն են հաջորդական քայլերը, և ի՞նչ հարկային ձևակերպում խորհուրդ կտաք կատարել հարկային արտոնություններից օգտվելու համար։

Նվազեցումներ շրջանառության հարկից

Վահագն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով և զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով։ Շրջանառության հարկի հաշվարկման ժամանակ իրացման շրջանառության 5 տոկոսից նվազեցվում է ձեռքբերումների 4 տոկոսը, որոնց մեջ մտնում է հարկային հաշվով ձեռք բերումները, հաշիվ վավերագրով ձեռք բերումները։ Հիմա հարց՝ ՀԴՄ կտրոններով ձեռք բերումները նույնպե՞ս նվազեցվում են։

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն

Կարեն․

Բաև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ, որը արտահանում է։ Կասե՞ք՝ հարկերից ազատվա՞ծ է, թե՞ ոչ։ Օրենքի ո՞ր հոդվածը պետք է կարդամ։

Շահութահարկի հաշվարկ

Նաիրա․

Ողջույն, ինձ անհրաժեշտ է շահութահարկի լրացման կարգի հրահանգը, այսինքն՝ որ տողում ինչ ենք գրում: Փաստաբանները ինչպե՞ս պետք է լրացնեն շահութահարկի հաշվարկը, լրացման ձևը կօգնե՞ք։ Շնորհակալություն:

Ակցիզային հարկի հաշվարկ

Սոնա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է. ինչպե՞ս է հաշվարկվում մրգային օղիների ակցիզային հարկը, բանաձև կասե՞ք։ Ոնքա՞ն է 1 ակցիզի արժեքը՝ 50% սպիրտայնություն, 0,5 լիտր։

Դրոշմանիշային վճար ֆիզ. անձի համար

Սարգիս․

Բարև ձեզ։ Եթե անձը համարվում է ֆիզ․ անձ, որն ԱՁ չի համարվում, 258 ձևը հանձնում է տարեկան 1 անգամ, աշխատողներ չունի, դրոշմանիշային վճար պե՞տք է վճարի։

Ապրանքի ներմուծում Չինաստանից

Արգիշտի․

Բարև ձեզ։ Ուզում եմ իմանալ՝ Չինաստանից ապրանք պատվիրելու դեպքում ի՞նչ քանակության և ի՞նչ արժողության դեպքում ենք պարտավորվում մաքսազերծել ապրանքը։

Տնօրենը օտարերկրացի է

Եվա․

Կասե՞ք՝ եթե կազմակերպության տնօրենը Վրաստանի քաղաքացի է, ինչպե՞ս պետք է գրանցել, և ի՞նչ հարկեր է վճարելու։

ԱՁ դրոշմանիշային վճար

Արմինե․

Ողջույն։ Դրոշմանիշային վճարը հաշվարկվում է տարեկա՞ն շրջանառության հիման վրա։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ Ա/Ձ ի դրոշմանիշայինի բալանսը, հնարավոր է գերավճար ունեմ։

Եթե հեղինակը գիրք է տպագրում

Շուշան․

Բարև ձեզ։ Եթե ես հեղինակ եմ և գիրք եմ տպագրում, կարո՞ղ եմ գրքերս ֆիզ․ անձով վաճառել։ Թե՞ Ա/Ձ-ն պարտադիր է։

Շահութահարկի գծով ծախս

Հայկ․

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, 2022թ-ի հաշվետու տարվա շահութահարկի գծով ծախսը վերագրվում է 2022թ. ծախսերին, թե՞ 2023 թվականի: Հաշվարկը կատարվել է 2022թ. ապրիլին: Օրենսգրքի ո՞ր հոդվածով է այս պահը սահմանված: Նախապես շնորհակալություն։

Կուտակային կենսաթոշակ ՌԴ քաղաքացու համար

Նարինե․

Բարև Ձեզ։ Եթե անձը ՌԴ քաղաքացի է, սակայն ունի Հանրային Ծառայությունների Համարանիշ ՀՀ-ում, արդյո՞ք նրանից պահված սոցիալական վճարը հետագայում մասնակցում է նրա կուտակային կենսաթոշակի հաշվարկին։ Շնորհակալություն։

Կամավոր սոցիալական վճար

Սոնա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող է սոցիալական վճար չվճարող աշխատակիցն իր կամքով սկսի վճարել սոցիալական վճար։

Առցանց դասավանդում

Լիլիթ․

Այլ երկրների բնակիչներին անգլերեն եմ դասավանդում օնլայն պլատֆորմում: Որպես ֆիզիկական անձ միկրոձեռնարկատիրության ոլորտում գործող կարո՞ղ եմ նաև դասավանդել եվրոպական ընկերությունների աշխատակիցներին և հաշիվ-ապրանքագիր ուղարկել։

Հարկատեսակի դիմում ներկայացնելու ժամկետը լրացել է

Վարդան․

Բարի օր։ Բացել ենք ԱՁ հունվարի 16-ին։ ԱՁ-ն զբաղվելու է ՏՏ ծառայությունների մատուցմամբ։ Դիմում ներկայացնելու 20-օրյա ժամկետը լրացել է կիրակի օրը։ Այսօր կարո՞ղ եմ հարկատեսակի համար դիմում ներկայացնել։

Դրոշմանիշային վճարի վերադարձ

Միքայել․

Բարև Ձեզ։ Հարցս վերաբերվում է դրոշմանիշային վճարին։ Զինվորս զորացրվել է15.01.2024թ-ին։ Ուզում եմ իմանալ՝ մեզ հասանելի՞ է ետ վերադարձը, շնորհակալություն։

ԱՁ դրոշմանիշային վճար

Հայկ․

Բարև Ձեզ: ԱՁ-ն, որը 2023թ. աշխատել է միայն մեկ ամիս և դադարեցրել է գործունեությունը, աշխատող չունի: Ի՞նչ հետևանքներ կառաջանան, եթե դրոշմանիշային 18 000-ը չվճարի: Օրենքով կա՞ սահմանված պատասխանատվություն: Շնորհակալություն։

Գործունեություն Wildberries հարթակում

Լուսինե․

Բարև Ձեզ, էսպիսի մի հարց․ եթե ֆիզ․ անձը ուզում է դառնալ իրավաբանական անձ և համագործակցել Wildberries – ի հետ, բայց ապրանքը գնել Չինաստանից և ուղարկել անմիջապես ՌԴ-ի ՎԲ: Ապրանքը Հայստանի չմտնի: Արդյո՞ք հնարավոր է։ էս դեպքում ՍՊԸ, թե՞ Ա/Ձ, կարո՞ղ է շրջանառության հարկի դաշտում գործել, և ո՞նց ձևակերպել գործողությունների ճիշտ հերթականությունը: Կանխավ շնորհակալ եմ:

ԱՁ զբաղվում է գյուղմթերքի առևտրով

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելիներս։ Ա/Ձ, որը զբաղվում է գյուղմթերքի մանրածախ առևտրով, ի՞նչ դրույքաչափով պիտի վճարի շրջանառության հարկը, և քանի որ փաստաթուղթ չի ունենա ձեռք բերումների, ի՞նչ լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան։

ԱՁ զբաղվում է կարի պարագաների վաճառքով

Նվարդ․

Բարև ձեզ: Սիրելի հաշվապահներ, ունեմ ԱՁ, որը զբաղվում է կարի պարագաների վաճառքով: Հիմա ուզում եմ մի փոքր ընդլայնեմ ավելացնեմ քիմմաքրման, հագուստի վերանորոգման ծառայություն, և իմ կարած անկողնային պարագաների վաճառք: Ի՞նչ հարկատեսակով կարող եմ աշխատել: Նշեմ, որ ԱՁ-ն գտնվում է մարզում և աշխատում է միկրոյով: Կանխավ շնորհակալ եմ:

Ժամկետանց կրեդիտորական պարտք

Թեհմինա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ արձագանքեք․ եթե ԱԱՀ վճարող ԱՁ ունի 3 տ անցած կրեդիտորական պարտք, որ պետք է միանա համախառն եկամտին և հարկի, բայց այդ տարում համարվում է շրջանառության հարկ վճարող, այդ գումարի հարցը ինչպե՞ս է կարգավորվում։

Թարմ քամված հյութերի վաճառք

Կարեն․

Պլանավորում եմ զբաղվել թարմ քամված հյութերի վաճառքով՝ օգտագործելով միայն միրգ։ Վաճառքը լինելու է խանութից կամ առաքման միջոցով 2-5 լիտրանոց շշերով։ Ի՞նչ թույլտվություն/լիցենզիա է անհրաժեշտ լինելու։ Ի՞նչ հարկեր եմ վճարելու։

Ստացված հարկային հաշիվ

Գայանե․

Բարև Ձեզ, կօգնե՞ք խնդրեմ.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում: Հունվարի 26-ին ծառայությունների մատուցման հարկային հաշիվ են դուրս գրել դեկտեմբեր ամսվա համար: Ես այդ գումարը հունվա՞ր ամսվա հաշվետվության մեջ եմ ներառելու։

Բնակարանի վարձակալություն

Լիանա․

Բարև ձեզ, 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ինչպե՞ս պետք է գրանցվեն վարձով բնակարանները։ Ու՞ր պետք է դիմել վարձով բնակարանը գրանցելու համար, ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել, և եկամտային հարկը ավտոմատ կհանվի՞ վարձավճարից, թե՞ պետք է տան սեփականատերը վճարի։

Մոտոցիկլի վարձույթ

Խաչատուր․

Բարև ձեզ։ Մոտոցիկլ եմ ուզում վարձույթով տամ, որքա՞ն հարկեր եմ վճարելու, ու ինչ է պետք անել ընդհանրապես որպես ԱՁ գրանցվելու համար և այլն, կմանրամասնե՞ք, եթե դժվար չէ։ Ամեն մոտոցիկլը 5 000 դրամով վարձով եմ տալու, ու ի՞նչ պետք է անեմ այդ դեպքում։ Շնորհակալություն։

Դրոշմանիշային վճար

Ժասմեն․

Ժամավճարով աշխատող դասախոսի դեկտեմբերի աշխատավարձը կազմում է 655 դրամ: Ո՞վ է վճարելու դրոշմանիշային վճարը:

Ա/Ձ-ն զբաղվում է թափոնների վերամշակմամբ

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն զբաղվում է թափոնների վերամշակմամբ և որպես երկրորդային հումք վաճառում է, գործունեությունը իրականացնում է միկրոյի դաշտում։ Արդյո՞ք կա այնպիսի օրենքի հղում, որ ազատված է հարկերից տվյալ գործունեության տեսակը։

Տարածքի վարձակալություն

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Կխնդրեի պատասխանել.

Շրջհարկի դաշտում գործող ԱՁ եմ։ Արտադրամասը՝ համաձայն գրավոր պայմանագրի, վարձակալել եմ ռեզիդենտ ֆիզ անձից։ Հարցերս հետևյալն են․

Հարց 1․ Վարձավճարի եկամտային հարկը ԱՁ-ն պետք է հաշվարկի և փոխանցի բյուջե՝ այն ցույց տալով եկամտային հաշվետվության համապատասխան տողում, թե՞ քաղաքացի ֆիզ անձը հաշվառվի ՊԵԿ-ում և հայտարարգրի հիման վրա կատարվի փոխանցումը։

Հարց 2. Քանի, որ շրջհարկով եմ աշխատում, և վարձակալական վճարը ԱՁ-ի համար ծախս չի (այսինքն չի պակասեցվելու շրջհարկից), պարտադի՞ր է կադաստրում հաշվառվելը կամ նոտարական վավերացումը։

Շրջանառության հարկ ԱՊՊԱ հատուցումից

Ելենա․

Բարև ձեզ: Կազմակերպությունը (ՍՊԸ) աշխատում է շրջանառության հարկով: Ապահովագրական կազմակերպությունից ստացել է ԱՊՊԱ հատուցում 20 000դր․։ Այդ գումարը արդյո՞ք պետք է հարկվի շրջանառության հարկով։

Վարձակալությունից ստացված եկամուտ

Աշոտ․

Բարեվ ձեզ։ Կասե՞ք, թե ինչպե՞ս վճարել վարձակալությունից ստացված եկամտից առաջացող եկամտային հարկը (10%)՝ ապրելով արտասահմանում։ Ունեմ ՀՀՎՀ, ասում են՝ ինչ որ Էլեկտրոնային համակարգի միջոցով է արվում, սակայն չեն մանրամասնում, թե ինչպես։ Շնորհակալ եմ։

Տարածքի վարձակալություն

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել վարձակալության հետ կապված մի քանի հարցի`

1. Եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն տարածք վարձակալի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ից, ապա իր մոտ հարկային պարտավորություններ չի առաջանա չէ՞, միայն ստացված հաշիվ վավերագրի գումարը պետք է ներառել ԱԱՀ հաշվարկի մեջ` որպես ՀՀ տարածքում ստացված ծառայություն։

2. Վերոնշյալ դեպքում վարձակալության պայմանագիրը պե՞տք է հաստատվի կադաստրում, և վարձավճարի նվազագույն չափը պե՞տք է լինի կադաստրային արժեքի 2,5%-ից ոչ պակաս` տարվա կտրվածքով։

3. Եթե շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի տարածքը հիմնադիր-տնօրենի սեփական տարածքն է և ՍՊԸ-ին տրված է անհատույց, ապա պե՞տք է տնօրենի` որպես ֆիզ. անձի հետ կնքվի անհատույց վարձակալության պայմանագիր, իսկ տնօրենն էլ ուղղակի պե՞տք է հարկայինում հայտարարություն ներկայացնի, որ տարածքը տրամադրել է անհատույց հիմունքներով։

Ֆիզ. անձին գումար են փոխանցել

Inna.

Ողջույն, այսպիսի մի հարց․

Եթե ֆիզիկական անձը ստանում է քարտային փոխանցում արտասահմանյան app-ի միջոցով, արտասահմանում աշխատող հարազատից, արդյո՞ք հարկ պետք է վճարի։ Կախվա՞ծ է դա գումարի չափից, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Կազմակերպության ձեռքբերումները շուկայից են

Եվա․

Խնդրում եմ կասե՞ք՝ եթե կազմակերպությունը զբաղվելու է արտադրությամբ և ձեռքբերումների մեծ մասը անելու է շուկայից, այսինքն հաշիվ չի ստանալու, այդ դեպքում 2025թ-ից շրջանառության հարկի դաշտում աշխատելու դեպքում կհարկվի ձեռքբերման գնից, թե՞ միայն ապրանքների առք ու վաճառքի դեպքում է դա։