Վարդան.
Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ. ֆիզիկական անձի կողմից կատարված գործարքներից ո՞ր դեպքերում է գանձվում ԱԱՀ և օրենքի ո՞ր կետով է դա ամրագրված, և ո՞վ է ներկայացնում ֆիզ. անձի իրականացրած գործարքների մասին տվյալները հարկային տեսչություն: Շնորհակալ եմ:
ԱԱՀ վճարման պարտավորություն կրում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե`
ա. նրանց իրականացրած գործարքները, “Ավելացված արժեքի հարկի մասին” օրենքի համաձայն, համարվում են ապրանքի մատակարարում *
բ. մատուցել են այնպիսի ծառայություններ կամ մատակարարել են այնպիսի ապրանքներ, որոնց իրականացումն օրենքի համաձայն չի դիտվում որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն (օրինակ, վարձակալություն)
գ. նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը (տես “Մաքսային օրենսգրքի” հոդված 105)
* Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում`
ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը,
բ. մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում,
գ. իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց)) ներդրումը, եթե այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալը օտարվել է այլ անձի,
դ. օրենքով սահմանված կարգով որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների), բացառությամբ՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչև տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում՝ մինչև 4 անհատական բնակելի տների օտարումը:
Շնորհակալություն: