Իսկ դու վճարե՞լ ես հարկերը |
“Այս կյանքում ոչինչ այնքան որոշակի չէ, քան մահը և հարկերը”,-Բենջամին Ֆրանկլին
Բենջամին Ֆրանկլինը ճիշտ է արտահայտվել մահվան և հարկերի մասին, սակայն բացի որոշակի լինելը ԱՄՆ-ում հարկերը նաև հեռու են հաստատուն լինելուց: Ամերիկան ծանրաբեռնված չի եղել հարկերով բավական երկար ժամանակ իր պատմության մեջ, այսինքն` ուղղակի հարկերով, ինչպիսին եկամտահարկն է: Վերջին հաշվով, հարկերն էին, որ ստիպեցին ամերիկացիներին ապստամբել Բրիտանիայի դեմ 1773թ-ին: Հեղափոխական պատերազմից հետո նոր Ամերիկյան կառավարությունը զգույշ էր մոտենում հարկման հարցին: Ուղղակի հարկումը բացառված էր սահմանադրությամբ բոլոր գործնական նկատառումներով: |
Այնուամենայնիվ, պետական եկամուտները պետք է հավաքագրվեին մաքսերի և տուրքերի միջոցով, որոնք կիրառվում էին այնպիսի ապրանքների նկատմամբ, ինչպիսիք են ալկոհոլը, ծխախոտը, շաքարը և այլն:
Առաջին ընդդիմությունը համակարգին եղավ 1794թ-ին, երբ տեղի ունեցավ Վիսկիի Ապստամբությունը: Դա Պենսիլվանիայի նահանգի ֆերմերների խմբեր էին, ովքեր զայրացած էին վիսկիի վրա կիրառվող հարկերից և այրում էին հարկ հավաքագրողների տները: Պաշտպանելով անուղղակի հարկեր հավաքագրելու իր իրավունքը` Կոնգրեսը ճնշեց ապստամբությունը զինված ուժերի օգնությամբ:
Պատերազմը դժոխք է, բայց հարկերը ավելի տևական են
Սահմանադրության անձեռնմխելիությունը և հարկերի նկատմամբ ժառանգական ատելությունը նորից փորձության ենթարկվեցին 1790-ական թվականներին, երբ Ֆրանսիայի հետ պատերազմից հետո ի հայտ եկավ գույքահարկը: Այս հարկի ներդրումը հեռու էր կատարյալ լինելուց, այնպես որ 1812-ի պատերազմը ֆինանսավորվում էր ավելի բարձր հարկերով և ակցիզային հարկով: Իսկ Քաղաքացիական Պատերազմը հարկային համակարգում ավելացրեց նոր հարկ` եկամտահարկը:
Ամերիկյան Քաղաքացիական Պատերազմը աղետալի և թանկ էր ժողովրդի համար և հսկայական պարտքեր առաջ բերեց: Պատերազմի համար վճարելու համար Կոնգրեսը ընդունեց 1861-ի Եկամուտների Ակտը, որի համաձայն հարկվում էին $800 –ը գերազանցող եկամուտները, և որը ուժի մեջ էր մինչև 1872թ: Ամերիկյան ժամանակակից հարկային համակարգի հիմքում ընկած է այս ակտը: Այս ժամանակ հիմնադրվեց Միացյալ Նահանգների Ներքին Եկամուտների Ծառայությունը (Internal Revenue Service), հարկումը դարձավ աճողական (հարկի դրույքաչափը կախված էր հարկվող գումարի մեծությունից), թույլատրվեցին որոշ նվազեցումներ:
Սահմանադրության փոփոխումը
Սահմանադրությունը արգելում էր ցանկացած ուղղակի հարկեր, որոնք կհավաքագրվեն ոչ համամասնորեն յուրաքանչյուր նահանգի ազգաբնակչությանը: Վերին ատյանի դատարանը անսահմանադրական հայտարարեց համամասնական հարկումը, որը ներառված էր 1894-ի Վիլսոն-Գորմանի Ակտում: Չնայած հարկ վճարողների հաղթանակին, շատ մարդիկ նորից սկսեցին բողոքել հարկերի դեմ:
Այսպիսով, 1913-ին ներկայացվեց 16-րդ Փոփոխումը, որի հետևանքով հարկման ենթակա դարձան միայն տարեկան $3000 գերազանցող եկամուտներ ունեցողները, որոնք բնակչության 1% էլ չէին կազմում: Հետաքրքիր է, որ “օրինական եկամուտ” արտահայտությունը 1916-ին փոխվեց ուղղակի “եկամուտ” արտահայտությամբ` դատախազներին հնարավորություն տալով դատապարտել այնպիսի կազմակերպված հանցավոր խմբավորումներին և նրանց պարագլուխներին, ինչպիսին Ալ Կապոնեն էր, երբ բոլոր այլ կետերով նրանք արդարացվում էին:
Համաշխարհային Պատերազմը, Համաշխարհային Բարգավաճումը, Համաշխարհային Ճգնաժամը
Առաջին համաշխարհային պատերազմը առաջ բերեց երեք Եկամուտների ակտեր, որոնք բարձրացրեցին հարկերի տոկոսադրույքները և նվազեցրեցին արտոնությունները: Հարկ վճարողների թիվը ԱՄՆ-ում աճեց մինչև 5%, և առանձին հարկեր սկսեցին կիրառվել գույքի և եկամուտների նկատմամբ: Այս հարկերը նվազեցվեցին հետագայում, և տնտեսությունը հսկայական աճ ապրեց: Պատերազմի վերջին տարում` 1918թ-ին, բյուջեի մուտքերը կազմեցին $3,6 միլիարդ, իսկ 1920թ-ին` $6,6 միլիարդ: 1929թ. ճգնաժամը նվազեցրեց այս եկամուտները. 1932-ին դրանք կազմեցին $1,9 միլիարդ:
Ռուզվելտը և հարկերի բարձրացումը
Ռուզվելտի Նոր Կուրսը և Երկրորդ Համաշխարհային պատերազմը առաջացրեցին նոր հարկեր և բարձրացրեցին հները: 1939թ-ին հարկի ամենաբարձր տոկոսադրույքը 75% էր, որը կիրառվում էր $5 000 000 գերազանցող մասի նկատմամբ: 1944 և 1945 թթ ընթացքում $200 000 գերազանցող եկամուտները հարկվում էին արդեն 94 %-ով: 1945թ-ին 43 միլիոն ամերիկացիներ վճարում էին հարկեր, և հարկերից հավաքագրվող գումարները $45 միլիարդ էին (1941-ին` $9 միլիարդ):
Նիքսոնը և ստագֆլյացիան
1945-ի Եկամուտների Ակտը նվազեցրեց հավաքագրվող եկամուտները մինչև $6 միլիարդ, սակայն սոցիալական ապահովության վճարները և կառավարությունը թույլ չտվեցին դրանց ավելի նվազել: 50-ական թթ հարկի ամենաբարձր տոկոսադրույքը 80%-ից ավելին էր, և եկամուտների բարձր շեմի նկատմամբ բարձր տոկոսադրույքների կիրառումը, որը ներկայացվել էր որպես պատերազմական միջոցառում, այդպես էլ չդադարեցվեց:
60-ական և 70-ական թթ արժեզրկման ժամանակներ էին: Արժեզրկումը մեծ խնդիր դարձավ հարկ վճարողների համար, քանի որ հարկերը ինդեքսավորված չէին դրա համար: Սա նշանակում էր, որ չնայած մարդկանց եկամուտների իրական արժեքը նվազել էր, նրանք նաև ստիպված էին բարձր հարկեր վճարել:
Ռեյգանոմիկա
1981-ի Տնտեսության Վերականգնման Հարկային Ակտը որոշ փոփոխություններ մտցրեց իրավիճակի մեջ: Ռեյգանը նվազեցրեց բոլոր հարկային տոկոսադրույքները 25%-ով և փոխեց ընկերությունների կապիտալ ծախսերի հետ կապված հաշվարկները` խրախուսելով հիմնական միջոցների և սարքավորումների ներդրումները: Միաժամանակ, Ռեյգանը փորձ արեց սանձել արժեզրկումը: Արդյունքում, քանի որ բյուջեն հիմնված էր արժեզրկման ընդունված տոկոսադրույքի վրա, իսկ արժեզրկման ոչնչացման փորձերը չափից ավելի արագ կատարվեցին, առաջացավ դեֆիցիտ:
Հետևաբար, Ռեյգանը պետք է վերականգներ 1984-ին իր կողմից կրճատված հարկերը, հատկապես կորպորատիվ մասով` փորձելով պայքարել բյուջեի դեֆիցիտի դեմ: Այնուամենայնիվ, Ներքին Եկամուտների Ծառայությունը հայտարարեց, որ Ռեյգանոմիկայի արդյունքում 1985թ-ին 400 000-ից ավելի մարդիկ միլիոնատեր են դարձել հարկման վերին շեմի հարկերի կրճատման շնորհիվ: 1986-ին մեկ այլ հարկային բարեփոխում կատարվեց, ինչի արդյունքում վերին տոկոսադրույքը 50%-ից իջավ 28%-ի, իսկ կորպորատիվ հարկը կրճատվեց 50%-ից 35%-ի: Այս ամենի արդյունքում հարկերի հավաքագրումից եկամուտները անփոփոխ մնացին:
90-ականները և Բացասական Հարկը
Երբ Քլինթոնը դարձավ նախագահ 90-ականներին, հարկերի նվազելու միտումը դադարել էր: 1993-ին հարկերի չնչին աճ եղավ, իսկ 1997-ին ներկայացվեց բացասական եկամտահարկը: Բացասական եկամտահարկը իրենից մի ծրագիր էր ներկայացնում, որի համաձայն մարդիկ, ովքեր հարկեր չէին վճարում (ունեին ցածր եկամուտներ), լրացուցիչ միջոցներ (սուբսիդիաներ) էին ստանում բյուջեից:
Բուշը և հետո
2001թ-ին Բուշը կրճատեց հարկերը, և այս կրճատումը տևեց մինչև 2010թ, երբ ժողովրդավարական կուսակցությունը եկավ իշխանության:
Գոյություն ունեցող սոցիալական ծրագրերի և անվճար բժշկական ապահովագրության ավելացման միտումները ԱՄՆ-ում անհավանական են դարձնում հարկերի նվազումը մոտ ապագայում: Հաշիվները պետք է վճարվեն, և վերջին հաշվով հարկատուներն են դրանք վճարում:
Աղբյուր` accountant.am
Վերլուծությունների արդյունքներն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ ԱՄՆ անձնագիր ունենալը թանկ հաճույք է։ Սա է պատճառը, որ մի շարք ԱՄՆ քաղաքացիներ հրաժարվում են քաղաքացիությունից, քանի որ վերջիններս այդպիսով խուսափում են երկրի հարկային մարմինների ուշադրությունից։ Հետաքրքրական է նաև այն փաստը, որ 2009 թվականի 2-րդ քառորդում գրանցվել է քաղաքացիություն ստացողների՝ ԱՄՆ պատմության մեջ աննախադեպ ցածր ցուցանիշ՝ ընդամենը 15 մարդ։