Ռաի դրամները, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսի Յապ կղզիների վրա, իրենցից ներկայացնում են քարե սկավառակներ, թվով 6 000 հատ՝ պատրաստված կրաքարից։ Ամենամեծ քարերը ունեն 3,6 մետր տրամագիծ և 4 տոննա զանգված, իսկ ամենափոքրերը՝ 7-8 սմ չափեր։
Քարե դրամները Յապում են հայտնվել հարևան Պալաու կղզուց։ Մի քանի հարյուր տարի առաջ Յապի բնակիչները գնացել են ձկնորսության և մոլորվելով՝ հայտնվել են Պալաու կղզու վրա։ Տեսնելով կրաքարե կառուցվածքներ՝ նրանք պոկել են մի կտոր և կետի (ջրային կենդանու) ձև տվել դրան։ Այս քանդակը տուն բերելով՝ այն անվանել են “ռաի”, ինչը տեղացիների լեզվով նշանակում է “կետ”։
Այդ ժամանակ տեղացիները որպես արժույթ օգտագործում էին ամեն ինչ՝ խխունջներ, համեմունքներ և այլն, և այդ պատճառով դրսից ներմուծված իրերի նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջանում։ Պալաու կղզու վրա գտնված նորույթը դրդում է նաև մյուս բնակիչներին, որպեսզի գնան և բերեն ավելի շատ քարեր։ Սակայն այդ ժամանակ արդեն դրանց լիալուսնի տեսք են տալիս, մեջտեղում փայտերի համար անցք են բացում, որպեսզի տեղափոխությունը հարմար լինի։
Ռաի քարերի տեղափոխումը Յապ կղզի
Քարերի արժեքը որոշվում է մի քանի գործոններով, որոնցից առաջինը մարդկային կյանքերի քանակն է, որոնք կորցրել են ճանապարհին՝ քարերը տեղափոխելուց։ Երկրորդը՝ պատրաստման եղանակը։ Ավելի ժամանակակից քարերը ավելի մշակված տեսք ունեն, ինչը ավելի ժամանակակից գործիքների շնորհիվ է, սակայն դրանք ավելի փոքր արժեք ունեն։ Վաղ քարերը մշակվել են խխունջներից ստացված գործիքներով, ինչը դրանք ավելի արժեքավոր է դարձնում։ Երրորդ գործոնը՝ արդյոք քարը նվիրվել է որևէ առաջնորդի, ով հովանավորել է ճամփորդությունը Պալաու կղզի։ Չափսը չորրորդ գործոնն է, սակայն որոշ դեպքերում փոքր քարը կարող է ավելի արժեքավոր լինել։
Այսօր կղզու բնակիչները հաշվարկները կատարում են դոլարով։ Սակայն քարերը հիմա էլ օգտագործում են այնպիսի կարևոր սոցիալական միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են հարսանիքը, ժառանգությունը, քաղաքական գործարքները, շատ հազվադեպ՝ փոխանակում են սնունդի հետ։ Քարերից շատերը տեղադրված են տների դիմաց կամ ճանապարհների եզրերին։ Քարի ֆիզիկական դիրքը հաճախ նշանակություն չունի։ Չնայած սեփականության իրավունքը կարող է փոխվել, ինքը քարը հազվադեպ է տեղաշարժվում քաշի և վնասվելու վտանգի պատճառով, իսկ նախորդ սեփականատերերի անունները փոխանցվում են նորին։ Դեպք է եղել, երբ քարը ընկել է ջրի տակ, և չնայած որ ոչ ոք չի տեսել այն, բոլորը համաձայնվել են, որ քարը ջրի հատակին է, և շարունակել են օգտագործել այն որպես արժույթ։ Կարևորը միայն սեփականության իրավունքի հաստատումն է, իսկ թե որտեղ է գտնվում քարը, այդքան կարևոր չէ։
Հետաքրքիր է, որ նման մոտեցում ընկած է նաև այսօրվա բլոկչեյն տեխնոլոգիաների հիմքում, որի հիման վրա աշխատում է, օրինակ, բիթքոյնը։ Չէ՞ որ այն իրենից ներկայացնում է կոդ, և նշանակություն չունի՝ արդյոք այն գոյություն ունի նյութական տեսքով, թե ոչ։ Ինչպես Ռաի դրամների դեպքում, բիթքոյնի դեպքում էլ կարևորը գործարքի հաստատումն է։
Աղբյուր` Accountant.am
Ի դեպ Ռաի քարեր, քարե մեծ սկավառակներ, որ պատրաստվում էին արագոնիտի կամ կալցիտի կրաքարից և մեջտեղում ունեն անցք: Ռաի քարերը գտնվել են միկրոնեզյան Պալաու և Գուամ կղզիներում ու տեղափոխվել են Միկրոնեզիա` Յապ կղզիախումբ: Դրանք տեղափոխվել են կանոեներով և նավերով և օգտագործվել որպես փող:
Սովորաբար ռաի քարն ունենում է դրա հետ կապված բանավոր պատմություն, թե ինչպես է այն ձեռքից ձեռք փոխանցվել և հասել ներկայիս տիրոջը: Ռաի քարերի օգտագործմամբ գործարքները կատարվում էին բանավոր կերպով և քարի` նոր տիրոջը փոխանցում չէր պահանջվում: