Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որին Հայաստանն անցնելու է 2011 թվականին հունվարի 1-ից, բազում մտահոգություններ է առաջացնում ոչ միայն քաղաքացիների, այլև որոշ մասնագետների շրջանում:
Մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը կարծիք հայտնեց, որ թեև պետությունը պարտադրում է իր քաղաքացիներին ամեն ամիս փոխանցել իրենց աշխատավարձի 5 տոկոսը կենսաթոշակային կուտակային ֆոնդ, սակայն երաշխիք չի տրամադրում, որ, օրինակ` 25 տարի հետո քաղաքացին իր գումարը հետ կստանա:
Ներկայումս Հայաստանում 460 հազար աշխատող քաղաքացի պահում է 520 հազար քաղաքացու:
Կենսաթոշակային նոր համակարգով մինչև 40 տարեկան յուրաքանչյուր քաղաքացի ինքն է կուտակելու իր կենսաթոշակը: Ամեն ամիս աշխատավարձի 5 տոկոսը փոխանցվելու է պետության կողմից լիցենզավորված կուտակային կենսաթոշակային հիմնադրամներում բացված քաղաքացու անհատական հաշվին, պետությունն էլ իր հերթին ավելացնելու է փոխանցված գումարին հավասար գումար: Իսկ հիմնադրամները գումարները ներդնելու են արժեթղթերի շուկայում:
«Մեր արժեթղթերի շուկան ընդհանրապես չի աշխատում, եթե արժեթղթերի շուկայում հերթական անկումը լինի, ո՞վ է քաղաքացուն վերադարձնելու իր գումարները»,- հարցնում է Մեսրոբյանը, որը կարծում է, թե նախքան այս համակարգին անցնելը պետք է ունենալ կայացած արժեթղթերի շուկա:
Մեսրոբյանը նաև կարծում է, որ համակարգին անցնելը պետք է ոչ թե պարտադիր լինի, այլ կամավոր, որպեսզի կամավոր կուտակային համակարգին անցած քաղաքացիները հասկանան, թե ինչ ռիսկեր ու օգուտներ կարող են իրենք ունենալ:
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանն էլ ասում է, որ արժեթղթերի շուկան վերջին տարիներին արդեն զարգանում է Հայաստանում, և նույնիսկ կենսաթոշակային ֆոնդերի սնանկացման դեպքում քաղաքացին իր կուտակած փողը չի կորցնի, քանի որ դրանք վերադարձնելու մեխանիզմներ կմշակվեն:
Աղբյուր` armenianow.com
Ճիշտն ասած լսել եմ այդ փոփոխությունների մասին բայց ծանոթ չեմ ,դա վերաբերվում է 3 % սոց.վճարին, որը փոխվում է 5 %,թե դրանք առանձին են վճարվելու,բայց այդ դեպքում գործատուի հաշվին կատարված սոց վճարը:
Խնդրում եմ եթե հնարավոր է ասեք որտեղից կարող ենք ծանոթանալ այդ փոփոխությունների մասին:
Հարգելի Հովհաննես,
կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը հաստատելու մասին N 1487-Ն որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ…