Մարինե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի.
Հարց 1․ ՍՊԸ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, 2019թ. որքա՞ն է շահութահարկի դրույքաչափը, և շահութահարկի հաշվետվության վերջին աղյուսակում հարկման բազայի բաժնում (մնացորդ, մուտք, ելք, մնացորդ) ո՞ր դեպքում ենք լրացնում տվյալները, որ դեպքում՝ ոչ:
Հարց 2․ Ֆիզիկական անձը ձեռք է բերել ավտոմեքենա և մեկ տարվա ընթացքում վաճառել է, այսինքն՝ գործարքը համարվում է ձեռնարկատիրական գործունեություն և պետք է հարկվի եկամտային հարկո՞վ: Հարկային տեսչությունում գրանցվել է, ստացել ՀՎՀՀ, էլեկտրոնային եղանակով ո՞ր համարի հաշվետվությունը պետք է հանձնենք:
Հարց 3․ ՀՀ հարկային օրենսգրքի ո՞ր հոդվածով է սահմանվում, որ միայն շրջ․ հարկով կամ միայն արտոնագրային հարկով աշխատող կազմակերպությունները չեն ներկայացնում շահութահարկի հաշվարկ:
Հարց 4․ Գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած կազմակերպությունը կարո՞ղ է ԱԱՀ-ով կամ շրջ. հարկով աշխատելու դիմումը ներկայացնել ոչ թե համապատասխանաբար հունվարի 20-ին կամ փետրվարի 20-ին և կարո՞ղ է շահութահարկի կանխավճարներ չկատարել (2019թ. ընթացքում աշխատել է ընդհանուր հարկման դաշտում), և եթե այո, գործունեությունը սկսելու դեպքում գործունեությունը դադարեցրած եռամսյակների համար է՞լ է վճարում կանխավճարները:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարց 1․
2019թ. շահութահարկի դրույքաչափը 20 տոկոս է։ Շահութահարկի հաշվետվության վերջին աղյուսակում հարկման բազայի բաժնում տվյալները պարտադիր լրացվում են:
Հարց 2.
Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաների երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ ավտոմեքենաների (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում, համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում և ենթակա է հարկման եկամտային հարկով` 20 տոկոս դրույքաչափով:
Ձեր դեպքում ձեռնարկատիրական գործունեություն չի։
Հարց 3․
Հոդված 261. Շրջանառության հարկի հաշվարկների ներկայացումը՝
1. Շրջանառության հարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում շրջանառության հարկի հաշվարկներ:
Իսկ արտոնագրային հարկ 2020թ. հունվարի 1-ից չկա։
Հարց 4․
Գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած կազմակերպությունը կարող է գործունեությունը վերսկսելու դեպքում ԱԱՀ-ով կամ շրջ հարկով աշխատելու դիմումը ներկայացնել գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ։
Այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝
1) որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ կարող է չկատարել.
2) որևէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ կարող է չկատարել:
Հարց 1-ի մասով՝ 2019թ. շահութահարկի դրույքաչափը սահմանված է եղել 20 տոկոս:
Հարց 3-ի մասով՝ ՀՀ հարկային օրենսգրքի 253-254 հոդվածների համաձայն է սահմանվում, որ միայն շրջ․ հարկով աշխատող կազմակերպությունները չեն ներկայացնում շահութահարկի հաշվարկ: Իսկ արտոնագրային հարկը 2020 թվականին չի գործում:
Հարց 2․ 163 ձևն է, արժեքի 1 % կամ յուր ձիաուժի համար 150 դրամ /առավելագույնը:
Հարց 4․ Նախորդ տարում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած կազմակերպությունը շրջ. հարկի համակարգով աշխատելու համար հայտարարությունը ներկայացնում է գործունեությունը վերսկսելուց 20 օրվա ժամկետում։ Իսկ եթե այս տարի եք դադարեցրել, մինչև փետրվարի 20-ը պիտի ներկայացնեք, այլապես երբ սկսեք աշխատել ստիպված կլինեք աշխատել հարկման ընդհանուր համակարգով:
Շնորհակալ եմ շատ, գործունեությունը դադարեցրել ենք 2020թ. հունվարի 1-ից:
Շնորհակալ եմ, Տիգրան: Արտոնագրային հարկի մասով խոսքս 2019թ. մասին է:
Շնորհակալ եմ շատ Ալլա ջան, բայց 147 հոդվածի 1 կետի 16 ենթակետը փոփոխվել է.
16) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Սույն կետի կիրառության իմաստով՝
ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո՝ 365 օրվա ընթացքում: (147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն տարածվում է նաև մինչև 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող՝ 2018 թվականի հուլիսի 1-ից հետո կատարված՝ ավտոմեքենաների օտարման գործարքների նկատմամբ):
Եվ համաձայն 150 հոդվածի 10 կետի՝
10. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքում ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից (այդ թվում` նաև այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող անձի) ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից: