Պարոն 5 %

Գյուլբենկյան

1912 թ-ին բրիտանական կառավարությունը բեմի վրա հայտնաբերեց նոր “խաղացողի”: Դա “Թուրքական նավթային ընկերությունն էր”: Քանի որ Թուրքական ազգային բանկի 30 % բաժնետոմսերը պատկանում էին հայ միլիոնատեր Գալուստ Գյուլբենկյանին, դա նրան դարձնում էր նաև այս նավթային ընկերության 15-տոկոսային բաժնեմասի տեր:

Գալուստ Սարգսի Գյուլբենկյանը ծնվել է 1869թ-ի մարտի 23-ին Կոստանդնուպոլսում` հայ մեծահարուստ նավթարդյունաբերող և բանկիր Սարգիս Գյուլբենկյանի ընտանիքում, ով իր ունեցվածքը աշխատել էր` Ռուսաստանից Օսմանյան կայսրություն նավթ ներմուծելով: Որպես պարգև այս գործունեության համար սուլթանը նրան նշանակել էր Սև ծովի նավահանգստի ղեկավար: Ընտանիքը բնակվում էր Կոստանդնուպոլսում, որտեղ էլ Գալուստը կատարեց իր առաջին ֆինանսական գործարքը. յոթ տարեկան հասակում նրան տվեցին թուրքական արծաթյա դրամ, տղան այն տարավ շուկա` ոչ թե կոնֆետ գնելու, ինչպես կարելի էր սպասել, այլ հին մետաղադրամի հետ փախանակելու համար: Հետագայում նա հավաքեց ոսկյա դրամների` աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը և մեծ հաճույքով ձեռք բերեց նաև հունական ոսկյա դրամների` Ջ.Պ.Մորգանի հավաքածուն:

Գյուլբենկյան

Նախնական կրթությունը Գալուստ Գյուլբենկյանը ստացել է Պոլսո Արամյան-Ունճյան դպրոցում և Սեն-Ժոզեֆի ֆրանսիական վարժարանում: Ֆրանսերենը կատարելագործելու նպատակով մեկնել է Մարսել, ապա տեղափոխվել ծնողների մոտ` Լոնդոն, որտեղ 1887-ին գերազանցությամբ ավարտել է Քինգզ քոլեջը` ստանալով ճարտարագետի մասնագիտություն: Չորս տարի անց` 1891-ին, նրան Բաքու հրավիրեց, մեկ տարի իր հովանու ներքո պահեց և նավթարդյունաբերությանը, նավթաբիզնեսին հաղորդակից դարձրեց Ալեքսանդր Մանթաշյանցը: Մեկամյա փորձառության արդյունքում Գ.Գյուլբենկյանը Բաքվի նավթարդյունաբերության վերաբերյալ գրեց ֆրանսերեն մի գրքույկ ու մի շարք հոդվածներ հրապարակեց ֆրանսիական թերթերում: 21 տարեկան հասակում Գյուլբենկյանը միջազգային կարգի մասնագետ էր համարվում նավթարդյունաբերության ոլորտում: Այդ ժամանակ թուրք սուլթանի երկու պաշտոնյաներ նրան խնդրեցին հետազոտել Միջագետքի նավթի պաշարները: Չնայած Գյուլբենկյանը չմեկնեց այնտեղ, ինչպես վարվում էր սովորաբար, նա պատրաստեց այլ մարդկանց կողմից հավաքված նյութերի հիման վրա մի հաշվետվություն, որն էլ համոզեց թուրք պաշտոնյաներին, որ շրջանը հսկայական նավթային պաշարներ ունի: Այսպես տեղի ունեցավ Գալուստ Գյլուլբենկյանի ծանոթությունը Միջագետքի նավթի հետ:

1912թ-ին Իրաքի նավթապաշարների շահագործման նպատակով Գյուլբենկյանի ջանքերով ստեղծվեց Թուրքական նավթային ընկերությունը, որի 35% բաժնեմասը պատկանում էր Թուրքիայի Ազգային բանկին, 25%-ը` անգլո-հոլանդական “Ռոյալ Դատչ Շել” կոնցեռնին, 25%-ը` “Դոյչե բանկին”, իսկ 15%-ը` իրեն: Սակայն այս իրողության հետ չէր կարող համակերպվել Մեծ Բրիտանիան, որը Թուրքիայի նավթային ընկերությանն ստիպեց վերաբաշխել մասնաբաժինները: Արդյունքում Թուրքիայի Ազգային բանկի մասնաբաժիններն անցան “Անգլո-պարսկական” նավթային ընկերությանը: Այժմ վերջինիս էին պատկանում Թուրքական նավթային ընկերության բաժնետոմսերի 50 % – ը, մինչդեռ “Դոյչե բանկն” ու “Շելը” ունեին 25 – ական տոկոս: Համաձայնագրի պայմաններին համաձայն “Անգլո-պարսկական խումբը” և “Շելը” Գյուլբենկյանին էին տալիս ակտիվների ընդհանուր արժեքից 2,5 – ական տոկոս ` որպես “շահառուի տոկոս”: Այդ տոկոսադրույքը ամրագրվեց հավիտյանս, իսկ Գալուստ Գյուլբենկյանը համաշխարհային բիզնեսի պատմության մեջ մնաց “Պարոն 5%” մականվամբ:

Աղբյուր` accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Babken

Շատ հետաքրքիր էր, շնորհակալություն:

Էդուարդ

Շատ հետաքրքիր էր, ու ինձ շատ էր պետք:

ArmineMilena

Հայերը միշտ են խելացի եղել, ուղղակի բախտը շատ է փորձում մեզ, ու վերջում մնում ենք խաբված, կամ էլ ավելի խելամիտ: