Արսեն.
Ողջույն բոլորին։
Ունեմ ձեր օգնության կարիքը։ Ենթադրենք՝ ես աշխատում եմ x կազմակերպությունում գրանցված։ Աշխատում եմ շաբաթական 5 աշխատանքային օր։ Ունեմ ամենամյա արձակուրդի իրավունք՝ նվազագույնը 20 օր։ Եթե ես չեմ օգտվում իմ ամենամյա արձակուրդից, կա այսպիսի օրենք, որում ասվում է, որ «Օրենսգրքի 100-րդ կամ 101-րդ հոդվածով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան»: Այսինքն՝ վճարվում է ինչ-որ չափի գումար վերջնահաշվարկի ժամանակ։ Բայց եթե աշխատանքի տարին լրանալուց գործատուն առանց իրազեկելու ձևակերպում է ամենամյա արձակուրդ, դա թույլատրվու՞մ է և արդյո՞ք դա նորմալ է։ Կա՞ օրենքում այնպիսի կետ, երբ ես անպայման պետք է օգտվեմ ամենամյա արձակուրդից։ Եվ ի՞նչ խորհուրդ կտաք ձեռնարկել այդ դեպքում։ Շնորհակալություն։
Բարև Ձեզ: Այո, Ձեր կողմից նշվածը Աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 1.1 մասն է: Այն վերաբերում է սեզոնային, ժամանակավոր և մինչև վեց ամիս աշխատած աշխատողին: Եթե Դուք նման աշխատող եք և ազատվում եք աշխատանքից, ապա Ձեզ վճարվում է դրամական հատուցում չօգտագործված արձակուրդի համար: Իսկ եթե Ձեր պայմանագիրը շարունակվում է, և Դուք նշում եք տարին լրանալու մասին, ապա վերջնահաշվարկ չի տրվում: Նույն հոդվածի 1 մասում նշվում է, որ ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Իսկ եթե աշխատողը չի ցանկանում գնալ արձակուրդ, ապա դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում:
Ողջույն, հարգելի Մարիամ։ Եթե աշխատողը չի ցանկանում օգտվել արձակուրդից, ապա գործատուն առանց աշխատողին իրազեկելու արձակուրդ ձևակերպելու իրավունք չունի և չօգտագործած արձակուրդի դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում։ Ճի՞շտ է։
Շնորհակալություն, հարգելի Մարիամ։ Եվս 1 կարճ հարց։ Արդյո՞ք գործատուն իրավունք ունի տարին լրանալուն պես արձակուրդը չօգտագործած աշխատողի համար ձևակերպել ամենամյա արձակուրդ` առանց աշխատողի ցանկության և նույնիսկ առանց աշխատողին իրազեկելու։
Կներեք, նույն հարցը 2 անգամ է կրկնվել 🙂
Հարգելի Արսեն, գործատուն համաձայնեցնում է Ձեզ հետ արձակուրդի գնալու ժամանակահատվածը, որից հետո ձևակերպում արձակուրդ: Եթե Դուք չեք ցանկանում օգտվել արձակուրդից՝ դրամական հատուցում ստանալու նպատակով, ապա ինչպես նշել եմ՝ ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Իսկ եթե այդ ժամանակահատվածում չեք ցանկանում գնալ արձակուրդ, բայց ցանկանում եք այն տեղափոխել այլ ժամանակ, ապա պետք է օգտվեք արձակուրդից նույն աշխատանքային տարում (աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որն սկսվում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագրով և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին), բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Կարող եք ծանոթանալ նաև Աշխատանքային օրենսգրքի հոդված 167. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը:
Լավ, հարցս այլ կերպ տամ: Ես ունեմ արձակուրդի հնարավորություն, բայց չեմ ցանկանում դրանից օգտվել: Գործատուն իրավունք ունի՞ ձևակերպել արձակուրդ` առանց իմ ցանկության: Եվ արդյո՞ք կա ինչ-որ ժամանակահատված, երբ ես անկախ իմ ցանկության պետք է օգտվեմ արձակուրդից: Շնորհակալություն։
Այո, կա, և ես արդեն նշել եմ. Դուք, պետք է օգտվեք արձակուրդից 18 ամսվա ընթացքում: Իսկ գործատուն կարող է ձևակերպել արձակուրդ, որովհետև նա ոչ կարող է Ձեզ դրամական հատուցում վճարել արձակուրդի փոխարեն, ոչ էլ իրավունք ունի Ձեզ չտրամադրել արձակուրդ:
Կներեք, իսկ դա աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով է նախատեսված:
Ձեր աշխատանքային պայմանագրում պետք է որ լինի կետ, որտեղ նշված է. «Սույն կետով կողմերը համաձայնվում են, որ աշխատողին ամենամյա արձակուրդը տրամադրվում է Գործատուի կողմից հաստատված ամենամյա արձակուրդների տրամադրման հերթականությամբ»: Սա նշանակում է, որ գործատուն կարող էր ձևակերպել Ձեր արձակուրդը՝ ըստ իր կողմից հաստատված արձակուրդների հերթականության: 18 ամսվա ընթացքում արձակուրդից օգտվելու վերաբերյալ՝ հոդված 167, դրամական հատուցման վերաբերյալ՝ հոդված 170:
Դա արձակուրդի տեղափոխման և երկարաձգման հոդվածն է, բայց այնտեղ նաև ասվում է, որ աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:
Բերեմ մի պարզ օրինակ: Ես աշխատում եմ ինչ-որ կազմակերպությունում 15 ամիս և արձակուրդից դեռ չեմ օգտվել: Հիմա եթե ես վերցնեմ արձակուրդ, այդ արձակուրդը համարվելու է 2-րդ տարվա (12 ամսից հետո) հասանելիք արձակուրդը: Իսկ 1-ին տարվա արձակուրդը (մինչև 12 ամիս) վերջնահաշվարկի ժամանակ հաշվարկվելու է, քանի որ, ինչպես դուք նշել եք, եթե աշխատողը չի ցանկանում գնալ արձակուրդ, ապա դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում:
Եթե Դուք ազատվեք աշխատանքից 18 ամսվա ընթացքում՝ սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար Ձեզ չի հատկացվել արձակուրդ, վերջնահաշվարկի ժամանակ կհաշվարկվի չօգտագործած արձակուրդի գումարը, բայց եթե չազատվեք աշխատանքից, ապա պետք է այդ ժամանակահատվածում մարեք տվյալ աշխատանքային տարվա արձակուրդը: Շատ լավ կլիներ, եթե աշխատողը տարիներով արձակուրդ չգնար և տարիներ անց աշխատանքից ազատվելիս նրան վճարեին մեծ գումարով վերջնահաշվարկ, այդպես չէ՞: Բացի այդ արձակուրդը աշխատողին տրամադրվում է հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Եթե աշխատողը երկար ժամանակ արձակուրդ չգնա, գուցե և գործատուի համար դառնա անաշխատունակ:
Վերջ, ամեն ինչ հասկանալի է: Շատ շնորհակալ եմ, Մարիամ ջան: