Աղբյուր` Panorama.am
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Ինչպես հուշագրի ստորագրումից հետո ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, կառույցները կհամագործակցեն՝ հարկային, ինչպես նաև փոխադարձ համաձայնեցված այլ ոլորտներում օրենսդրությամբ սահմանված կարգավորումները կրճատելու նպատակով:
Նրա խոսքերով՝ կառույցները համատեղ կքննարկեն հարկային ոլորտում առկա խնդիրները, կկազմակերպեն սեմինարներ և այլ միջոցառումներ, որպեսզի վեր հանեն օրենսդրության մեջ առկա կամ գործնականում առաջացող խնդրահարույց հարցերը և բարեփոխման առաջարկություններ կներկայացնեն:
“Մենք այժմ ուսումնասիրություններ պետք է սկսենք հարկային օրենսդրության դաշտում: Սա այն ոլորտներից է, որտեղ ամենամեծ խնդիրներն են առաջանում գործարարների համար: Մենք պետք է պարզեցնենք այս օրենսդրությունը, կրճատենք ծախսերը: Այս ոլորտը պետք է ավելի քիչ ժամանակ և գումար խլի թե բիզնեսից, թե քաղաքացիներից”,- ասաց Ա.Եղիազարյանը՝ հավելելով, որ այս հարցում կարող է մեծ աջակցության ցույց տալ Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան:
Ինչ վերաբերում է գործունեության ընթացքում պետական տարբեր կառույցների կողմից առաջացող դիմադրությանը, ապա Ա.Եղիազարյանը նշեց, որ իրենց աշխատանքն այնպիսին է, որ շահերի բախում միշտ էլ առաջանում է: “Այդ իմաստով դիմադրություն կա, կլինի և դեռ կավելանա, սակայն կարևորն այն է, որ փորձենք առավել լայն զանգվածների շահերը պաշտպանել”,- ընդգծեց նա:
Նա նաև նշեց, որ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի նպատակն է կարգավորել, հստակեցնել և կիսով չափ կրճատել օրենսդրությունը: “Մեր գիլյոտինը նախատեսում է նայել երկրի ամբողջ կարգավորիչ օրենսդրությունը, մոտավորապես կեսը կրճատել, պարզեցնել, որպեսզի հեշտ լինի աշխատել ձեռնարկություններին, հեշտ լինի բնակչությանը: Բայց դրանով զուգահեռաբար մենք բարդացնում ենք պետության կյանքը”,- նշեց Ա. Եղիազարյանը:
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի Խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանի խոսքերով՝ 15 տարիների մասնագիտական գործունեության փորձառություն ունեցող կառույցը հաճախ է առնչվում հարկային բազմաթիվ գործառնությունների հետ և հաշվապահների, աուդիտորների դիտողականությունն օգնում է տեսնելու և վեր հանելու ոլորտում առկա խնդիրները:
Facebook մեկնաբանություններ