Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ես նոր եմ վերադարձել աշխատանքի դեկրետից, աշխատում եմ մեկ ժամ պակաս որպես կերակրող մայր։ Հիմա տվյալ իրավիճակից ելնելով՝ կրճատել են բոլորիս աշխատանքային ժամը, և 8 ժամի փոխարեն աշխատում ենք 6,5 ժամ։ Իսկ գոյություն ունի՞ ինչ որ հատուկ ժամային գրաֆիկ, համաձայն որի ես մեկ ժամ պակաս չեմ կարող աշխատել այդ դեպքում։
Աշխ.Օր. հ. 141 1. Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է`
1) աշխատողի և գործատուի համաձայնությամբ.
2) աշխատողի պահանջով` կապված նրա առողջական վիճակի հետ, բժշկական եզրակացության հիման վրա.
3) հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով.
4) հաշմանդամի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա.
5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս ժամանակով, և յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան օրվա համար սահմանված աշխատաժամանակի կեսը:
2. Կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխատանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված ոչ լրիվ աշխատաժամանակի տևողությունը և դրա հատկացման կարգը սահմանվում են կողմերի համաձայնությամբ և կարող են ներառվել աշխատանքային պայմանագրում:
3. Ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաև աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար:
Եթե Ձեզ ճիշտ հասկացա, Դուք ուզում եք 6,5 ժամից էլ մեկ ժամ պակաս աշխատել։ Կարծում եմ՝ դա հնարավոր է գործատուի հետ փոխադարձ համաձայնության միջոցով, եթե դրանից գործը չի տուժի։