Հունվարից ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներն էլեկտրոնային տարբերակով կներկայացնեն

Հաջորդ տարվա հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկ վճարողները պետք է իրենց հարկային հաշիվները հարկային մարմիններին էլեկտրոնային եղանակով ներկայացնեն։ Խոսքը վերաբերում է տարեկան 100 մլն-ից ավելի շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարողներին։ Դա նախորդ տարի ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջն է, որը լիարժեք կկիրարկվի 2011թ. հունվարից։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, նախկինում գրանցվել են բազամթիվ դեպքեր, երբ ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունները կեղծ հարկային հաշիվներ են ներկայացրել, անգամ քրեական գործերի հարուցման դեպքեր են եղել։ Շատ դեպքերում անգամ բարեխիղճ հարկատուներն են ԱԱՀ մասով կեղծ հաշիվեր ներկայացրել։

«Օրենքի ընդունումով ՀՀ իշխանությունները ցանկանում են կանխել նման դեպքերը։ Ըստ այդմ՝ նախատեսված է, որպեսզի յուրաքանչյուր կազմակերպություն, որն աշխատում է ԱԱՀ-ով, կարողանա էլեկտրոնային տարբերակով դուրս բերել համապատասխան հարկային հաշիվներ և հարկային հաշիվների դուրս գրման ու հաստատման միջոցով հարկային մարմիններին տեղյակ պահել կատարված գործարքների մասին»,- ընդգծեց բանախոսը։

ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ նոր էլեկտրոնային ծրագրի շնորհիվ հարկային մարմինն ի սկզբանե տեղյակ է լինում 100 մլն-ից ավելի շրջանառություն ունեցող և ԱԱՀ-ով հարկվող բոլոր այն կազմակերպությունների գործարքների մասին, որոնք պատրաստվում են հարկային հաշիվներ դուրս գրել։

«Որոշակիորեն թեթևացվելու են հարկ վճարող-հարկային մարմին շփումները։ Սա էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխումների հաջորդ քայլերից մեկն է։ Այսօր արդեն 3000-ից ավելի կազմակերպություններ իրենց հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնում են էլեկտրոնային եղանակով»,- նշեց Քոչարյանը։

Էլեկտրոնային եղանակով ԱԱՀ հաշիվների ներկայացման նոր ծրագիրը մանրամասնելով՝ պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլագիաների վարչության պետ Միքայել Փաշայանը նշեց, որ հարկ վճարողը ՊԵԿ-ի հետ կնքելով պայմանագիր՝ կստանա գաղտնաբառ։ «Մուտք գործելով համակարգ՝ հարկ վճարողը կկարողանա լրացնել ԱԱՀ հաշիվը, ստորագրել և դուրս գրել հաշիվ։ Այդ նույն պահին օնլայն ռեժիմով հարկային հաշիվը գալիս է ՊԵԿ կենտրոնացված տեղեկատվական բազա»,- մանրամասնեց նա։

ԱԱՀ հարկ վճարողներն այս ծրագրի շնորհիվ կարող են չայցելել այլևս հարկային ծառայություն և իրենք տեղեկատվությունը էլեկտրոնային ստորագրությամբ փոխանցել այս համակարգի միջոցով։

Նշվեց, որ ծրագիրը տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից արժանացել է լավ գնահատականի և մեկ քայլ առաջ համարվել նույնիսկ զարգացած երկրներում գործող համակարգերից։

Աղբյուր` tert.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
լուսինե

Այսինքն` 2011-ին 2010-ի համար: