Արման.
Հարգելի գիտակներ, ես սկսնակ եմ ձեր գործում և ունեմ որոշ հարցեր ՀԿ-ների հետ կապված: Մասնավորապես՝ ՀԿ-ների մասին օրենքում նշված է՝
Հոդված 3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:
Այստեղից ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են միավորվել առանց ինչ-որ շահի կամ վարձատրության:
Հարց՝ ՀԿ-ն չի ստանում ոչ մի նվիրատվություն կամ օգնություն, իր կանոնադրությամբ չի սահմանում անդամավճար, վարձատրություն հիմնադրի (նախագահի) կամ այլ անդամների համար, բայց հարկայինում չեն ցանկանում ընդունել զրոյական հաշվետվություններ՝ ասելով, որ եթե ունեք նախագահ, այսինքն՝ աշխատող, պետք է նրա համար հաշվարկեք ու վճարեք սոցապ, եկամտահարկ…
Դուք կարող եք ձեր ներքին իրավական ակտերի գրանցամատյանում (նախկին հրամանագիրք) հրամանի ձևով կատարել գրանցում, որ նախագահը, նույն հաջողությամբ՝ հաշվապահը, իրականացնում են աշխատանքներ կամավորական հիմունքներով՝ համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 102-ի կետ 2-ի: