Տնտեսական գործառնությունների հաշվառման ընթացքում կարող են թույլ տրվել սխալներ – սովորական վրիպակներից մինչև հաշիվների սխալ թղթակցություն: Հաշվառման ցուցանիշների ճշտության ապահովման համար անհրաժեշտ է ստուգել կատարված գրանցումները և ուղղել սխալները (եթե դրանք առկա են): Սխալները բացահայտում են տարբեր մեթոդներով` կախված հաշվապահական հաշվառման վարման բնույթից ու ձևից: Օրինակ, հիշարար – օրդերային ձևի ժամանակ գրանցումների ճշտությունը ստուգվում է` համեմատելով շրջանառու տեղեկագրի մեջ սինթետիկ հաշիվների դեբետային և կրեդիտային շրջանառությունները գրանցամատյանի շրջանառության հանրագումարի հետ: Անալիտիկ հաշիվների շրջանառություններն ու մնացորդները համեմատում են համապատասխան սինթետիկ հաշիվների շրջանառությունների ու մնացորդների հետ:
Սխալների բացահայտման տարածված ձև է համատարած ստուգումը գրանցումների կետագծման միջոցով: Դրա էությունը կայանում է նրանում, որ բոլոր գրանցումները, որտեղ անհամապատասխանություններ կարող են լինել, հերթականությամբ ստուգում են այն փաստաթղթերի հետ, որտեղ արտացոլվում են նույն գործառնությունները: Ստուգված գումարը նշում են “V” նշանով կամ կետով (կետագծում են): Այս դեպքում երևում է, թե որ գրանցումներն են արդեն ստուգվել, և որտեղ կարող է դեռ սխալ լինել:
Հաշվապահական հաշվառման մեջ կարող են անճշտություններ լինել սխալ կազմած թղթակցությունների հետևանքով: Այսպիսի սխալները կարող են բացահայտվել թղթակցող հաշիվների վերանայման կամ հաշվառման մեջ արտացոլված գործառնության տնտեսական բովանդակությանը ծանոթանալու արդյունքում:
Սխալների ուղղման կարգն ու հերթականությունը կախված է դրանց բնույթից ու բացահայտման ժամանակահատվածից: Գոյություն ունեն սխալների ուղղման հետևյալ եղանակները` սրբագրական, “կարմիր ստոռնոյի”(բացասական թվերի) և լրացնող գրանցումների:
Սխալների ուղղման սրբագրական եղանակը կայանում է նրանում, որ սխալ գրանցման վրա գիծ է քաշվում այնպես, որ գրվածը ընթեռնելի լինի, իսկ վերևից գրվում է ճիշտ գումարը (կամ տեքստը): Ուղղված սխալը պետք է հաստատվի ստորագրությամբ:
Եթե սխալը կապված է հաշիվների սխալ թղթակցության հետ, ապա կիրառում են “կարմիր ստոռնոյի” եղանակը: Այս դեպքում սխալ կատարված հաշվապահական գրառումը կատարում են մեկ անգամ ևս, հաշիվների նույն թղթակցությամբ, սակայն գումարը գրանցում են կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ գումարը բացասական է: Միաժամանակ սովորական թանաքով գրվում է ճիշտ թղթակցությունն ու գումարը: Արդյունքում սխալ գրանցումը ուղղվում է և գործառնությունը ճիշտ է արտացոլվում հաշվառման մեջ:
Աղբյուր` accountant.am
Շատ օգտակար նյութ Էր..Շնորհակալություն:
Շատ հետաքրքիր նյութ էր, շատ ապրեք