Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով կազմում է 77274 դրամ:
Ապահովագրական ծածկույթի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը կիրականացվի երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից: Անկախ բնակչության որևէ խմբին պատկանելուց, ԱՀԱ ներդրման պահին աշխատող և ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ:
Նախատեսվում է, որ 2021 թվականին ապահովագրական ծածկույթը կկազմի 229.1 միլիարդ դրամ, որից պետական բյուջեի հաշվին ապահովվող ապահովագրական ծածկույթը կկազմի 106.3 միլիարդ դրամ, իսկ ապահովագրական ծածկույթի դեֆիցիտը՝ 122.8 միլիարդ դրամ: Այդ դեֆիցիտը լրացվելու է առողջության հարկի միջոցով, որը կազմելու է 6%: Փաստացի, պետբյուջեից ապահովագրավճարի համար հատկացվելու է 46.4%, իսկ 53.6%-ը լրացվելու է առողջության հարկից ստացված միջոցներից:
Հրապարակված նախագծում նշված է, որ նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150.0 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: 2021թ-ից նախատեսվում է սահմանել եկամտահարկի չափը 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում, նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա:
Աղբյուր՝ Lragir.am
Իհարկե շատ լավ ծրագիր է, բայց համոզված եմ՝ դժվար մարդիկ սկզբում կընդունեն՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական վիճակը, բայց հետագայում կհամոզվեն, որ լավ ծրագիր է։