Ցանկացած կոլեկցիոների հաշվապահի կհետաքրքրի սրճաղացի նման այս զարմանալի մեխանիկական հաշվիչը, որը մինչև անցած դարի 70-ական թվականներին էլեկտրոնային հաշվիչ սարքերի ի հայտ գալը համարվում էր ամենահարմար գրպանի հաշվիչը: Սարքի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ այն ամբողջովին մեխանիկական է և որևէ սնուցման կարիք չունի:
Կուրտայի հեղինակն է Կուրտ Հերցշտարկը (1902-1988), ով վիեննացի գործարարի որդի էր: Հերցշտարկ ավագը ղեկավարում էր բարձր ճշգրտության մեխանիկական սարքերի արտադրությունը, որտեղ էլ Կուրտը կատարեց իր առաջին քայլերը մեխանիկայում: Այդ ժամանակ արդեն գոյություն ունեին գրպանի հաշվիչներ, սակայն դրանցով միայն 2 գործողություն` գումարում և հանում էր հնարավոր կատարել: Իսկ Հերցշտարկը երազում էր ստեղծել հաշվեմեքենա, որը կիրականացներ 4 գործողություն: 1938թ. ձմռանը ստեղծվեց առաջին լիարժեք նմուշը, սակայն զանգվածային արտադրություն չսկսվեց` խանգարեց պատերազմը:
1943թ. Կուրտ Հերցշտարկը ձերբակալվեց “հրեաներին աջակցելու” մեղադրանքով և ի վերջո հայտնվեց Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարում: Իմանալով, թե ով է իր մոտ ընկել, ճամբարի պետը շատ գոհ էր, քանի որ Հերցշտարկի գյուտը հիանալի նվեր կլիներ ֆյուրերին: Կուրտին հրամայեցին սկսել աշխատանքները և կազմել գծագիրը հիշողությամբ: Զօրուգիշեր աշխատելով` գյուտարարը վերականգնեց հաշվիչի սխեման: Սակայն Հիտլերը այդպես էլ չստացավ նվերը. 1945թ. ամերիկյան զորքերը ազատեցին ճամբարի կալանավորներին:
Գծագրերի լիարժեք փաթեթը ձեռքին Հերցշտարկը դուրս եկավ ազատության, և 1947թ. սկսվեց Կուրտայի սերիական արտադրությունը: Սկզբում հաշվիչը ցանկանում էին “գաճաճ” անվանել, սակայն անվանումը հաջող չէր: 1948թ. Բազելում տեղի ունեցած տոնավաճառի ժամանակ մասնակիցներից մեկը նկատեց.”Այս մեքենան պ-ն Հերցշտարկի դուստրն է: Եթե հոր անունը Կուրտ է, ապա դստերը պետք է անվանել Կուրտա”:
Աղբյուր` Accountant.am
Facebook մեկնաբանություններ