Կառավարությունն ավելի քիչ է ճնշելու, քան նախապես որոշել էր

Աղբյուր` hraparak.am

Ուրբաթ օրը ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ կառավարության ներկայացրած հարկային փաթեթի քննարկումը: Հասկանալի է, որ սրանք այն փոփոխությունները չեն, որ կառավարությունը նախապես ծրագրում էր ներկայացնել խորհրդարանի հաստատմանը, և դրանցում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ: Մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ մեղմացումները տեղի են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական միջամտության արդյունքում, քանի որ նրան տարբեր խողովակներով փոխանցել են, որ ընտրություններից առաջ հարկային բեռի նման ծանրացումը կարող է մասսայական դժգոհության պատճառ դառնալ և ճակատագրական լինել իշխանության համար: Կառավարության ներկայացրած նոր փաթեթը նույնպես հարուցում էր որոշակի դժգոհություններ, սակայն այն իր նախորդի համեմատ այնքան հումանիստական էր, որ պատգամավորները դրական եզրակացություն էին տալիս: Երկուշաբթի հարկային փաթեթը կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը, քանի որ նոյեմբերի 10-ին տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրն այս փաթեթը ճանաչել էր հրատապ:

Փոփոխությունների առաջին խումբը վերաբերում է ակցիզային հարկին: Կառավարությունն առաջարկում է ենթաակցիզային ապրանք համարել ավտոյուղերը և յուրաքանչյուր լիտրի համար գանձել 400 դրամ: Լիտրը մի քանի հազար դրամ արժեցող ավտոյուղերի պարագայում այս փոփոխությունը կարող է այնքան էական չլինել, քանի որ մեծ հաշվով տարբերությունն այնքան էլ մեծ չէ՝ յուղը գնում ես 8 հազար դրամով, թե 8 հազար 400: Բայց 500 դրամանոց ավտոյուղի գինը կկրկնապատկվի, ինչն ամենաշատը կհարվածի սոցիալապես ամենաանապահով խավերին: Այնպես որ այս հարկատեսակը կարելի է համարել չքավորության հարկ: Դրան հակակշիռ՝ կառավարությունը որոշել է մտցնել շքեղության հարկ և ակցիզային հարկով սահմանել շքեղ մեքենաների ներմուծման համար: Կառավարությունը շքեղ է համարում այն մեքենաները, որոնց մաքսային արժեքը գերազանցում է 30 միլիոն դրամը, կամ այն մեքենաները, որոնք մինչև երկու տարեկան են և ունեն 4 հազար խորանարդ սանտիմետրից ավելի ծավալի շարժիչներ: Այսպիսի մեքենաների համար սահմանվում է 20 տոկոսանոց ակցիզային հարկ:

Չնայած անապահով խավի համար մեքենայի յուղը թանկանալու է, բայց օղին մնալու է նույն գնին: Ով խմում է մինչև 1000 դրամանոց օղի (խոսքը մեկ լիտրի մասին է), ապա կարող է հանգիստ լինել, որ կշարունակի 2012-ից հետո ևս իրեն պաշտպանված զգալ: Իսկ իրենց առողջության և հատկապես լյարդի մասին քիչ թե շատ մտածող մարդիկ ստպված կլինեն քայքայել նյարդային համակարգը, քանի որ հարկադրված կլինեն ավելի շատ վճարել: Թանկանալու է նաև գարեջուրը՝ այդ թվում և տեղական արտադրության: Պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերերից է, երեկ հայտարարեց, որ ինքը հաշվարկել է, որ մեկ շշի հաշվով իրենց արտադրանքը կթանկանա 22 դրամով: Հակոբյանը համոզված է, որ այս փոփոխության արդյունքում սպառման ծավալը կկրճատվի 20 տոկոսով, ինչի արդյունքում կկրճատվեն նաև պետբյուջեի մուտքերը: Այսինքն՝ կառավարությունը, բարձրացնելով ակցիզային հարկի դրույքաչափը, ուզում է ավելի շատ հարկ հավաքել, բայց արդյունքում ավելի քիչ գումար կհավաքի: Հակոբյանը վստահ է, որ մեկ տարի անց կառավարությունը կզգա իր ասածի ճշմարտացիությունը:

Կառավարությունը որոշել է սոցիալական ապահովության վճարների գանձման համակարգում ևս նորարարություն մտցնել, և ամսական 2 միլիոնից ավելի աշխատավարձ ստացողները 2012-ից հետո սոցապահովության հիմնադրամ կմուծեն ոչ թե 3, այլ 8 տոկոս: Ամսական 2 միլիոնից ավելի եկամուտ ունեցողներն էլ կմուծեն ոչ թե 20, այլ 25 տոկոս եկամտահարկ: Խստացվում են նաև պատիժներն այն գործատուների նկատմամբ, ովքեր 5 և ավելի չհայտարարագրված աշխատող ունեն: Նախկին 60 հազարի փոխարեն նրանք կմուծեն 300 հազար դրամ յուրաքանչյուր չհայտարարագրված աշխատողի համար:

Նորամուծությունները սրանով չեն սահմանափակվում, և իշխանությունը փորձելու է որքան հնարավոր է՝ շատ գումար մուտքագրել բյուջե, բայց դա անել այնպես, որ հնարավորինս քիչ դժգոհություն առաջացնի: Բայց դա գրեթե անիրականանալի խնդիր է: Օրինակ, ինչպես կարող է չդժգոհել այն ՀՀ քաղաքացին, որն օրական երկու շիշ գարեջուր է խմում և ամսական մեկ անգամ փոխում մեքենայի յուղը: 2012-ին մարդկանց եկամուտների ավելացում չի նախատեսվում, իսկ ահա ամսական մի քանի հազար դրամի հավելյալ ծախսն ակնհայտ է:

Աղբյուր` hraparak.am, հեղինակ` Ավետիս Բաբաջանյան

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները