Աղբյուր` lragir.am:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունները: Ըստ այդմ՝ մինչև փետրվարի մեկը ՓՄՁ ներկայացուցիչները հաշիվ ապրանքագրեր չեն ներկայացնի հարկային մարմիններին:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը կառավարության նիստում ասաց, որ քննարկումների արդյունքում պարզվեց, որ փաստաթղթավորման իրացման հետ կապված տեխնիկական խնդիրներ կան: «Մեր տնտեսվարողների մոտ բավական հմտություններ չկային այս պահանջը կատարելու, ժամկետը սուղ էր, խնդիրը լուծում էր պահանջում: Այն ձևանմուշը, որը պետք է տնտեսվարղները ներկայացնեին հարկային մարմնին, դժգոհությունների տեղիք տվեց: Վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարությունն աշխատանքներ է տանում, որպեսզի այդ ձևանմուշը պարզեցվի»,- ասաց Արմեն Ալավերդյանը:
Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հարցրեց՝ այս տարբերակը փոխադարձ ընդունելի է, չէ՞: Ի պատասխան Արմեն Ալավերդյանն ասաց, որ ճիշտ չի լինի ասել, թե բոլոր կողմերը սա ընդունելի են համարում, սակայն ընդհանուր առմամբ ընդունելի տարբերակ է: Արմեն Գևորգյանն ասաց, որ այս փոփոխությունները պետք է համարել անհետաձգելի և ներկայացնել ԱԺ:
Այս փոփոխությունը կառավարությունը հիմնավորում է հետևյալ կերպ. «ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Մասնավորապես, առևտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են վերոնշյալ անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդները և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմիններին, ինչը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների ծավալներով, ինչպես նաև ապրանքային մնացորդների ձևանմուշի լրացման հմտությունների պակասով»:
Հիշեցնենք, որ այս փոփոխություններին առևտրականները հասան բողոքի ակցիաների միջոցով:
Աղբյուր` lragir.am:
Facebook մեկնաբանություններ