Կառավարությունը կասեցնում է ՓՄՁ-ների ստուգումները

Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես տեղեկացրին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրակարգին անցնելը վարչապետը, ինչպես հայտարարել էր նախորդ նիստում, անդրադարձել է ժամկետանց հանձնարարականներին և լսել դրանց վերաբերյալ հաշվետվություններն ու պարզաբանումները: Տ. Սարգսյանը նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին առաջարկել է նման պրակտիկա կիրառել նաև իրենց ժամկետանց հանձնարարականների վերաբերմամբ:

Տնտեսական բարեփոխումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ փուլում ստուգումների արդյունավետությունը բարձրացնելու, տնտեսության արդի մարտահրավերները հնարավորինս արագ հաղթահարելու, փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների շահերը համակողմանի պաշտպանելու նկատառումով և ղեկավարվելով սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասով և 89-րդ հոդվածի 4-րդ կետով կառավարությունը որոշել է, որ հունիսի 1-ից մինչև 2011թ. հունվարի 1-ը «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական մարմինները, բացառությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, 2008թ. արդյունքներով մինչև 70 մլն դրամ շրջանառություն (այդ թվում` ավելացված արժեքի հարկը) ունեցած ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ չեն կարող իրականացնել, բացառությամբ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսնված դեպքերի, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերի` միայն վարչապետի գրավոր համաձայնությամբ, ՓՄՁ ղեկավարի գրավոր դիմումի հիման վրա, ՓՄՁ սուբյեկտը լուծարելիս:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա աննախադեպ որոշում է: «Մենք այս որոշումը կայացնում ենք նախագահի հանձնարարականով` նպատակ ունենալով առավել բարենապաստ պայմաններ ստեղծել փոքր և միջին ձեռնարկությունների համար` ճգնաժամի բացասական ազդեցությունները հաղթահարելու նպատակով: 2009-2010թթ. մենք դադարեցնելու ենք ՓՄՁ-ների տեսչական ստուգումները: Շուրջ 22 տեսչական ստուգում իրականացնող մարմին կա Հայաստանում: Բացառությունը վերաբերելու է այն դեպքերին, երբ մենք գործ ունենք մարդկանց առողջության, պետության անվտանգության ապահովման հետ: Բայց այդ բացառիկ դեպքերն էլ լինելու են վարչապետի հսկողությամբ և միայն վարչապետի գրավոր համաձայնությամբ: Համոզված եմ, որ մեր հակաճգնաժամային դիմադրողականությունը այս առումով կավելանա»,- ասել է Տ. Սարգսյանը:

Աղբյուր` panorama.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գագիկ

Իրականում այս որոշումը զուտ նախընտրական PR քայլ էր, քանի որ այն չի վերաբերում ՊԵԿ-ի ստուգումներին: Հետաքրքիր էˋ ի՞նչ կապ ունի ձեռնարկության ֆինանսական շրջանառությունը, ասենք, աշխատանքի անվտանգության, հակահրդեհային միջոցառումների կամ, ասենք, ապրանքի որակի՝ սնունդի թունավոր չլինելու, հետ:
Նորությունը ներկայացվեց մի այնպիսի ցնծությամբ, որ ՊԵԿ-ի բացառությունն անգամ չլսվեց: Օ՜, շնորհակալություն, որ թողնում եք շնչել…