Թամարա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ, եթե կազմակերպությունն ունի դեբիտորական պարտքեր, բայց գործընկերը դադարեցրել է գործունեությունը կամ սնանկ է ճանաչվել, ինչպե՞ս կարող եմ անհուսալի դեբիտորական պարտք ճանաչել, և հաշվապահական ձևակերպումները խնդրում եմ: Կանխավ շնորհակալություն:
Կարող եք նայել ՀՀ Կառավարության 5 հոկտեմբերի 2017 թվականի N 1373-Ն որոշումը, ըստ որի դեբիտորական պարտքը ճանաչվում է անհուսալի`
1) կետանցված դառնալու 366-րդ օրվանից, եթե դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը չի գերազանցում 100 հազ. դրամը.
2) դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության) օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, եթե տվյալ դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը գերազանցում է 100 հազ. դրամը.
3) պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու կամ պարտապան կազմակերպության լուծարվելու, կամ պետական հաշվառումից հանված պարտապան անհատ ձեռնարկատիրոջ, կամ գործունեությունը կասեցված պարտապան նոտարի, կամ պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքերում` անկախ պարտքի մարման ժամկետից:
Պահուստի դեպքում ՝
Դտ 223 Կտ 221 Վաճառքների գծով անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում՝ հնարավոր կորուստների պահուստի հաշվին
Առանց պահուստի ստեղծման դեպքում՝
Դտ 714 Կտ 221 Վաճառքների գծով անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում՝ ուղղակիորեն՝ ժամանակաշրջանի ծախսերի հաշվին
Դեբիտորական պարտքը անհուսալի ճանաչելու համար հիմք պետք է վերցնեք դադարեցման փաստաթուղթը, պետ. ռեգիստրից կամ դատարանի վճիռը սնանկ ճանաչվելու, որ հիմնավորեք պարտքերի դուրս գրումը:
Վաճառքների գծով անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրում` կտ-714 դտ-221։