Արտյոմ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել խորհրդով։ Դպրոցի պահակը, որը աշխատանքի մեջ էր գտնվում, օգոստոսի 2-ին վատառողջ լինելով տեղափոխվել է հիվանդանոց։ Օգոստոսի 4-ին տնօրենի հրամանով նա գնացել է իրեն հասանելիք վճարովի արձակուրդի, որը պիտի տևեր օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ։ Նա ստացել է օգոստոսի մի քանի օրվա աշխատավարձը և արձակուրդայինը։ Բայց օգոստոսի 12-ին նրան հիվանդանոցից տվել են անաշխատունակության թերթիկ՝ հաշվարկված օգոստոսի 2-ից մինչև 12-ը ներառյալ, որը շարունակելի եղավ։ Սեպտեմբերի 2-ին նա պիտի վերադառնար աշխատանքի, բայց չեկավ։ Եվ բժշկի կողմից ներկայացվեց 2-րդ թերթիկը, որում նշված էր, որ նա կարող է չներկայանալ աշխատանքի ամսի 2-ից մինչև 5-ը ներառյալ: Տնօրենը պահակի պարտականությունների կատարումը ժամանակավոր դրել է տնտեսվարի վրա, որը չվճարվեց։ Պահակը աշխատանքի եկավ ամսի 6-ին։ Հիմա ինչպե՞ս կարելի է հաշվարկել անաշխատունակության թերթիկը:
ԱՕ Հոդված 167.Ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը
1. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը`
1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:
Անաշխատունակության նպաստը հաշվարկում եք համաձայն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենքի, իսկ արձակուրդը երկարաձգվում Է։
Նախ համապատասխան օրերի թվով երկարում է նրա արձակուրդը, իսկ բյուլետենը հաշվելու համար որպես միջինի հիմք վերցնում եք ԱՕ 195 հոդվածի այս դրույթը. Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը:
Անաշխատունակության թերթիկը այսպես թե այնպես հաշվելու եք համապատասխան օրերի համար ոնց կարգն է, իսկ եթե անաշխատունակության օրերը ընկել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդի օրերը երկարում են այնքան ժամանակով որքան անաշխատունակության օրերն են: