Կարեն․
Ողջույն ! Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ֆիզ. անձի կողմից մեկ այլ ֆիզ. անձի վարձակալական հիմունքներով տրվել է բնակարան մոտ տաս տարվա ընթացքում առանց պայմանագրի և որևէ փաստաթղթի: Տանը բնակվողը տնից դուրս գալուց հետո դիմել է ՊԵԿ բողոքով, որպեսզի գանձվի համապատասխան եկամտային հարկ հանդիսացող գումարը: Հանդիսանալով անտեղյակ ֆիզ. անձ՝ խնդրում եմ օգնել, ունենալով ID քարտ՝ ինչպե՞ս զրոյից կարելի է գրանցվել, դառնալ հարկատու և ինչպե՞ս պետք է ճշգրիտ կատարել հաշվարկները և արժանապատիվ կերպով լուծել ստեղծված խնդիրը: Կանխավ շատ շնորհակալություն օգնության համար:
Ունենալ ID քարտ դեռ քիչ է, պետք է էլ. ստորագրությունը ակտիվացնել՝ վճարելով 3 000 դրամ, նաև ունենալ էլ. ստորագրության սարք ու ծրագրերը:
Ֆիզիկական անձը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար իր բնակության կամ հաշվառման վայրի հասցեն սպասարկող հարկային (տարածքային) տեսչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) ՀՎՀՀ-ի տրամադրման մասին` ֆիզիկական անձի կողմից հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:
Ձեր դեպքում հանրային ծառայությունների համարանիշի համարը գրված է ID քարտի վրա, եթե չունեք, ապա հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը: Փաստաթղթերի ստացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողին տրամադրվում են ՀՎՀՀ-ն և հարկ վճարողի հաշվառման վկայականը: Էլեկտրոնային եղանակով հաշվառման կանգնելու դեպքում հարկ վճարողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հարկ վճարողի հաշվառման վկայականի էլեկտրոնային տարբերակը: Փաստաթղթերը հարկային մարմին կարող են ներկայացվել թղթային կրիչով կամ էլեկտրոնային եղանակով՝ տեղեկատվական համակարգի միջոցով: Էլեկտրոնային թվային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով հարկային հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե նոտարները, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, դիվանագիտական ներկայացուցչությունները և մշտական հաստատությունները տեղեկատվական համակարգում համացանցի միջոցով լրացնում են դիմումի համար անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթուղթը հաստատում են էլեկտրոնային ստորագրության միջոցով: