Գայանե.
Բարև ձեզ: Ես ձեռագործ պայուսակներ եմ պատրաստում տանը, իրացնում եմ սոցիալական կայքերի միջոցով: 2018թ. գրանցվել եմ որպես ինքնազբաղ գործունեություն իրականացնող անձ, հարկեր չեմ վճարել, հաշվետվություններ չեմ ներկայացրել: Խնդրում եմ, ասեք՝ ըստ նոր օրենքի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց հետո ի՞նչ փոփոխություններ կլինեն տվյալ գործունեության իրականացման համար:
Շատ մի անհանգտացեք, Ձեր գործունեությունը համարվում է կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, հարկային մարմին ներկայացրեք հարկային մարմնի հաստատած ձևով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում է գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (հարկային տարվա ընթացքում ընտրված ցանկացած հաշվետու ամսվա կամ մեկից ավելի հաշվետու ամիսների կամ հարկային տարվա կամ հարկային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Հարկային մարմինը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է իր կողմից սահմանված ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր:
Հաշվետվությունների և հարկերի պարտավորություններ դեռ չունեք, քանի որ աշխատողներ չունեք, հանգիստ գործեք, միկրոբիզնեսի ռեժիմը հենց մեկը Ձեզ համար է:
Պետք է հանձնեք ձև 258-ը և դառնաք միկրոձեռնարկատեր: Պետք է անեք մինչև փետրվարի 20-ը: Հարկեր չեք վճարում, եթե աշատող չկա: Հաջորդ տարի էլ շրջանառության վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեք: