Ի՞նչ պատմություն ունի նվազագույն աշխատավարձը

Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը 55 000 դրամ է, իսկ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը`

  • 330 դրամ (40-ժամյա աշխատանքային շաբաթ)
  • 367 դրամ (36-ժամյա աշխատանքային շաբաթ)
  • 550 դրամ (24-ժամյա աշխատանքային շաբաթ)

Իսկ ի՞նչ ծագում ունի նվազագույն աշխատավարձը համաշխարհային պատմության մեջ:

Պայքարը $15-ի համար

Եթե խոսենք գլխավոր կապիտալիստական երկիր ԱՄՆ-ի մասին, ապա այնտեղ նվազագույն աշխատավարձը ֆեդերալ մակարդակով վերջին անգամ բարձրացվել է 2009թ-ին, և այժմ այն կազմում է $7,5 մեկ ժամվա համար: Իրական հաշվարկով, հաշվի առնելով գնաճը, այն նվազել է 13 %-ով այդ ժամանակվանից հետո: Իսկ 1968թ-ից հետո, երբ նվազագույն աշխատավարձը հասել էր իր գագաթնակետին` $11,38 մեկ ժամվա համար ($1,6 այն ժամանակվա դոլարներով), նվազել է 1/3 չափով: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այսօր ամերիկացիների 75%-ը երազում է $9/ժամ-ի մասին, սակայն Կոնգրեսը ոչ մի ցանկություն չի հայտնում հասարակությանը ընդառաջ գնալու վերաբերյալ:

Այնուամենայնիվ, ֆեդերալ մակարդակով սահմանված նվազագույն աշխատավարձի մակարդակը չի հանդիսանում որոշիչ: Որոշ նահանգներ և համայնքային կազմավորումներ սահմանում են նվազագույն աշխատավարձի մակարդակ ըստ իրենց հայեցողության: Երկարաձգված “Պայքարը $15-ի համար” հանգեցրել է նրան, որ 29 նահանգներում և Կոլումբիա շրջանում նվազագույն աշխատավարձը գերազանցել է ֆեդերալ ցուցանիշը, նույն պատկերն է 40 համայնքային կազմավորումներում: Իսկ քաղաք Սիտակը, Վաշինգտոն նահանգում, հասել է նպատակին. նվազագույն աշխատավարձի բարձրացման կողմնակիցները և հակառակորդները այնտեղ ծախսել են $264 քվեարկության յուրաքանչյուր մասնակցի վրա, որպեսզի իրենց կողմը գրավեն նրանց, և սա ԱՄՆ-ում ռեկորդ է:

Առաջին քայլերը

XIX դարի վերջում աշխատավորները գործատուների առջև դրեցին աշխատանքի նվազագույն վարձատրության վերաբերյալ հարցը

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ առաջին օրենքը ընդունվել է 1894թ-ին Նոր Զելանդիայում: Այնուհետև 1896թ-ին այդ օրինակին հետևեց ավստրալիական Վիկտորիա նահանգը: Այնտեղ ստեղծվեցին աշխատավարձի գծով խորհուրդներ, որտեղ վարձու աշխատողները և գործատուները հավասար ներկայացուցիչներ ունեին, և նվազագույն աշխատավարձի գծով որոշումները, որոնք ընդունվում էին քվեարկության ճանապարհով, պարտադիր էին գործատուների համար:

Ավստրալիական փորձը վերցրին նաև բրիտանացիք` օրենքով երաշխավորելով նվազագույն աշխատավարձ բոլորին, անկախ սեռից և տարիքից:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայում զինծառայողները նվազագույն աշխատավարձ էին ստանում

ԱՄՆ-ում այդպես չէր: Այնտեղ առաջին անգամ նվազագույն աշխատավարձ սահմանվեց 1912թ-ին Մասաչուսեթս նահանգում, իսկ 1913-ին` ևս ութ նահանգներում: Սակայն նվազագույն աշխատավարձի վերաբերյալ որոշումները վերաբերում էին միայն աշխատող կանանց և երեխաներին, և այդպիսի դրության կողմնակից էին հանդես գալիս արհմիությունները, որոնք կտրականապես դեմ էին, որ պետությունը երաշխավորի նվազագույն աշխատավարձ հիմնական աշխատուժի` տղամարդկանց համար: Ստանալով նման երաշխիքներ պետությունից` արհմիությունների կարծիքով տղամարդիկ այլևս հետաքրքրված չէին լինի արհմիություններին անդամակցելու:

Ի սկզբանե նվազագույն աշխատավարձը երաշխավորված էր միայն կանանց և երեխաների համար

1923թ-ին կանանց և երեխաների համար օրենքով նվազագույն աշխատավարձ սահմանվեց 15 նահանգներում, ինչպես նաև Պուէրտո Ռիկոյում և Կոլումբիա շրջանում: Նույն տարում ԱՄՆ Գերագույն դատարանը այդ բոլոր օրենքները չեղյալ հայտարարեց, և մինչև 1933թ-ը ԱՄՆ-ում նվազագույն աշխատավարձ ընդհանրապես գոյություն չուներ:

Մեծ դեպրեսիայի կիզակետին` 1933թ-ին, ֆեդերալ օրենքով սահմանվեց նվազագույն աշխատավարձ տղամարդկանց և կանանց համար, սակայն երկու տարի անց Գերագույն դատարանը այդ օրենքը հակասահմանադրական համարեց: Այնուամենայնիվ մի քանի նահանգներ սահմանեցին աշխատանքի վարձատրության նվազագույն չափ, իսկ 1938թ-ին այդպիսի օրենք դարձյալ ընդունեցին ֆեդերալ մակարդակով, և նվազագույն աշխատավարձը սահմանվեց $0,25 / ժամում նրանց համար, “ովքեր զբաղված են այնպիսի ձեռնարկություններում, որոնց գործունեությունը մի քանի նահանգների է վերաբերում, և յոթ տարվա ընթացքում դրույքը պետք է բարձրանա մինչև $0,4 մեկ ժամվա համար”:

Նվազագույն աշխատավարձ – առավելագույն հետաքրքրվածություն

1940թ-ին նվազագույն աշխատավարձը ամերիկյան հասարակությունում լայն քննարկում ստացավ: Սկսված տնտեսական ակտիվությունը պայմանավորված էր ռազմական ծախսերի աճի` մոտ $2 մլրդ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կողմից ռազմական նշանակության ապրանքների ձեռքբերումների հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելու հետ կապված թողարկվող արտադրանքի ծավալները 1929թ-ի համեմատ աճեցին 20%-ով, զբաղվածությունը 1939թ-ի համեմատ աճեց 1 մլն մարդով` կապված ռազմական պատվերների հետ, իսկ 1941թ-ին, ինչպես կանխատեսում էր Աշխատանքի նախարարությունը, պետք է աճեր ևս 500 հազարով: Մի շարք ոլորտներում զգացվում էր աշխատուժի պակաս, հատկապես ավիացիոն ոլորտում, որտեղ 1939թ-ից զբաղվածությունը աճել էր կրկնակի անգամ: Դրանով պայմանավորված` նվազագույն աշխատավարձի բարձրացման առավելագույն արդյունքների հասան այդ ոլորտի աշխատողները` արհմիությունների ղեկավարությամբ: Ֆեդերալ իշխանությունները իրենց հերթին սահմանեցին նվազագույն աշխատավարձ $0,3 չափով` հիշեցնելով, որ 1945թ-ին այն կբարձրանա մինչև $0,4:

Երկրորդ համաշխարային պատերազմի տարիներին աշխատավորները հաջողությամբ պայքարում էին նվազագույն աշխատավարձի բարձրացման համար

Պատերազմող Բրիտանիայում նույնպես տեղի ունեցան նվազագույն աշխատավարձի փոփոխություններ: 1944թ-ին ածուխի հանքերում գետնի տակ աշխատողների համար սահմանվեց £5 նվազագույն աշխատավարձ, իսկ վերևում աշխատողների համար` £4 և 10 շիլինգ, ընդ որում շաբաթ և կիրակի օրերին նվազագույն վարձատրությունը կրկնապատկվում էր: Ածուխի գինը անմիջապես աճեց մինչև 3 շիլինգ տոննայի համար:

Հարավային Ուէլսում հանքափորները հայտարարեցին գործադուլ, քանի որ բարձրացել էր միայն նվազագույն աշխատավարձը, իսկ միջին աշխատավարձը մնացել էր նույնը: Ի վերջո քվեարկության արդյունքում, 17 հազար ձայնի առավելությամբ, նրանք քվեարկեցին այն բանի համար, որ վերադառնան աշխատանքի: Նրանք եկան համաձայնության իշխանությունների հետ` նվազագույն աշխատավարձը մնում է արդեն սահմանված մակարդակին, իսկ միջին աշխատավարձը չի բարձրանալու դեռ 4 տարի: Նորությունը լրացվեց վիճակագրական տվյալներով. բրիտանացիք աշխատավարձի 25%-ը ծախսում են սննդի վրա, 25%` խմիչքի և ծխախոտի, 10%` հարկերի և տուրքերի, 10%` հագուստի, մնացածը` վառելիքի և այլ սպառողական ապրանքների վրա:

ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կրկնակի եռանդով սկսեցին քննարկել նվազագույն աշխատավարձի բարձրացումը: Նախ կենսամակարդակն էր բարձրացել, հետո էլ ակտիվացել էին արհմիությունները: Նվազագույն աշխատավարձը նախ բարձրացրեցին մինչև $0,75, իսկ 1968թ-ին, Վիետնամի պատերազմի կիզակետին, մինչև $1,6: Նույն թվականին նվազագույն աշխատավարձի իրավունք ունեցող անձանց ցուցակում ընդգրկվեցին նաև մանրածախ առևտրի, հյուրանոցների և ռեստորանների աշխատակիցները: Իսկ 1974թ-ին նրանց միացան քաղծառայողները և տնային աշխատողները` ընդհանուր առմամբ 7 մլն մարդ: Նվազագույն աշխատավարձը բարձրացվեց մինչև $2,3 1978թ-ին և մինչև $3,35 1981թ-ին: 1989թ-ի օրենքը սահմանում էր հեռանկարային մակարդակ 1991թ-ի համար` $4,25, սակայն 16-19 տարեկան անձանց համար նախատեսում էր $3,62 մեկ ժամի համար:

Նվազագույն աշխատավարձի բարձրացման օգուտները և վնասները

Գոյություն ունի իրարից արմատապես տարբերվող երկու կարծիք նվազագույն աշխատավարձի վերաբերյալ: Առաջինի իմաստն այն է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը ստիպում է գործատուներին նվազեցնել աշխատողների քանակը, և դրանով նվազագույն աշխատավարձի աճը հանգեցնում է գործազրկության աճին:

Իսկ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Բյուքենենը նշել է.”Ոչ մի ֆիզիկոս չի համաձայնվի այն բանի հետ, որ ջուրը կարող է հոսել ոչ թե ներքև, այլ վերև, նմանապես էլ ոչ մի իրեն հարգող տնտեսագետ չի ասի, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը վնասում է զբաղվածությանը: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ ասի նման բան, նշանակում է, նա հերքում է, որ տնտեսագիտությունը ֆիզիկային հավասար գիտություն է, և ավելի լավ է, որ այդ մարդը աշխատի որպես ինչ-որ մեկի գաղափարական շահերը պաշտպանող փաստաբան”:

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը մշտական քննարկման առարկա է տնտեսագետների մոտ

Երկրորդ կարծիքն այն է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը ուղղակի մեծացնում է աշխատողների եկամուտները: Գործատուները չեն ազատի աշխատանքից աշխատողներին` կապված նվազագույն աշխատավարձի վճարման ծախսերի հետ, քանի որ նոր աշխատողներ փնտրել և վարձելը, հնարավոր է, որ ավելի մեծ ծախսերի հանգեցնի: Նվազագույն աշխատավարձ ստանում են դեռահասները, որոնք ամենևին չեն հանդիսանում աշխատանքի շուկայի կարևորագույն տարրը: Օրինակ, ԱՄՆ-ում նրանց բաժին է ընկնում երկրում աշխատած ժամերի ընդամենը 2%-ը:

Նվազագույն աշխատավարձի բարձրացման հակառակորդները պնդում են, որ այն արագացնում է գնաճը: Իսկ կողմակիցները ասում են, որ նվազագույն աշխատավարձ ստացողները չեն հանդիսանում ապրանքների և ծառայությունների հիմնական արտադրողներ:

Բացի դա, նվազագույն աշխատավարձի բարձրացման կողմնակիցները նշում են Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի փորձի մասին: Բրիտանիայում համազգային նվազագույն աշխատավարձ սահմանվել է 1999թ-ին: Եվ հատուկ անկախ կոմիտեն եկել է եզրակացության, որ գործազրկության աճ դա չի առաջացրել: Նույնն էլ Գերմանիայում, երբ 2015թ-ին սահմանվեց $10,3 մեկ ժամվա համար նվազագույն աշխատավարձ, ոչ մի լուրջ փոփոխություններ աշխատանքի շուկայում տեղի չունեցան:

Իրենց հերթին, բարձրացման հակառակորդները մատնանշում են Ֆրանսիան: Այնտեղ շատ բարձր նվազագույն աշխատավարձ է սահմանված` $11,3 մեկ ժամվա համար, և գործազրկության մակարդակն էլ շատ բարձր է – տնտեսապես ակտիվ բնակչության 10%-ը: Ինչին կողմնակիցները պատասխանում են, որ դրա պատճառը աշխատանքային օրենսդրության թերություններն են:

 

Ֆրանսիան աչքի է ընկնում շատ բարձր նվազագույն աշխատավարձով, գործազրկությամբ և քաղաքացիների սոցիալական ակտիվությամբ

Նվազագույն աշխատավարձի` աշխատանքի շուկայի վրա նշանակալի ազդեցություն ունենալու փաստարկ է հանդիսանում Դանիան: Երբ Դանիայի քաղաքացին դառնում է 18 տարեկան, նրա նվազագույն աշխատավարձը աճում է 40%-ով – մինչև $15: Եվ զբաղվածությունն էլ քաղաքացիների այդ կատեգորիայում անկում է ապրում մեկ երրորդով: Բանը նրանում է, որ գործատուները գերադասում են վարձել 17 տարեկանների, որոնց աշխատանքային հմտությունները նույնն են, ինչ 18 տարեկաններինը, սակայն նրանց կարելի է ավելի քիչ վարձատրել:

Արժույթի միջազգային հիմնադրամը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը երկար ժամանակ բարձրացող նվազագույն աշխատավարձը համարում էին վնասակար զբաղվածության համար` այն տրամաբանությամբ, որ գործատուները տնտեսելու են զբաղվածության վրա: Սակայն վերջին ժամանակներս, նաև հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի փորձերը, այդ կազմակերպությունները խորհուրդ են տալիս իրենց անդամ երկրներին կիրառել նվազագույն աշխատավարձ: Նշվում է, որ այն հանդիսանում է քաղաքացիների բարեկեցության բարձրացման միջոց և վկայում է աշխատանքի շուկայում հավասարակշռված քաղաքականության մասին: Այնուամենայնիվ, նվազագույն աշխատավարձը չպետք է չափից ավելի բարձր լինի, նշվում է նրանց կողմից:

Աղբյուր` Accountant.am

 

 

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ArmineMilena

Տեսնես՝ կգա՞ օր, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձ ստացող մարդը կարողանա բարվոք ապրել, արժանավայել ապրել, թեկուզ իր օրվա ծախսերը կարողանա նորմալ անել: