Ընկերությանը մատուցվել է ծառայություն

Արամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Ընկերությանը մատուցվել է ծառայություն 2011թ. հունվար ամսին, հարկային հաշվում մատակարարման ամսաթիվը նշված է 03.02.11թ, դուրս գրման ամսաթիվը նշված է 04.02.11թ և ծառայության համար հունվար ամսին վճարվել է կանխավճար:
Հարց.
1. Ո՞ր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է ներկայացնել այս ծառայության գումարը:
2. Ո՞ր ամսում պետք է հաշվանցվի ԱԱՀ-ի գումարը:
3. Ո՞ր ամսվա “Դուրս գրված և /կամ/ մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ” տեղեկանքում պետք է ներկայացվի:
4. Ո՞ր ամսվա ծախսերի մեջ պետք է ներառվի ծառայության գումարը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Միհրան

1. Միանշանակ հունվար ամսվա, քանի որ ԱԱՀ-ի առաջացման պահ է համարվում նաև մատակարարման ամսաթիվը
2. Հունվար ամսին
3. Հունվար ամսվա
4. Հունվար ամսվա, չնայած տարբերություն չկա այդ դեպքում, որովհետև շահութահարկի հաշվարկը ներկայացվում է տարեկան կտրվածքով:

Մուրադ

Նախ մատակարարման ամսաթիվը 03.02.2011թ. է, Արամ ջան, երկրորդն էլ հունվար ամսի մասին խոսք լինել չի կարող:

Արփինե

Արամ ջան, քանի որ տեղեկությունը հարկային հաշվի մասին ներկայացնելու ես 2-րդ ամսով, քանի որ հաշիվը, փաստորեն, թվագրված է 2 ամսով, ճիշտ կլինի, որ ԱԱՀ-ի հաշվարկդ էլ 2-ով լինի, քանի որ այդ երկու հաշվետվությունների գումարների համապատասխանություն պետք է լինի:

Տիգրան

Միանշանակ 2-րդ ամսով:

Սամվել

Արամ, միանշանակ հունվար ամսվա մասին խոսք գնալ չի կարող, քանի – որ հարկային հաշիվը դուրս է գրվել փետրվար ամսով: Հունվար ամսով պետք է ձևակերպվի որպես կանխավճար, իսկ ծախսերի ձևակերպումը կատարվում է այն ամսով, որ ամսով դուրս է գրվել հաշիվը:

Միհրան

Հարգելի գիտակներ, ինչ-որ բան շարադրելուց առաջ նախ կարդացեք օրենքը, հետո մեկնաբանություններ արեք, թե չէ քննարկումը դառնում է տհաճ:
Մեջբերում եմ ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքի 31 հոդվածը`
ԱԱՀ վճարողների կողմից հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման, ինչպես նաև դրա հետ կապված հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում այն պահը, երբ տեղի է ունեցել ներքոհիշյալ դեպքերից որևէ մեկը`

1) ապրանքները առաքվել կամ հանձնվել են գնորդներին կամ ծառայությունները մատուցվել են պատվիրատուներին.

2) սույն օրենքի 24 հոդվածում նշված կարգով ԱԱՀ վճարողների համար` ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով գնորդներից (պատվիրատուներից) ստացվել է հատուցում (հաշվի առնելով հատուցման չափը).

3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման օրը (այդ թվում` սույն օրենքի 24 հոդվածում նշված ԱԱՀ վճարողների համար):

Հետևություն` միանշանակ հունվար ամիսը:

Արտակ

Հարգելի գործընկերներ, անդրադառնանք հարցերին քայլ առ քայլ.

1. Հաշիվը պետք է ընդգրկել հունվար ամսվա ԱԱՀ հաշվարկում համաձայն ԱԱՀ մասին օրենքի 31 հոդվածի.

Հոդված 31. ԱԱՀ վճարողների կողմից հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման, ինչպես նաև դրա հետ կապված հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում այն պահը, երբ տեղի է ունեցել ներքոհիշյալ դեպքերից որևէ մեկը`
1) ապրանքները առաքվել կամ հանձնվել են գնորդներին կամ ծառայությունները մատուցվել են պատվիրատուներին.
2) սույն օրենքի 24 հոդվածում նշված կարգով ԱԱՀ վճարողների համար` ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով գնորդներից (պատվիրատուներից) ստացվել է հատուցում (հաշվի առնելով հատուցման չափը).
3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման օրը (այդ թվում` սույն օրենքի 24 հոդվածում նշված ԱԱՀ վճարողների համար):

2. ԱԱՀ հաշվանցումը պետք է կատարել փետրվար ամսում

3. Հաշիվը պետք է ընդգրկել փետրվար ամսվա տեղեկություններում համաձայն ՊԵԿ 03.04.2009թ թիվ 808-Ն հրամանի (տեղեկությունների լրացման հրահանգ )

6. Տեղեկանքում ներառվում են (բացառությամբ` սույն կարգով նախատեսված դեպքերի) այն հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, որոնք`
– փաստացի դուրս են գրվել տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,
– փաստացի ստացվել են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում:
7. Հարկային հաշվի դուրսգրման փաստացի ամսաթիվ է համարվում այն գնորդին (գնորդի լիազորված անձին) կամ փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող անձին հանձնելու ամսաթիվը, իսկ գնորդի կողմից հարկային հաշվի ստացման ամսաթվի կամ փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող անձին հանձնելու ամսաթվի բացակայության դեպքում` հարկային հաշվում նշված (հարկային հաշվի լրացման) ամսաթիվը: Գործարքի իրականացմանը հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում հարկային հաշվի դուրսգրումը հիմք չէ ԱԱՀ-ի պարտավորության առաջացման պահը հարկային հաշվի դուրսգրման հաշվետու ժամանակաշրջան տեղափոխելու համար:
Գործարքի իրականացման ամսաթիվն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանը հարկային հաշվի դուրսգրման կամ դրա վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հաշվետու ժամանակաշրջանից տարբերվելու դեպքում տեղեկանքի «նշում» տողում լրացվում է գործարքի իրականացման ամսաթիվն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանը:

4. Ծառայության գումարը պետք է ներառվի հունվար ամսվա ծախսերի մեջ համաձայն շահութահարկի մասին օրենքի 32 հոդվածի 4-րդ կետի

Հոդված 32. Համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումների իրականացումը

4. Հարկատուի գործունեության հետ կապված վարչական ծախսերի (կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովություն, գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումներ, գործուղումներ, նյութական և տրանսպորտային սպասարկում, կառավարման տեխնիկական միջոցների և վարչական նշանակության հիմնական միջոցների պահպանում և շահագործում, ներկայացուցչական, դատական, աուդիտորական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, կադրերի պատրաստում և վերապատրաստում և այլն), արտադրանքի և ծառայությունների իրացման հետ կապված ծախսերի (փաթեթավորում, պահպանում, բեռնում, տեղափոխում, ուղեկցում, գովազդ, մարքեթինգ և այլն) և ոչ արտադրական այլ ծախսերի (գյուտարարական և ռացիոնալիզատորական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքներ և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են:

Արամ

Շատ շնորհակալություն հանգամանալից քննարկման համար:

Հերմինե

Հարգելի Արտակ, իսկ ե՞րբ է համարվում ծառայությունը մատուցված, կասե՞ք: