Գրանցման հայտ

գրանցման հայտ

Ի՞նչ է գրանցման հայտը և ե՞րբ է այն ներկայացվում

Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու և ազատելու, քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու և պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու կամ պայմանագիրը լուծելու, վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու, գրանցման հայտում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած վարձու աշխատողի կողմից սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմում ներկայացնելու դեպքերում գործատուն ներկայացնում է գրանցման հայտ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում:

Գրանցման հայտ է ներկայացվում նաև վերակազմակերպմամբ (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում) պայմանավորված՝ օրենքով սահմանված կարգով իրավանախորդ և իրավահաջորդ ճանաչված գործատուների կողմից՝ վարձու աշխատողների տեղափոխման դեպքում:

Գրանցման հայտ ներկայացնելու ժամկետները

Գործատուները գրանցման հայտերը լիազոր մարմին են ներկայացնում մինչև վերոնշյալ հանգամանքներն առաջանալու ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը: Նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելու (աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու) դեպքում գրանցման հայտը ներկայացվում է ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն: Իսկ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը:

Գրանցման հայտ ձևավորելու և ներկայացնելու կարգը

Գրանցման հայտ ձևավորելու և ներկայացնելու համար գործատուն հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման համակարգում ընտրում է համապատասխան բաժինը, գրանցման հայտի ձևը (N 79. Գրանցման հայտ ` Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների) և հարկային մարմնի սահմանած կարգով լրացնում է անհրաժեշտ տվյալները:

Գրանցման հայտը լրացնելուց հետո գործատուն համապատասխան ստեղնի միջոցով ձևավորում է գրանցման հայտը: Համակարգը գրանցման հայտում նշված աշխատողների անհատական տվյալները համեմատում է տեղեկատվական բազայում առկա և պետական կառավարման մարմիններից ստացված տեղեկատվության հետ: Գրանցման հայտում անճշտությունների առկայության դեպքում համակարգը մերժում է գրանցման հայտը ձևավորելը՝ մերժման պատճառների մասին ծանուցելով գործատուին: Գրանցման հայտում անճշտությունների բացակայության դեպքում համակարգը ձևավորում է համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ, որի վրա դրվում է հարկային մարմնի էլեկտրոնային ստորագրությունը՝ գրանցման հայտին հատկացնելով եզակի համար: Գործատուն, համակարգից ներբեռնում է էլեկտրոնային փաստաթուղթը, փաստաթղթի վրա դնում է իր էլեկտրոնային ստորագրությունը և էլեկտրոնային փաստաթուղթը հետ է բեռնում համակարգ: Համակարգն ստուգում է ներկայացված փաստաթղթի և նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունների վավերականությունը և ընդունում է գրանցման հայտը կամ մերժում է գրանցման հայտն ընդունելը:

Համակարգը գրանցման հայտն ընդունելը մերժում է, եթե ներկայացված փաստաթղթի կամ նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունները վավերական չեն՝ մերժման պատճառների մասին ծանուցելով գործատուին:

Գրանցման հայտն ընդունելու դեպքում համակարգն ինքնաշխատ եղանակով փաստաթղթին հատկացնում է հարկային մարմնում փաստաթղթի հաշվառման համար, և դրա մասին էլեկտրոնային ծանուցումն արտացոլվում է հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժնում: Համակարգը հնարավորություն է տալիս էլեկտրոնային ստացականն անմիջապես ներբեռնել և տպել:

Գրանցման հայտ չներկայացնելու հետևանքները

Աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր չձևակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու դեպքում գործատուից գանձվում է տուգանք՝ յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար 250 000 դրամի չափով: Գրանցման հայտ չներկայացնելու համար սահմանված տուգանքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերվել է փաստացի աշխատանք կատարող, որի համար գրանցման հայտը չի ներկայացվել մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն:

Եվ վերջում հիշեցում.

Աշխատողին հարկային մարմնում գրանցելը անհրաժեշտ է նաև աշխատողին, քանի որ վերջինիս համար հաշվարկվում է աշխատանքային ստաժ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները

[…] Հարգելիներս, կարո՞ղ եք ասել գրանցման հայտի վերաբերյալ՝ եթե աշխատողը ընդունված է աշխատանքի 1 դրույք, և ներակայացվել է գրանցման հայտ, և նրա վրա հետագայում դրվում է այլ աշխատանք կամ հավելում 25-50 տոկոսի չափով, կա հրաման, պե՞տք է արդյոք այդ հավելումի կամ աշխատավարձի համար ներկայացնել գրանցման հայտ։ […]