Արփինե.
Հարգելի հաշվապահներ,
մի քանի օր առաջ գրանցել եմ ԱՁ, գործունեությունը՝ ապրանքների ներմուծում և վաճառք, հայտարարություն եմ տվել շրջհարկով հարկվելու համար, ունեմ լիազորագրի մուտքանուն և գաղտնաբառ, սակայն չկարողացա մուտք գործել։
Խնդրում եմ ուղղորդել հետագա գործողություններ համար: Արդյոք պարտադի՞ր է բանկային հաշիվ ունենալը, որտե՞ղ է արտացոլվելու շրջանառությունս՝ բանկային քաղվածքներո՞վ, թե՞ այլ տարբերակներ կան, ինչպե՞ս եմ կատարելու ներմուծած ապրանքի (կոշիկ) մաքսազերծումը, ի՞նչ չափով եմ հարկվելու, և խանութների հետ ապրանքի դիմաց վճարները կարո՞ղ են կանխիկ լինել, թե՞ միայն հաշիվ-ապրանքագրով։ Ունեմ հաշվապահության մինիմալ գիտելիքներ, կցանկանայի ինքս վարել այն։
Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Արփինե, Ձեր կողմից իրացված ապրանքի շրջանառությունը արտացոլվելու է հաշիվ-վավերագրերում, եթե վաճառքը իրականացվելու է իրավաբանական անձերին (Ա/Ձ, ՍՊԸ, Հիմնադրամներ և այլն), և եթե հաշվի գումարը գերազանցում է 300 000 դրամը, ապա վճարումը պարտադիր պետք է կատարվի անկանխիկ, այսինքն՝ տվյալ գործարքների համար պետք է ունենաք հաշվարկային հաշիվ բանկում, իսկ եթե գումարը չի գերազանցում 300 000 դրամը, ապա կարող եք տրամադրել իրավաբանական անձին ՀԴՄ կտրոն և ներկայացնել հաշիվ-վավերագիր, որում պարտադիր պետք է նշեք տրամադրված ՀԴՄ կտրոնի հերթական համարը (ՀԴՄ կտրոնի վրա կա հերթական համար): Եթե վաճառքը իրականացվելու է նաև խանութի միջոցով (մանրածախ առևտուր), ապա պարտադիր պետք է ձեռք բերեք ՀԴՄ, որով կիրականացնեք կանխիկ վաճառք ոչ իրավաբանական անձերին (քաղաքացիներին) ՀԴՄ կտրոնով:
Հարկերի վերաբերյալ նշեմ, որ պետք է Հարկային մարմին ներկայացնեք շրջանառության հարկի վերաբերյալ եռամսյակային հաշվարկ: Օրինակ հիմա՝ մինչև հուլիսի 20-ը, պետք է ներկայացնեք շրջհարկի հաշվարկ 2-րդ եռամսյակի համար, որտեղ առևտրի բաժնում պետք է լրացնեք 2-րդ եռամսյակի ընթացքում իրացված ապրանքների շրջանառությունը, որի նկատմամբ հաշվարկվում է 5 % շրջհարկ, ստացված գումարից նվազեցվում է տվյալ հաշվետու եռամսյակի ընթացքում ձեռքբերված ապրանքների գումարի 4 % կազմող գումարը: Բայց պետք է ապահովվի շրջանառության գումարի 1.5 %-ը:
Ներմուծված ապրանքի մաքսազերծումը կատարվում է մաքսատանը մաքսային մարմինների կողմից՝ կիրառելով մաքսատուրք և Ավելացված արժեքի հարկ՝ ապրանքի մաքսային արժեքի նկատմամբ:
Ինչ վերաբերվում է taxservice կամ e-Invoicing մուտք գործելուն, ապա ուշադիր լրացրեք օգտվողի անունը, գաղտնաբառը, ՀՎՀՀ-ն կամ պատկերված անվտանգության կոդը: