Հերմինե.
Բարև ձեզ: Եթե աշխատողն օգտագործել է իրեն հասնող բոլոր արձակուրդները (վճարվող և չվճարվող արձակուրդները), այսինքն՝ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսվող 60 օրը, ու լրացել է սահմանված ժամկետը, ու պետք է գա աշխատանքի, բայց իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողանում վերադառնալ աշխատանքի՝ ելնելով կարանտինային վիճակից: Նման պարագայում աշխատանքի գալը հնարավոր չի, քանի որ փաստացի աշխատանքի կարիքը չկա… իսկ կա նաև այլ դեպք, նա ուզում է գալ աշխատանքի, բայց լինելով այլ երկրում՝ չի կարողանում վերադառնալ, տվյալ երկիրը սահմանները փակել է: Տվյալ դեպքում գործատուն պե՞տք է ազատի աշխատանքից, թե՞ որևէ այլ լուծում կա:
Գործատուի հետ համաձայնեցման հարց է, կարող է գործատուն հիմք ընդունի Ձեր պատճառաբանությունը և աշխատավարձ չհաշվելով՝ ուղղակի պահի Ձեզ, կարող է և ազատել աշխատանքից։
Հաշվի առնելով երկրում, աշխարհում արտակարգ դրության իրավիճակը՝ կարծում եմ՝ հնարավոր է աշխատակիցների աշխատատեղը պահպանել: Քանի որ ասացիք՝ չկա աշխատանք, բայց աշխատակիցը պատրաստ է գալ աշխատանքի, ապա ձևակերպեք հարկադիր պարապուրդ:
Աշխատանքից ազատել չեք կարող, սակայն կարող եք չվարձատրել, մինչև պայմանները նպաստեն աշխատակցի վերադառնալուն, նա չի կարողանում վերադառնալ իր կամքից անկախ պատճառներով:
Իմ կարծիքով՝ այստեղ գործում է ֆորս մաժորային իրավիճակը: Գործատուն կարող է չվճարել աշխատակցին և չազատել աշխատանքից մինչև ֆորս մաժորային իրավիճակի ավարտը, այսինքն՝ դադարեցվում են պայմանագրով սահմանված կողմերի իրավունքներն և պարտականություններն մինչև ֆորս մաժորային իրավիճակի ավարտը: