Արդյո՞ք օրինական է գիշերային ժամերի համար չվճարելը

Արման․

Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել․ 24 ժամյա հերթափոխից հետո երկօրյա հանգիստ ռեժիմով աշխատանքի պայմաններում պահպանվու՞մ է արդյոք օրենքով սահմանված ամսվա, կամ շաբաթվա առավելագույն աշխատաժամանակի սահմանը, և արդյո՞ք օրինական է գիշերային ժամերի համար չվճարելը: Իրավիճակն այս է` նոր գործատուն աշխատավարձը կրճատել է մինիմումի հասցնելով, 70 000 դրամ, հերթափոխերի միջև նախկին եռօրյա հանգիստն այժմ երկօրյա է, տոնական օրերի համար նախկինում վճարում էին կրկնակի, այժմ չեն վճարելու, իսկ գիշերային ժամերի համար նախկինում ժամավճարի 90 տոկոսն այլևվս նույնպես չի վճարվելու: Խնդրում եմ հարցերիս պարզաբանումը տալ օրենքին անտեղյակ մարդուն հասկանալի կերպով: Ի՞նչ կերպ են հաշվարկվում հերթափոխային ժամաքանակները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն՝
1. Արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները:
2. Աշխատանքի էական պայմաններ են աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային պայմանագրի տեսակը, որոնց և (կամ) գործատուի փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) հիմնական աշխատավարձի չափի և (կամ) հավելումների, հավելավճարների բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են.
2) օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:
3. Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում, որի մասին գործատուն գրավոր ձևով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մինչև նոր պայմանների ուժի մեջ մտնելը:
4. Աշխատողը չի կարող տեղափոխվել այնպիսի աշխատանքի, որն առողջական վիճակի բերումով նրան հակացուցված է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացությամբ:
5. Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:
Այսօրվա պայմաններում 4-րդ ու 5-րդ կետերը չեն կարող գործել: Ըստ 142-րդ հոդվածի 3-րդ մասի՝
3. Աշխատողները պարտավոր են աշխատել սահմանված աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցներին համապատասխան: Կազմակերպության աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին գործատուն պարտավոր է աշխատողին պատշաճ ծանուցել ոչ ուշ, քան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց մեկ շաբաթ առաջ: Գործատուն պարտավոր է ապահովել աշխատողների աշխատանքների կատարման հերթափոխության համաչափությունը:
Ըստ 155-րդ հոդվածի՝
2. Այն կազմակերպություններում, որտեղ, բնակչությանը սպասարկելու (քաղաքային տրանսպորտի, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, թատրոն, թանգարան, հանրային սնունդ և այլն) անհրաժեշտությամբ պայմանավորված, ընդհանուր հանգստյան օրն անհնար է դադարեցնել աշխատանքը, հանգստյան օրը սահմանում է գործատուն:
3. Այն կազմակերպություններում, որոնցում աշխատանքների դադարեցումը հնարավոր չէ` կապված արտադրության տեխնիկական պայմանների կամ բնակչության մշտական անընդհատ սպասարկման անհրաժեշտության հետ, ինչպես նաև չընդհատվող ռեժիմով աշխատող այլ կազմակերպություններում հանգստյան օրերը հատկացվում են շաբաթվա այլ օրերին` աշխատանքի ժամանակացույցով յուրաքանչյուր խմբի աշխատողների համար սահմանված հերթականությամբ: Այդ ժամանակացույցները կազմվում և հաստատվում են սույն օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում աշխատողներին հանգստյան օրերը հատկացվում են աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցին համապատասխան:
5. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից: Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում տրամադրվող երկու հանգստյան օրերը պետք է հաջորդեն իրար:
Ավելացնեմ, որ մինիմալ առձեռն ստանալիք աշխատավարձը այս տարի 68 000 դրամ է կամ հաշվարկային 92 618 դրամ, գիշերային աշխատանքի համար հավելումը յուրաքանչյուր ժամի համար՝ ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Պետք է ասեք՝ ժամավճարի չափը ինչ կարգով են սահմանել կամ ինչքան: Եթե ասեք՝ ինչ բնագավառ է, քանի աշխատող ունի, ապա ավելի հստակ կարելի է էլի որոշ տարրերի մասին ասել կամ ավելի հստակ: