Արմեն․
Բարև Ձեզ։ Հարցս կապված է շահաբաժնի հետ։ Ունեմ ՍՊԸ, հանդիսանում եմ նաև տնօրեն։ Չունեմ աշխատող, այսինքն աշխատում եմ միայնակ։ Արդյո՞ք պետք է հայտարարվի շահաբաժին։ Կարո՞ղ եմ առանց շահաբաժին վճարելու տնօրինել ՍՊԸ-ին փոխանցված գումարները որպես ֆիզ. անձ։
ՍՊԸ-ին փոխանցված գումարները որպես ֆիզ. անձ տնօրինելը դա արդեն խախտում է, հաշվի առեք հետևյալը՝ Դուք տնօրեն եք ձևակերպված՝ կառավարիչ, ստանում եք աշխատավարձ և դրան համապատասխան պահումներ կատարում: Եթե ՍՊԸ-ն գործունեության արդյունքներով ստանում է շահույթ, ապա կախված նրանից՝ շահութահարկ է վճարում, թե շրջ. հարկ, դրանից հետո մնացած գումարը կամ պետք է հիմնադրի որոշմամբ՝ միակ հիմնադրի դեպքում, ավելացվի կապիտալին կամ չբաշխված շահույթին, կամ եթե շահաբաժին եք ուզում ստանալ, ապա հիմնադրի որոշմամբ լրիվ կամ մասնակի կարող եք ստանալ շահաբաժին՝ վճարելով եկամտային հարկ: Ամեն դեպքում ձևակերպումների կարգը պետք է պահպանել:
Հաշվի առեք նաև՝ ՍՊԸ-ների մասին օրենքով՝ եթե շահաբաժինը հայտարարագրեցիք, մեկ տարվա ընթացքում պետք է վճարեք: Կետանցից հետո այն կդիտվի որպես ժամկետանց կրեդիտորական պարտք:
Իսկ ինչ վերաբերում է «Կարո՞ղ եմ առանց շահաբաժին վճարելու տնօրինել ՍՊԸ-ին փոխանցված գումարները որպես ֆիզ. անձ», Դուք Ձեզ համար հստակ պետք է տարբերեք ֆիրման իր եկամուտներով ու ծախսերով Ձեր՝ որպես ֆիզիկական անձ, եկամուտներից ու ծախսերից:
Կարող եք ձևակերպել որպես կազմակերպության կողմից Ձեզ տրամադրված փոխառություն, որը, սակայն, ինչ-որ ժամկետ պետք է ունենա և վերադարձման ենթակա է կազմակերպությանը: