Գևորգ.
Հարգելի գործընկեր, հարցը կայանում է նրանում, որ աշխատողը ընդունվել է աշխատանքի 2008 թվականին և առ 2015թ. ներառյալ չի օգտվել ամենամյա արձակուրդից: 2016թ. օգտվել է ամենամյա արձակուրդից: Արդյո՞ք ընկերությունը պարտավոր է 2008-2015թթ.-ի չօգտագործված բոլոր արձակուրդների համար վճարել աշխատողին և համաձայն Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի:
Հոդված 168. Չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս
Աշխատանքից ազատվելիս (բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերով եւ 123-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերի) չօգտագործված ամենամյա արձակուրդը աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:
Հոդված 170. Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը
1. Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետեւանքով աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:
2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս՝ անկախ դրա գործողության ժամկետից: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Հարգելի Գևորգ, գործատուն պարտավոր է վճարել չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Ձեր հարցի պատասխանը կգտնեք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածում: