Արսեն.
Ֆիզիկական անձի անունով 180 օրվա մեջ երկրորդ անգամ եկել է ծանրոց, որն էլ ենթակա է մաքսազերծման: Մարմնի կրեմները գնված են օնլայն խանութից, և հաշիվ ֆակտուրայում արժեքը նշված է 35 դոլար, ուղարկվել է Հայաստան ԱՄՆ-ից: Մաքսատանը մաքսազերծման համար պահանջվում է 41 000 դրամ կամ ավելի (ինչպես նշվեց բրոկերի կողմից): Ծանրոցի քաշը 3,3 կգ է, ապրանքի զուտ քաշը՝ 2 կգ: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս է ձևավորվում և հաշվարկվում մաքսային արժեք, որ 15 000 դրամ արժողությամբ ապրանքի համար պետք է վճարվի եռապատիկի չափով մաքսավճար: Արդյո՞ք բեռնափոխադրման արժեքը ներառվում է մաքսավճարի մեջ: Բայց չէ՞ որ այդ գումարը վճարվել է սուրհանդակային ծառայությանը ուղարկող երկրում:
Հարգելի Արսեն, համաձայն ՀՀ Մաքսային օրենսգրքի հոդված 105-ի՝ ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը՝ 150 հազ. դրամը:
Սակայն նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն «նույն անձը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արտոնությունից 180 օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծվող սահմանամերձ առևտրի շուկաների, երբ նույն անձը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունից մեկ ամսվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ»:
Մաքսային արժեքի որոշման առանձնահատկություններին ծանոթանալու համար կարող եք կարդալ Մաքսային օրենսգրքի 4-րդ բաժինը (հոդված 74 – 96):
Այսինքն՝ ներմուծված ապրանքը պետք է հարկվի նաև ԱԱՀ-ո՞վ:
Այո, իհարկե: